Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստան Կը Փափաքի Զարգացնել Տիեզերական Գործունէութեամբ Զբաղելու Իր Կարողութիւնները. ՀՀ Նախագահ

Հայաստան Կը Փափաքի Զարգացնել Տիեզերական Գործունէութեամբ Զբաղելու Իր Կարողութիւնները. ՀՀ Նախագահ

by MassisPost

Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեան Սեպտեմբեր 9-ին այցելած է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպած է տնօրէն Տիանա Գալոյեանի, դասախօսներուն եւ ուսանողներուն հետ: Համալսարանը հիւրընկալած է «Starmus VI» փառատօնի շրջանակին մէջ Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի տնօրէն Ժան-Ժագ Տորտենը, որ 2003-2015 թուականներուն եղած է Եւրոպական տիեզերական գործակալութեան գլխաւոր տնօրէնը:

Վահագն Խաչատուրեան, ողջունելով Ժան-Ժագ Տորտենը եւ ուսանողները, ըսած է.

«Այսօր ձեզ համար դասախօսութեամբ է հանդէս գալու Ժան-Ժագը: Կարծում եմ, որ նրա դասախօսութիւնը նուիրուած կը լինի ոչ միայն տիեզերական գործունէութեանը, այլ կը հնչի գիտնական մարդու խօսք` ուղղուած ձեզ, երիտասարդներին, ովքեր ամենամեծ երազողներն են: Մեր բոլորի ցանկութիւնն է, որ միշտ ձգտէք ձեր այդ երազանքներին եւ կարողանաք հասնել դրանց իրականացմանը:

Մեր հասարակութեանը, ժողովրդին, պետութեանը հարկաւոր են մարդիկ, ովքեր երազողներ են, ազատ մարդիկ են, ովքեր հնարաւորութիւն ունեն իրենց գիտելիքներով իրենց գաղափարներն ու երազանքները կեանքի կոչել: Մեր` որպէս պետութեան, խնդիրը կայանում է նրանում, որ ապահովենք ձեզ համար այդ պայմանները:

Մենք լաւ, որակեալ մասնագէտների կարիք ունենք, լաւ տնտեսագէտների, ճարտարապետների, բնագէտների, մաթեմաթիքոսների, բժիշկների, գիւղատնտեսների:

Այս ամբողջ գործընթացը, որ կազմակերպւում է այսօր այստեղ, այս հիւրերը, որ գտնւում են այստեղ, այդ ամբողջի մի մասն են կազմում:

Համոզուած եմ, որ այսօրուայ հանդիպումից գիտելիքներ կը քաղէք, ձեր մէջ նոր հետաքրքրութիւններ կ’առաջանան»:

Վահագն Խաչատուրեան այնուհետեւ հակիրճ պատմած է իր եւ Ժան-Ժագ Տորտենի հանդիպման մասին, որ տեղի ունեցած էր մօտ մէկ տարի առաջ Երեւանի մէջ:

«Այս տարուայ Մայիսի 25-ին առաջին անգամ Հայաստանը տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանեակը: Ուղիղ մէկ տարի առաջ ոչ ոք դրան չէր հաւատում: Իսկ մենք քննարկում էինք դրա իրականացման հնարաւորութիւնները: Մենք Ժան-Ժագի հետ հանդիպել ենք մօտ մէկ տարի առաջ եւ նման գաղափարներն յառաջանում են այդպիսի սովորական շփումների ժամանակ: Այդ գաղափարն այսօր արդէն իրականութիւն է դարձել», պատմած է Վահագն Խաչատուրեանը:

Հանրապետութեան նախագահին խօսքով` Հայաստանը կը փափաքի զարգացնել տիեզերական գիտութեամբ կամ տիեզերական գործունէութեամբ զբաղելու իր կարողութիւնները:

«Համոզուած եղէք, որ այդ բնագաւառը Հայաստանում զարգանալու է եւ մենք միջազգային տիեզերական գործակալութիւնների այդ մեծ ընտանիքի մասն ենք կազմելու», ըսած է նախագահ Խաչատուրեանը եւ բոլորին յաջողութիւններ մաղթած է:

Այնուհետեւ նախագահ Խաչատուրեանը, ուսանողներուն հետ միասին լսած է Միջազգային տիեզերական համալսարանի տնօրէն Ժան-Ժագ Տորտենի դասախօսութիւնը:

Հարակից Նյութեր

Leave a Comment