Ատրպէյճանական մարտական դիրքերէն տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախաւոր եւ կրակ բացած են Մարտունիի շրջանի Մաճկալաշէն համայնքի խաղողայգիներուն մէջ էտման աշխատանքներ իրականացնող խումբ մը քաղաքացիներու ուղղութեամբ: Այս մասին տեղեկացուցած է Արցախի Հանրապետութեան Ներքին Գործերու նախարարութիւնը, որուն յայտարարութեան մէջ նաեւ կը նշուի, որ տուժողներ չեն եղած, սակայն գիւղատնտեսական աշխատանքները դադրեցուած են:
«Ատրպէյճանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, միւս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղութեամբ:
Ատրպէյճանի Պաշտպանութեան Նախարարութիւնը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատուութիւնը, թէ իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայպալիշէն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով:
Այս թեզն առաջ տանելով` ատրպէյճանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրութեանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ իրականացնելու համար:
ՆԳ նախարարութիւնը հարկ է համարում եւս մէկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով` ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ իրականացւում է քաղաքացիական անձանց տեղաշարժ եւ մարդասիրական բեռների փոխադրում: Հաշուի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը` երթեւեկութիւնը կազմակերպւում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ատրպէյճանական կողմը ներկայացնում է իբրեւ ռազմական նշանակութեան փոխադրումներ իրականացնող մեքենաներ:
Մինչ Ատրպէյճանը կեղծ լոյսի տակ մեղադրում է հայկական կողմին զէնք-զինամթերք տեղափոխելու համար, Մարտի 23-ին եւ Մարտի 24-ի առաւօտեան, ատրպէյճանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախաւորել եւ կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշէն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղութեամբ», նշուած է հաղորդագրութեան մէջ: