Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Պատժամիջոցները ՀՀ Կարմիր Գիծն Են Եւ Այդ Շատ Յստակ Կ’ըսենք Ռուսիոյ․ Փաշինեան

Պատժամիջոցները ՀՀ Կարմիր Գիծն Են Եւ Այդ Շատ Յստակ Կ’ըսենք Ռուսիոյ․ Փաշինեան

by MassisPost

Ուքրանիոյ իրադարձութիւններէն յետոյ բեռնափոխադրումներու լոկիսթիք շղթաները պատռուած են կամ չեն գործեր: Շատ ապրանքներ, որոնք ուղղակիօրէն կը մատակարարուէին Ռուսիա, այժմ այնտեղ կ’երթան Հայաստանի, Ղազախիստանի եւ այլ երկիրներու միջոցով:  Չեխական «Respekt» ամսագրին տուած հարցազրոյցին այս մասին ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան` անդրադառնալով Ռուսիոյ դէմ կիրառուած պատժամիջոցներու հարցին` Հայաստանէն Ռուսիա արտահանման աճի առումով:

«Օրինակ` խմիչքները, որոնք ենթակայ չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչեւ 2022 թուականի Փետրուարը նրանք գնում էին Լեհաստանով ու Պելառուսիայով, հիմա գնում են Հայաստանով: Խօսքը միայն երթուղիների փոփոխութեան մասին չէ, եւրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարւում է ուղղակիօրէն համագործակցել ռուսական շուկայի հետ: Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան: Այսպիսով, ստեղծուեցին բոլորովին նոր լոկիսթիք երթուղիներ, այդ թւում` նաեւ Հայաստանի տարածքով: Բայց պատժամիջոցի տակ գտնուող ապրանքների մասով փորձում ենք հնարաւորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ նոյնիսկ հէնց Ռուսաստանի հետ: Մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ եւ հայկական առեւտուրը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծուել են վերջին շրջանում:

Այնտեղ, որտեղ ազատ տեղ կայ, մենք ուրախութեամբ բաւարարում ենք ռուսական պահանջարկը: Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են: Եւ մենք դա շատ յստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թոյլ տալ ինքներս յայտնուել պատժամիջոցների տակ: Այստեղ ոչ մի գաղտնիք չկայ», նշած է Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment