Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէին Տուեալներով 44-Օրեայ Պատերազմին Հետեւանքով 303 Անձ Հայաստանէն Տակաւին Անհետ Կորսուած Կը Համարուին

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէին Տուեալներով 44-Օրեայ Պատերազմին Հետեւանքով 303 Անձ Հայաստանէն Տակաւին Անհետ Կորսուած Կը Համարուին

by MassisPost

ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովին կողմէ ընդունուած բանաձեւի համաձայն, 30 Օգոստոսը սահմանուած է Բռնի անհետացումներու զոհերու միջազգային օր: ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Քրիսթինէ Գրիգորեանը օրուան առթիւ ուղերձ յղած է, որուն մէջ մասնաւորապէս ըսուած է.

«Մարդկանց բռնի անհետացումները մարդու իրաւունքների բազմակի եւ շարունակական խախտումներ են: Դրանք սկսւում են պետութեան ներկայացուցիչների եւ պաշտօնատար անձանց թոյլտուութեամբ կամ համաձայնութեամբ, որին յաջորդում է անհետացած անձի գտնուելու վայրի ժխտումը կամ թաքցնելը:

Մարդկանց բռնի անհետացումները ծայրայեղ ծանր ազդեցութիւն ունեն ինչպէս զոհերի վրայ, ովքեր յաճախ ենթարկւում են խոշտանգումների եւ ապրում իրենց կեանքի համար մշտական վախի մէջ, այնպէս էլ նրանց ընտանիքների վրայ, ովքեր անտեղեակ են իրենց հարազատների ճակատագրից եւ ապրում են նրանց վերադարձի չփարատուող սպասումով:

Ցաւալիօրէն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտութիւնները բռնի անհետացումների յանցագործութեան համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, եւ մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրեայ պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ այս յանցագործութեան զոհերի ու հարազատների ցաւն ու չմարող պայքարը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտէի 2022 թ. Օգոստոսին ներկայացրած տուեալների համաձայն` 2020 թ. 44-օրեայ պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհետ կորած է համարւում:

Ատրպէյճանական իշխանութիւնների կողմից գերիների ու անհետ կորած անձանց վերաբերեալ տեղեկութիւնների չտրամադրման կամ այդ տեղեկութիւնների աղճատման շարունակուող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրաւունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրաւունքով արգելուած քաղաքական նպատակների համար:

Ցաւալիօրէն բռնի անհետացումների դէպքերին միջազգային արձագանգման մեխանիզմներն այս օրերին դրսեւորում են իրենց արդիւնաւէտութեան պակասը, ինչն այս ուղղութեամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիւ աշխատելու պատճառ է:

Սրա հետ մէկտեղ, պէտք է նկատել, որ միջազգային իրաւունքով նախատեսուած կանոնները կեանքի կոչելու համարե պետութիւնները պէտք է ամրագրեն այդ կանոնները ներպետական օրէնսդրութեամբ եւ ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը դրանց գործադրման համար: Ուստի, այս առումով Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հետ անհետ կորած անձանց ու նրանց հարազատների իրաւունքների ապահովման վերաբերեալ ներպետական օրէնսդրութեան ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելաւման ուղղութեամբ:

Պաշտպանի իրաւասութեան շրջանակում ձեռնարկելով բոլոր միջոցառումները անհետ կորած անձանց գտնելու եւ նրանց աջակցութիւն տրամադրելու հարցում` խստօրէն դատապարտում եմ բռնի անհետացման անխտիր բոլոր դէպքերը եւ կոչ անում միաւորել ջանքերը ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու եւ վերջիններիս ու նրանց ընտանիքների իրաւունքների արդիւնաւէտ երաշխաւորման ուղղութեամբ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment