Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մի Կասկածէք. Մենք Մեր Երկրի Վրայ Թափուած Աղէտների Հեղինակը Չենք․ Նիկոլ Փաշինեան

Մի Կասկածէք. Մենք Մեր Երկրի Վրայ Թափուած Աղէտների Հեղինակը Չենք․ Նիկոլ Փաշինեան

by MassisPost

Քաղաքացու օրուայ առիթով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան գրած է.

Հայաստանի Հանրապետութեան սիրելի քաղաքացիներ, ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորիս Քաղաքացու օրուայ առիթով:

Այս տօնը ամրագրուեց` արձանագրելու ժողովրդավարական պետութեան կարեւորագոյն ինստիտուտի` Քաղաքացու առանցքային դերակատարումը պետութեան կայացման եւ զարգացման գործում:

2018 թուականին տեղի ունեցած Ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնը Քաղաքացու իշխանութեան հաստատման խորհրդանիշն է Հայաստանում եւ այդ արժէքը անշրջելի է ու անսասան:

Ընտրութիւնների կեղծման եւ այսպիսով Քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրական իրաւունքից զրկելու էջը մնացել է անցեալում եւ Հայաստանն այլեւս ամբողջ աշխարհում ընկալւում է որպէս ընտրական ժողովրդավարութեամբ երկիր:

Նաեւ այն պատճառով, որ 2020 թուականի 44-օրեայ աղէտաբեր պատերազմից յետոյ առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թոյլ չտուեց իր պետութեան քաոսացումը, այլեւ ետպատերազմեան դժուարագոյն ժամանակահատուածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ Քաղաքացիներ.

Մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն` ուղիղ ասենք, անտանելի դժուարութիւններով:

Ամէն օր, ամէն ժամ, ամէն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հաւատը մեր անցեալի ու ապագայի եւ որ առաւել կարեւոր է` մեր առաքելութեան նկատմամբ:

Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտէք, մի կասկածէք. մենք մեր երկրի վրայ թափուած աղէտների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագոյն առաքելութեան. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի եւ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նիւթուած աղէտների միջով եւ նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:

Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալուել ու չեն ծալուելու: Հիմա առաւել քան երբեւէ համոզուած եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով եւ փոթորկուած ովկիանոսի մէջ յայտնուած մեր նաւը հասցնելու ենք խաղաղ հանգրուանի:

Եւ ուրեմն`

Կեցցէ Ազատութիւնը,

Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Յաւէրժ փառք

Հարակից Նյութեր

Leave a Comment