Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետ Նիկոլ Փաշինեան Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութեան Համագումարին Խօսեցաւ «Նոյեմբեր 9-ի» Եռակողմ Համաձայնութեան Յաջոդող Իրադարձութիւններուն Մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցութեան Համագումարին Խօսեցաւ «Նոյեմբեր 9-ի» Եռակողմ Համաձայնութեան Յաջոդող Իրադարձութիւններուն Մասին

by MassisPost

Հոկտեմբեր 29-ին կայացած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցութեան համագումարին իր ունեցած ելոյթի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինեան անդրադրձաւ Նոյեմբեր 9-ի եռակողմ համաձայնութեան յաջորդող իրադարձութիւններուն:

Փաշինեան խօսելով 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ըսաւ. «Այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատուեց որպէս կապիտուլեացիա: Հիմա այդ նոյն ուժերը կրծքով պաշտպանում են Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը` ասելով, որ չի կարող կորցնել այդ փաստաթղթում առկայ ձեռքբերումները: Փաստօրէն պարզւում է` այդ փաստաթղթում ձեռքբերումներ էլ կան: Եւ այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թուականի Նոյեմբերի 9-ին կապիտուլեացիա ստորագրելու մեզ, հիմա էլ ասում են, որ ես պատրաստւում եմ առաջիկայում կապիտուլցիա ստորագրել: Սա ընդհանրապէս պատմական նոնսենս է, որովհետեւ պատմութիւնը չի տեսել, որ նոյն իշխանութիւնը, երկիրը երկու-երեք անգամ կապիտուլեացիա ստորագրի»,- ըսաւ ան:

Ըստ Փաշինեանի` Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարեւոր փաստաթուղթ է, որովհետեւ այդտեղ արձանագրուած են շարք մը կարեւոր փաստեր: Առաջինը` արձանագրուած է Լեռնային Ղարաբաղի գոյութիւնը, ԼՂ շփման գիծի գոյութիւնը, խաղաղապահներու տեղակայումը, Լաչինի միջանցքի գոյութիւնը` որպէս ԼՂ եւ ՀՀ կապի միջոց, արձանագրուած է ապաշրջափակման օրակարգը: Ըստ վարչապետին, արձանագրուած են նաեւ փախստականներու իրաւունքները, եւ խօսքը ԼՂ փախստականների մասին է:

«Այլ բան, թէ ինչպէս եւ ինչ կերպ է կատարւում այդ եռակողմ յայտարարութիւնը: Եկէք արձանագրենք` բոլոր նրան, ովքեր ասում են, որ ես պատրաստւում եմ կապիտուլեացիա ստորագրել, այդ նախադասութիւնն ասելուց առաջ հանրութիւնից պէտք է ներողութիւն խնդրեն Նոյեմբերի 9-ը կապիտուլեացիա անուանելու համար»,- նշեց ան:

Նիկոլ Փաշինեան ըսաւ, որ կ’ուզէ խօսիլ եռակողմ յայտարարութեան մասին` յառաջիկայ ընելիքներու բովանդակութեան մէջ: Ան ըսաւ, որ ընելիքը պէտք է ըլլայ ՀՀ շուրջ խաղաղութիւն ապահովելը: «Առաջնահերթութիւնները հետեւեալն են մեր 2021-2026 թուականների ծրագրերի համար: Առաջարկում ենք, որ որդեգրենք երեք հիմնական առաջնահերթութիւն: Առաջինը` համապարփակ եւ տեւական խաղաղութեան հաստատումը, բարձրորակ եւ հասանելի կրթական համակարգի ձեւաւորումը եւ երրորդը` պրոֆէսիոնալ մարտունակ բանակի ստեղծումը: Սա պէտք է լինի միջնաժամկէտ մեր անելիքը:

«Ինչ պէտք է անենք մենք խաղաղութիւն հաստատելու համար: Մենք պէտք է երկու խնդիր լուծենք` ի կատար ածենք 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան բոլոր դրոյթները, 2021 թուականի եռակողմ յայտարարութեան բոլոր դրոյթները եւ պէտք է ի վերջոյ որոշակի հանգրուանի հասցնենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Անընդհատ բոլորն ասում են` 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան անվերապահ կատարումը կարեւոր պայման է, բայց այստեղ շատ կարեւոր է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան տեքստի վերաբերեալ տարընթերցումներ չլինեն: Մենք ասել ենք, որ բացառում ենք ՀՀ տարածքով միջանցքի գործարկումը եւ ՀՀ տարածքով միջանցք որեւէ մէկին չենք տալու: Ես ցաւում եմ, որ այս բովանդակութեան հետ կապուած մեր կուլիսային եւ քաղաքական աշխատանքը մինչեւ այսօր արդիւնք չի տուել, եւ ես ստիպուած եմ սրա մասին հրապարակային խօսել: 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտը իրականում ապաշրջափակման մասին է: Դա նշանակում է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պէտք է բացուեն: Եւ կայ դրոյթ, որ ՀՀ-ն պիտի ապահովի Ատրպէյճանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապը: Երկրորդ դրոյթը` կողմերի համաձայնութեամբ, այսինքն` երբ կողմերը համաձայնուեն, կարող են նաեւ նոր ճանապարհներ կառուցուեն` այդ կապն ապահովելու համար»:

Փաշինեան նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է ԱտրպէյՃանի եւ Նախիջեւանի միջեւ կապը ապահովել, նախագիծ դրած է շրջանառութեան մէջ, բայց Ատրպէյճանը չուզեր այդ տարբերակով: «Նրանք ասում են` լաւ կը լինի հնարաւորինս կարճ նոր երթուղի կառուցենք: Մենք ասում ենք` շատ լաւ, խնդիր չունենք դրա հետ, եկէք կառուցենք: Երբ գալիս են գործնականացման հարցերը, պարզւում է` Ատրպէյճանն ունի լրացուցիչ պատկերացումներ, որ այդ ճանապարհը պէտք է լինի առանձնացուած, պէտք է վերահսկուի ոչ ՀՀ կողմից, որ սահմանային անցակէտերը պէտք է ՀՀ օրէնսդրութեամբ նախատեսուած կարգով չգործեն: Մենք ասում ենք` դրա հետ համաձայն չենք, եւ դա չի կարող լինել: Մենք պատրաստ ենք նոր ճանապարհների կառուցմանը, դա մեր հայկական խաչմէրուկ ծրագիրն է, բայց դա պէտք է տեղի ունենայ մեր օրէնսդրութեան սահմաններում: Այստեղ Ատրպէյճանը փորձում է ասել, որ իրականում Ռուսաստանը պէտք է վերահսկի այդ ճանապարհը` յղում անելով Նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտի վրայ: Մենք եւ Ռուսաստանն ասում ենք, որ այդ ձեւակերպումը ճիշտ չէ, այդ ճանապարհը պէտք է վերահսկի ՀՀ-ն»,- ըսաւ ան:

«Վերջին շրջանում հայ հանրութեան մօտ փորձում են տպաւորութիւն ստեղծել, թէ ԼՂ հարցի շուրջ կայ ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար եւ կայ արեւմտեան առաջարկ, որը բացասական է մեզ համար: Եւ Հայաստանի կառավարութիւնը մերժում է ՌԴ ծրագիրը եւ ընդունում է արեւմտեան ծրագիրըՙ: Փաշինեան յայտնեց, որ այդ իրականութեան հետ ոչ մի կապ չունի: «Որ կայ ռուսական ընկալում եւ արեւմտեան ընկալում, դա ճիշտ է, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը ռուսական ընկալման հետ համաձայուել է եւ սկզբունքային պայմանաւորուածութիւն ձեռք է բերել 2021 թուականի Յունուարին: Եւ այդ պայմանաւորուածութիւնների անկիւնաքարային դրոյթը եղել է, որ ՌԴ-ն ԼՂ եւ ՀՀ անվտանգութեան երաշխաւորն է: Սա շատ կարեւոր նրբութիւն է: Եւ մենք պայմանաւորուել ենք այդ սցենարի եւ պլանի շուրջ: Այդ պլանը աշխատանքային ռեժիմով ներկայացուել է ՀՀ-ին 2022 թուականի Օգոստոսին: Եղել է պայմանաւորուածութիւն, որ Սեպտեմբերին ՌԴ համանախագահը կը վերադառնայ` մեր վերջնական դիրքորոշումն ստանալու: Եւ Սեպտեմբերին հէնց առաջին հանդիպման ժամանակ համաձայնութիւն ենք տուել այդ պլանի իրագործմանը, մի պարզ պատճառով, որովհետեւ դա մեր պայմանաւորուածութիւնն է եղել դեռեւս 2021 թուականի Յունուարից: Ես հիմա էլ ուզում եմ ասել, որ երկուշաբթի օրը, Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ, եթէ անհրաժեշտ է, եռակողմ յայտարարութեան ֆորմատով ստորագրել այդ 15 կէտերի հիման վրայ համաձայնութեան հասնելու փաստաթուղթը: Այսինքն` այդ փաստաթուղթն ընդունել հիմք` ՀՀ եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար»,- յայտարարեց Փաշինեան:

«Ես ասել եմ` յոյս ունեմ ՌԴ նախագահը կը պաշտպանի այդ առաջարկները, սա շատ կարեւոր նրբութիւն է, որովհետեւ նաեւ կարեւոր նրբութիւն է, որ այդ բանաձեւն անվտանգութիւն բերելո՞ւ է Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին, թէ՞ չի բերելու: Խաղաղութիւն բերելո՞ւ է, թէ՞ չէ: Այո, այնտեղ կայ նաեւ ռուս խաղաղապահների մասին, մենք ուզո՞ւմ ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունէութիւնը ԼՂ-ում, իհարկէ, ուզում ենք: Երէկ ԼՂ նախագահը յայտարարութեամբ է հանդէս եկել, ես պաշտօնապէս ասում եմ` պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը եւ ընդունել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութիւնն առանց պայմանների երկարացուի 10 տարով, 15 տարով, 20 տարով: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդէս գա, եթէ պէտք է ես հանդէս կը գամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պէտք է պաշտպանի այդ առաջարկը: Դա եռակողմ համաձայնութիւն է, եւ եթէ մենք ու Ռուսաստանը համաձայնենք, կը լինենք մեծամասնութիւն: Բայց նաեւ մենք պէտք է անդրադառնանք, թէ ի վերջոյ խաղաղապահներն ի՞նչ են անում ԼՂ-ում: Որովհետեւ Փառուխի դէպքերը մենք չենք մոռացել: Ամենաբարձր մակարդակով եղել է պայմանաւորուածութիւն, որ այդ խնդիրը պէտք է լուծուի, այսինքն` ատրպէյճանցիները պէտք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատուութեան գօտուց, բայց այդ խոստումը մինչ օրս չի կատարուել: Ռուսաստանի Դաշնութիւնն իր առաջարկները հետեւողական ու պինդ պաշտպանում է, թէ՞ չի պաշտպանում: Սրանք հարցեր են, որոնք պէտք է հնչեն»,- ըսաւ ան:

Նիկոլ Փաշինեան նաեւ անդրադարձաւ ՀԱՊԿ արտահերթ նիստի քննարկումներու մանրամասնութիւններուն: «Շատ բաց ու անկեղծ քննարկում է անցկացուել, եւ մենք բոլոր հարցերը դրեցինք: Մեզ ասում են` արեւմտեան, Եւրամիութեան դիտորդներ են եկել Հայաստան, այդ ո՞վ է հրաւիրել իրենց: Ես ասում եմ` ես եմ հրաւիրել: Իսկ հրաւիրել եմ մէկ պարզ, մէկ բարդ պատճառով: Բարդ պատճառն այն է, որ ի հեճուկս օրէնսդրութեան, պայմանաւորուածութիւնների ու պայմանագրերի` ատրպէյճանական օկուպացիային ՀԱՊԿ արձագանքը համարել եմ ոչ պատշաճ: Եւ երկրորդ, արդէն երկար ժամանակ Ատրպէյճանը արեւմտեան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է հետեւեալ պատկերը, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը եւ անձամբ վարչապետ Փաշինեանն աւելի ու աւելի շատ ռուսական զօրքեր է բերում ՀՀ` դրանով սպառնալիք ստեղծելով Ատրպէյճանի ինքնիշխանութեան եւ անկախութեան, անվտանգութեան համար: Եւրոպացի մեր գործընկերներն ասում են` դուք ոնց որ ժողովրդավարական երկիր էք, ոնց որ խաղաղութեան օրակարգ էք որդեգրել, ինչո՞ւ էք ռուսական նորանոր զօրքեր բերում եւ սպառնալիք ստեղծում Ատրպէյճանի անվտանգութեան համար: Եւ ես ասացի` գիտէ՞ք ինչ, եթէ մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելութիւն ձեւաւորէք, եկէք տեսէք տեղում ինչ է կատարւում: Բայց երէկ այս մասին խօսելով ՀԱՊԿ նիստում` ես ասացի` փաստօրէն ստացւում է, որ ռուսական զօրքերը Հայաստանի սահմանին կանգնելով` սպառնալի՞ք են ստեղծում ՀՀ անվտանգութեան համար: Ինձ համար սա ընդունելի չէ, եւ մեր բոլոր գործընկերները գիտեն, որ Ատրպէյճանը հէնց այս նարատիւն է տանում արեւմտեան երկրներում: Սա շատ կարեւոր հարցադրում է»,- ըսաւ Փաշինեանը:

Ան նշեց, որ ՀԱՊԿ նիստին բարձրացրացուցած է պայմանագրային պարտաւորութիւններու հարցը: «Ով ում ինչքան է սիրում, դա կապ չունի, կայ ստեղծուած իրավիճակ: Ստեղծուած իրավիճակին տրւո՞ւմ է քաղաքական գնահատական, ո՞րն է քաղաքական գնահատականը, որ Ատրպէյճանը ագրեսիա է իրականացնել Հայաստանի դէմ եւ օկուպացրել ՀՀ տարածքներ: Սեպտեմբերի 13-ին ես ակնկալում էի, որ ՀԱՊԿ-ը նման գնահատականով հանդէս գար, իրենք ասացին` եկէք դիտորդական առաքելութիւն ուղարկենք, ասացինք` շատ լաւ: ՀԱՊԿ-ը գլխաւոր քարտուղարի գլխաւորութեամբ եկաւ, տեղում արձանագրեց վիճակը, եւ երեկուայ նիստում արձանագրեց, որ յարձակում է տեղի ունեցել Ատրպէյճանի կողմից, որ օկուպացուել են ՀՀ տարածքներ: Այսինքն` ՀԱՊԿ թիւ մէկ պաշտօնեան արձանագրեց այն, ինչ բոլորս գիտենք: Եւ իմ դիրքորոշումը դա էր, շատ լաւ, եկէք ուրեմն քաղաքական յստակ գնահատական տանք, ինչը նախատեսուած է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերով: Երկրորդ, մենք պէտք է ճանապարհային քարտէզ ընդունենք, թէ ինչպէս ենք վերականգնում Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը: Ճանապարհային քարտէզը կարող է լինել հետեւեալը` դիւանագիտական աշխատանք Ատրպէյճանի հետ, եթէ դիւանագիտական ճանապարհով չի աշխատում, ՀԱՊԿ-ը պէտք է արդէն ուժային գործողութիւն ձեռնարկի` անդամ պետութեան տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար: Մենք որոշեցինք, որ ԱԳ նախարարներին տանք յանձնարարական, որ այդ խնդիրը լուծեն»,- ըսաւ Փաշնեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment