Home ԻՐԱՒՈՒՆՔ Հայաստանի Մէջ Առկայ Են Ակնյայտ Բացասական Միտումներ, Որոնք Կասկածի Տակ Կը Դնեն Փտածութեան Դէմ Պայքարի Արդիւնաւէտութիւնը. ԹԻՀԿ

Հայաստանի Մէջ Առկայ Են Ակնյայտ Բացասական Միտումներ, Որոնք Կասկածի Տակ Կը Դնեն Փտածութեան Դէմ Պայքարի Արդիւնաւէտութիւնը. ԹԻՀԿ

by MassisPost

«Թրանսփարէնսի Ինթերնեշնլ» Հակափտածութեան Կեդրոնը փտածութեան դէմ պայքարի միջազգային օրուան առթիւ հանդէս եկած է յայտարարութեամբ.

2018թ․ Թաւշեայ յեղափոխութեան մէջ ներգրաւուած բազմահազար քաղաքացիների նպատակը փտած համակարգից ձերբազատումն ու արդարութեան հաստատումն էր, ինչը նոր իշխանութիւնների առջեւ դնում էր մեծ պահանջներ: Հայաստանի նոր կառավարութիւնը յայտարարեց փտածութեան դէմ անզիջում պայքար տանելու մասին, նախաձեռնեց եւ սկսեց կեանքի կոչել հակափտածութեան բարեփոխումների յաւակնոտ ծրագիր, սկսեց նոր հափտածութեան հիմնարկների ձեւաւորման գործընթացը: Թէեւ շատ տեղացի եւ արտասահմանցի փորձագէտներ, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ քննադատում էին իրականացուող բարեփոխումների որակը եւ արագութիւնը, հանրութեան շրջանում կար ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը զարգանում է ճիշդ ճանապարհով եւ այդ առումով կան ակնկալիքներ եւ հանրային աջակցութիւն: Նման վերաբերմունքը փաստուել է հանրային կարծիքի ուսումնասիրութիւններում, օրինակ, 2019 թուականին Թրանսփարէնսի Ինթերնեշնլ Հակափտածութեան Կեդրոնի (ԹԻՀԿ) եւ Հետազօտական Աղբիւրների Կովկասեան Կեդրոն-Հայաստան (ՀԱԿԿ-Հայաստան) հիմնադրամի Հայաստանի  համատեղ իրականացուած ուսումնասիրութիւնում:

2018-2019 թուականներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումներն արտացոլուել են միջազգային հետազօտութիւններում եւ համաթիւերում: Այսպէս, Թրանսփարէնսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հափտածութեան ոչ-կառավարական կազմակերպութեան Փտածութեան Ընկալման Համաթիւի (ԿԸՀ) Հայաստանի մեծութիւնը յեղափոխութիւնից յետոյ 35-ից աճեց մինչեւ 49, այսինքն` 14 միաւորով, որը աշխարհի մասշտաբով լաւագոյն արդիւնքն էր: Զգալի դրական աճ գրանցեցին նաեւ Համաշխարհային Դրամատան Կառավարման համաշխարհային ցուցանիշները (World Governance Indicators), ներառեալ` դրա Փտածութեան Վերահսկում ցուցանիշը եւ Ֆրիտոմ Հաուս միջազգային կազմակերպութեան Անցումային փուլում գտնուող երկրների (Nations in Transit) Ժողովրդավարութեան համաթիւը (Democracy score):

2020թ․-ից Հայաստանի առջեւ ծառացած մի շարք մարտահրաւէրներ, այդ թւում` անվտանգային սպառնալիքները, Քովիտի համավարակը, ներքաղաքական լարումները դանդաղեցրեցին բարեփոխումները: Հանրային կարծիքի ուսումնասիրութիւնները սկսեցին արձանագրել բացասական միտումներ, իսկ միջազգային համաթիւերում դադարեց աճը:

ԱՄՆ Միջազգային Հանրապետական Հիմնարկի (ՄՀՀ) կողմից 2022թ․ Յունուարին հրապարակուած հեռախօսային հարցման տուեալներով քաղաքացիների 46%-ը գտնում է, որ երկիրը գնում է սխալ ուղղութեամբ եւ միայն 34%-ի կարծիքով է, որ այն գնում է ճիշդ ուղղութեամբ: Միւս կողմից հարցուածների 61%-ի կարծիքով երկիրը կառավարւում է` ելնելով որոշ խմբերի շահերից եւ միայն 31%-ն  է կարծում, որ այն կառավարւում է` ելնելով մեծամասնութեան շահերից: Հետաքրքիր է նշել, որ ՄՀՀ-ի կողմից 2021թ․ Ապրիլ/Մայիսին անցկացուած հարցման տուեալներով քաղաքացիների միայն 20%-ն էր կարծում, որ երկիրը գնում էր սխալ ուղղութեամբ, իսկ 43%-ի կարծիքով այն գնում էր այն գնում էր ճիշդ ուղղութեամբ:

ՀԱԿԿ-Հայաստան հիմնադրամի 2022թ․ Նոյեմբերին հրապարակած հանրային կարծիքի ուսումնասիրութիւնը եւս արձանագրեց զգալի յետընթաց: Մասնաւորապէս, 2019 թուականին Թրանսփարէնսի Ինթերնեշնլ Հակափտածութեան Կեդրոնի (ԹԻՀԿ) եւ ՀԱԿԿ-Հայաստանի  վերը նշուած համատեղ իրականացուած հետազօտութեան արդիւնքների համեմատութեամբ պարզուեց, որ`

«դատարանները եւ դատախազութիւնը մեծապէս փտած են» պատասխանների քանակը 12%-ից աճել է 32.5%,

«վարչապետը եւ նրա աշխատակազմը բնաւ փտած չեն» կարծողների թիւը 75%-ից իջել է 34%-ի,

«կաշառքի դէպքերի յաճախականութիւնը նուազել է» պատասխանողների թիւը 91%-ից իջել է 66.5%-ի,

«կաշառքի չափերը նուազել են» կարծողների թիւը 82.4%-ից իջել է մինչեւ 42%

2022 թուականի ընթացքում փտածութեան եւ հակափտածութեան քաղաքականութեան հարցով տեղացի եւ միջազգային փորձագէտների, այդ թեմաները լուսաբանող լրագրողների նիւթերը, հասարակական մասնագիտացած կազմակերպութիւնների եւ անկախ փորձագէտների ուսումնասիրութիւնները եւ վերլուծութիւնները եւս փաստում են, որ առկայ են ակնյայտ բացասական միտումներ եւ խնդրահարոյց դրսեւորումներ, որոնք կասկածի տակ են դնում փտածութեան դէմ պայքարի արդիւնաւէտութիւնը, իսկ երբեմն նոյնիսկ քաղաքական կամքը:

2022 թուականի Ապրիլին Հայաստանում փտածութեան իրավիճակին եւ հակափտածութեան քաղաքականութեանն անդրադարձել են Թրանսփարէնսի Ինթերնեշնլի քարտուղարութիւնը եւ Նորվեկիայում գործող «U4» միջազգային հակափտածութեան կեդրոնը իրենց համատեղ «ակնարկ Հայաստանում փտածութեան եւ հակափտածութեան մասին» հրապարակմամբ: Ակնարկի հեղինակները նշում են, որ Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնները կեանքի կոչեցին մի շարք իրաւական եւ հաստատութեական բարեփոխումներ, որոնք հասարակութեան մէջ առաջ բերեցին դրական սպասելիքներ եւ ընկալումներ փտածութեան նուազման տեսանկիւնից: Սակայն, միեւնոյն ժամանակ մտահոգութիւն են յայտնում, որ իրականացուող բարեփոխումները կարող է չյանգեցնեն փտածութեան մակարդակի կայուն եւ շարունակական նուազման, եւ որ դեռեւս առկայ են թերութիւններ փտածութեան կանխարգելման եւ հակազդման համակարգերում, ինչն, առաջին հերթին, վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գոյքի յայտնաբերմանն ու բռնագանձմանը եւ դատական համակարգի բարեվարքութեանը: Որպէս փտածութեան առումով առաւել խոցելի ոլորտներ` ակնարկի հեղինակները նշել են դատական համակարգը, անվտանգութեան համակարգը, հանրային գնումները եւ հանքարդիւնաբերութիւնը:

2022-ի ընթացքում ԹԻՀԿ-ն իր (այդ թւում` գործընկեր հասարակական կազմակերպութիւնների հետ համատեղ) հրապարակային յայտարարութիւններում եւ դիրքորոշումներում բազմիցս անդրադարձել է Հայաստանում փտածութեան իրավիճակին եւ դրա յաղթահարման խնդիրներին: Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ փտածութեան առնչուող ներկայիս մարտահրաւէրներն են իշխանութեան ճիւղերի տարանջատման ու հաւասարակշռման մեխանիզմների թերացումը, իրաւապահ եւ դատական մարմինների ձեւաւորման ու բարեվարքութեան խնդիրները, կասկածելի կենսագրութեամբ անձանց բարձր պաշտօնների նշանակումները եւ հովանաւորչութեան դրսեւորումները, խնդրահարոյց պետական գնումները եւ բարձրաստիճան պաշտօնեաների փոխկապակցուած անձանց կասկածելի յաջողութիւնները մրցոյթներում, խոշոր առեւտուրի եւ քաղաքականութեան սերտաճման միտումները, քաղաքացիական տարածքի նեղացման սպառնալիքները` մասնաւորապէս հանքարդիւնաբերութեան ոլորտում, ընդհանուր` ոչ-թափանցիկ, ոչ-մասնակցային եւ ոչ-հաշուետու կառավարումը եւ փտածութեան նոր սխեմաների ձեւաւորումը: Այս խնդիրները ներկայումս դրուագային են, սակայն դրանք արագօրէն կարող են ամրապնդուել եւ ձեւաւորել պետութեան զաւթման մի նոր համակարգ, ինչն անթոյլատրելի է:

Հայաստանի կառավարութիւնը պէտք է լրջօրէն վերագնահատի իր գործողութիւններն ու ձախողումները փտածութեան դէմ պայքարի դաշտում եւ շուտափոյթ ձեռնարկի գործուն ու արդիւնաւէտ քայլեր, որոնք կ’օգնեն վերականգնելու հանրային վստահութիւնը:

Հարակից Նյութեր

Leave a Comment