Home ՀԱՅԱՍՏԱՆ ՀՀ Վարչապետի Աշխատակազմը` Մուրատ Փափազեանի Հայաստան Մուտքը Արգիլելու Հիմքերուն Մասին

ՀՀ Վարչապետի Աշխատակազմը` Մուրատ Փափազեանի Հայաստան Մուտքը Արգիլելու Հիմքերուն Մասին

by MassisPost

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութիւնը պարզաբանած է, թէ ինչ հիմքով Յուլիս 13-ին արգիլուած է ՀՅԴ բիւրոյի անդամ, Ֆրանսայի Հայկական Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի նախագահ Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն:

«Արմենփրես»ի հարցման ի պատասխան, վարչապետի աշխատակազմէն յայտնած են. «Նշուած անձի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է` հիմք ընդունելով «օտարերկրացիների մասինէ ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածի «գ» եւ «զ» կէտերը:

Տուեալ անձը հանդիսանում է նախորդ տարուայ Յունիսի 1-ին Ֆրանսայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատուիրակութեան` ՀՀ պետական դրօշակիր ինքնաշարժի շարասիւնի դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը:

Շարասիւնի ուղղութեամբ նետուել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր ինքնաշարժը ենթարկուել է յարձակման եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարուել է միայն ֆրանսական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում:

Այդ մասին վկայող տուեալներ հրապարակուել են տարբեր լրատուամիջոցների կողմից, իսկ տեսանիւթերն առկայ են նաեւ համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշուած անձի, այլեւ յարձակման գործուն մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ վերապահում չունի խաղաղ բողոքի շարժումների ոեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ յարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն` օրէնքով սահմանուած կարգով արգելուել է»:

Հարակից Նյութեր

Leave a Comment