Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան Տօներու Առթիւ Շնորհաւորական Ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան Տօներու Առթիւ Շնորհաւորական Ուղերձը

«Հայաստանի Հանրապետութիւնը Հասցնելու Ենք Խաղաղ Նաւահանգիստ»

by MassisPost

«Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցնէր,

Ահա անցնում է 2022 թուականը եւ րոպեներ անց 2023 թուականը կթակի մեր դուռը` մեզնից իւրաքանչիւրի եւ մեր երկրի կեանքում բացելով մի նոր ժամանակ:

Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական եւ հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք յոյս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները եւ տեսնել մեր երազանքները` իրականացուած:

Ամանորի մասին այս մանկական պատկերացումը մեծ հաշուով մարդուն ուղեկցում է ողջ կեանքում, մինչեւ այն կէտը, երբ մարդը հասկանում է, որ երազանքն այլ կերպ` կարելի է անուանել ռազմավարութիւն, իսկ երազանքի կատարումը` միջոցառումների ծրագիր, մի անելիք, որ քոնն է բացառապէս, եւ այդ երազանքի իրագործման ճանապարհին պիտի յոյս դնես ինքդ քեզ վրայ, միայն ինքդ քեզ վրայ, եւ ուրեմն` երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրէտ, չափազանց կոնկրէտ, չափելի եւ իրագործելի:

Սա է թերեւս նկատի ունեցել մեր մեծը, Եղիշէ Չարենցը` «երկիր Նաիրիէ վէպը գրելիս, որը քիչ կարդացուած եւ քիչ հասկացուած ուղերձ է մեզանում, եւ մենք այսօր, թերեւս կրում ենք այն քիչ կարդալու եւ առաւել եւս քիչ հասկանալու ծանր հետեւանքները: Աւելի քիչ ընկալուած է հայոց մտքի ու հոգու գագաթի` Յովհաննէս Թումանեանի հանրային գործունէութիւնը, ինչի մոռացումը ձեւախեղել է ազգային ու պետական շահի մեր պատկերացումը:

2023 թուականն ուզում եմ յայտարարել Չարենցի եւ Թումանեանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպէս պետութեան կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարութիւն, որպէս ինքներս մեզ հետ հաշտուելու դեղատոմս, որպէս մեր երազանքները որպէս ռազմավարութիւն ձեւակերպելու եւ ռազմավարութիւնը որպէս երազանք ընկալելու միջոց: Որպէս գործիք` հասկանալու, թէ ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետեւեալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ եւ ապահով պետութիւն ունենալու համար, կոնկրէտ` պետութիւն: Մենք բիբլիական ելքի մէջ ենք եւ քայլում ենք անապատի միջով` Երկիր Նաիրիից մղուելով դէպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրէտ ձեւ ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետութիւն: Սա ծանր եւ վտանգաւոր, բայց եւ անխուսափելի ճամփորդութիւն է` յանուն փրկութեան, յանուն հանրապետութեան, յանուն պետականութեան:

Ինքնիշխան, ուժեղ եւ ապահով պետութիւն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձեւը մէկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր յարաբերութիւնների որակը մեր տարածաշրջանում, նախեւառաջ` մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական եւ սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ յաճախ սպառնում են, շատ յաճախ խոցում եւ շատ յաճախ սպանում:

Բայց այսօրուայ խօսակցութիւնը մեր սեփական եւ ոչ թէ ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձեւը մէկն է` սիրել հայրենիքն ըստ Չարենցի եւ ըստ Թումանեանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետութիւնը սիրել որպէս հայրենիք, եւ դա դնել բոլոր գործողութիւնների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարութիւնների հիմքում:

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցնէր,

2022 թուականը ծանր մարտահրաւէրների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մէջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քոյրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի եւ հնարաւոր լուծումների մասին արդէն բազմիցս խօսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մէջ յայտնուած մեր քոյրերին ու եղբայրներին եւ նրանց ասել, որ տարածաշրջանում յարաբերութիւնների որակ փոխելու ասելիքի կարեւոր հասցէատէրն են իրենք, եւ սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար:

Հայաստանի ինքնիշխան տարածքի դէմ 2021 թուականի մայիսից 2022 թուականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցաւոտ էր, որովհետեւ անվտանգութեան ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ` նախընտրելով մնալ պասիւ դիտորդի կարգավիճակում կամ որպէս այլընտրանք առաջարկելով ակտիւ դիտորդի կարգավիճակը:

Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, եւ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այն երկրներին եւ միջազգային կազմակերպութիւններին, ովքեր անտարբեր չգտնուեցին այս իրավիճակի նկատմամբ եւ մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտաւորութիւն, գնացին աննախադէպ որոշումների` աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգութեան ու կայունութեան հաստատմանը:

Եւ ամենակարեւորը` ես այսօր ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների, նրանց ծնողների եւ ընտանիքների անդամների առաջ, նրանց երեխաների առաջ, եւ իմ ուղերձն առաջին հերթին նուիրուած է նրանց, որ Հայաստանի Հանրապետութեան ապագայի ամենաուժեղ սիմուոլն են, որովհետեւ նրանք զոհուել են, որ Հայաստանն ապրի, նրանք ընկել են, որ Հայաստանը յառնի:

Այս է պատճառը, հէնց այս է պատճառը, որ համաշխարհային եւ տարածաշրջանային փոթորիկներին, անվտանգային նորանոր մարտահրաւէրներին մեր պատասխանն ասիմետրիկ է: Որքան ահագնանում են մարտահրաւէրները, մենք այնքան կենտրոնանում ենք ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, զարգացման օրակարգի վրայ, որովհետեւ այդ ճանապարհն է միայն, որ մեծացնելու է մեր այսօրուայ դիմակայունութիւնը եւ ապահովելու վաղուայ բարգաւաճումը:

Այս իմաստով 2022 թուականը բացառիկ ձեռքբերումների տարի էր: Հայաստանը յայտնուեց տնտեսական ազատութեան համաշխարհային վարկանիշի 11-րդ հորիզոնականում` ներդրումային եւ տնտեսական ազատութեան առաջատար երկրի միջազգային ճանաչում ստանալով: Սա տեղի ունեցաւ այն բանի արդիւնքում, որ ի հեճուկս բոլոր դժուարութիւնների` կառավարութիւնը հաւատարիմ է մնացել համակարգային բարեփոխումներ իրականացնելու գործելակերպին:

Որպէս արդիւնք մենք տարին փակում ենք տնտեսական երկնիշ աճով, որը գլոբալ ճգնաժամային տարում բացառիկ է համաշխարհային մակարդակով եւ ինչպէս 2019 թուականին` կը բարձրացնի Հայաստանի Հանրապետութեան միջազգային տեսանելիութիւնը:

Հայաստանում գրանցուած աշխատատեղերը հատեցին 700 հազար թիւը. կրկին մի աննախադէպ արդիւնք Երրորդ հանրապետութեան պատմութեան մէջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2018 թուականի Ժողովրդական, թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան յաղթանակից ի վեր Հայաստանում ստեղծուել է շուրջ 153 հազար նոր աշխատատեղ: Կարեւոր է արձանագրել, որ նախորդ տարուայ նոյեմբերի համեմատոցթեամբ, այս տարուայ նոյեմբերին մէկ աշխատողի միջին աշխատավարձն աճել է շուրջ 45 հազար դրամով կամ 20 տոկոսով, ինչը նշանակում է, որ մտավախութիւնները, թէ գլոբալ գնաճի պայմաններում Հայաստանը կը կանգնի սոցիալական ճգնաժամի առաջ, չեն իրականացել:

Ընդհակառակը` Հայաստանի Հանրապետութիւնում շինարարական բում է, բնակարանաշինարարութեան բում: Տասնեակ հազարաւոր ընտանիքներ նորակառոյց շէնքերում բնակարան են ձեռք բերում այդ թւում` կառավարութեան աջակցութեամբ: 2022 թուականին մենք բնակարան ձեռք բերող ընտանիքներին 36.5 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով, նախորդ տարուայ 22.7 միլիարդ դրամին ի հաւելում:

Բացի սրանից` հազարաւոր երիտասարդ ընտանիքներ հիպոթեկային վարկի աջակցութեան ծրագրերից են օգտուել երեխայի ծննդեան դէպքում. 2022 թուականին այս ծրագրով աջակցութեան ծաւալը հասել է 2.1 միլիարդ դրամի: Աւելի քան 10 հազար երրորդ եւ իւրաքանչիւր յաջորդ երեխայ ամսական 50 հազար դրամի աջակցութիւն է ստանում պետութիւնից, աւելի քան 10 հազար երեխայ:

Պիտի ընդգծեմ 300 դպրոց եւ 500 մանկապարտէզ կառուցելու մեր ծրագիրը, որը մեկնարկել է եւ թափ է ստանում: 2022 թուականի ընթացքում մենք արդէն շահագործման յանձնեցինք հիմնանորոգուած, վերակառուցուած կամ նորակառոյց 24 դպրոց եւ 46 մանկապարտէզ: Հարիւրաւոր նոր դպրոցների եւ մանկապարտէզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագրերն ընթացքի մէջ են: Սա անբաժանելի մասն է երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք ունեն ոչ միայն կրթական, կառավարչական, անվտանգային, այլեւ խորը պատմական եւ սոցիալ-հոգեբանական ենթատեքստ:

Կարեւոր են այն լայնածաւալ բարեփոխումները, որ իրականացնում ենք ոստիկանութեան համակարգում, որի ամենատեսանելի արդիւնքը նոր չափանիշներով Պարեկային ոստիկանութեան ներդրումն է Հայաստանում:

Առանցքային նշանակութիւն ունեն այն խորը եւ համապարփակ բարեփոխումները, որոնք մեկնարկել են բանակում: Գրագէտ, հայրենասէր, ժամանակակից պահանջներին ու պայմաններին համապատասխանող պրոֆէսիոնալ զինուորի եւ սպայի վրայ հիմնուած բանակի ձեւաւորումն է մեկնարկել, որը պիտի զուգորդուի զինուորական աշխատավարձերի առնուազն կրկնապատկումով, զինուորականների եւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգով, նոր սպառազինութեամբ ու տեխնիկայով: Բայց նման բանակը մեզ պատերազմի համար չէ հարկաւոր, այլ խաղաղութեան, մեր ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու համար: Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրայ եւ ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրայ աչք չդնի եւ այս բանաձեւով պատրաստ ենք գնալ խաղաղութեան:

Կարեւոր եմ համարում նաեւ այն մասշտաբային միջոցառումները, որ 2022 թուականին մենք անցկացրեցինք Հայաստանում. բռնցքամարտի Եւրոպայի առաջնութիւն, Մանկական եւրատեսիլ, Ստարմուս միջազգային փառատօն, Կենսաբանութեան դպրոցականների համաշխարհային օլիմպիադայ: Սրանք միջոցառումներ են, որոնց անցկացումով մենք նորովի ենք երեւում աշխարհին, եւ աշխարհը նորովի է ճանաչում Հայաստանը:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետութեան իմ հարազատ քաղաքացիներ,

Այս ամէնն իրագործում ենք առաջին հերթին պետական բիւջէի հարկային եկամուտների աննախադէպ աճի շնորհիւ: 2022 թուականի պետական բիւջէի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ, որը 2018 թուականի նոյն ցուցանիշից աւելի է 670 միլիարդ դրամով, կամ 53 տոկոսով, կամ մէկուկէս միլիարդ դոլարով: Բայց այս ցուցանիշն առաջին հերթին աշխատող, բարիք ստեղծող մարդկանց շնորհիւ է, Հայաստանի Հանրապետութեան հարկ վճարող տնտեսվարողների, եւ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել նրանց, որ պետական բիւջէ վճարուող հարկերը ֆինանսական կորուստ չեն համարում, այլ ներդրում իրենց պետութեան, իրենց եւ իրենց երեխաների ապագայի մէջ:

Այդ գումարներով է, որ 2022 թուականին նորոգել ենք աւելի քան 500 կիլոմետր ճանապարհ, մեկնարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը, Երրորդ հանրապետութեան պատմութեան մէջ առաջին անգամ արբանեակ ենք արձակել տիեզերք, նոր աւտոբուսներ եւ տրոլեյբուսներ ենք ձեռք բերում մայրաքաղաքի համար, բարձրացրել ենք նուազագոյն աշխատավարձը, մեր խոստման համաձայն` աւիաընկերութիւն ենք հիմնել, բարձրացրել ենք գիտնականների աշխատավարձերը, գիտութեան ֆինանսաւորումը 2018 թուականի համեմատ աւելացրել ենք 150 տոկոսով, 2022 թուականի սեպտեմբերից բարձրացրել ենք եւ 2023 թուականի յուլիսից նորից կը բարձրացնենք կենսաթոշակները: Ընդ որում, անկանխիկ առեւտրի դէպքում հետվճարի համակարգով այսօրուայ դրութեամբ կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին ենք վերադարձրել շուրջ 527 միլիոն դրամ, եւ ուզում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել այն բանկերին, որոնք կառավարութեան հետ համահաւասար մասնակցում են ծրագրին:

Բիւջետային այդ յաւելեալ միջոցների հաշուին է, որ 2022 թուականին պետական պատուերով առողջապահական ծառայութեան 786 հազար դէպք ենք սպասարկել, որը 2017 թուականի համեմատ կրկնապատիկից աւելին է, 437 հազար դէպքով կամ 125 տոկոսով աւելի:

Իսկ ինչու՞ ենք անում այս ամէնը: Մի պատճառով, միայն ու միայն մի պատճառով, որովհետեւ սիրում ենք ձեզ, սիրում ենք մեր երկիրը: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետութիւնը, եւ որտեղ սխալւում ու սայթաքում եմ, որտեղ ձախողւում եմ` գուցէ չափազանցուած, գուցէ խելամտութիւնը ստուերող սիրոյ պատճառով: Բայց սերը, ի վերջոյ, աւելին է ու ամենազօրը, եւ փոթորկուած օւկիանոսում յայտնուած մեր նաւը` Հայաստանի Հանրապետութիւնը, հասցնելու ենք խաղաղ նաւահանգիստ:

Եւ ուրեմն`

Կեցցէ ազատութիւնը,

Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ ծնունդէ:

Հարակից Նյութեր

Leave a Comment