Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Մէջ Նոր Աթոմակայան Կառուցելու Հայ-Ռուսական Աշխատանքային Խումբը Սկսած Է Աշխատանքները

Հայաստանի Մէջ Նոր Աթոմակայան Կառուցելու Հայ-Ռուսական Աշխատանքային Խումբը Սկսած Է Աշխատանքները

by MassisPost

Հայաստանը գործուն քայլերու կը ձեռնարկէ նոր աթոմակայանի կառուցման ուղղութեամբ, եւ այդ նպատակով Երեւանն ու Մոսկուան համատեղ աշխատանքային խումբ ստեղծած են, յայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Յակոբ Վարդանեանը, որ պատասխանատու է ուժանիւթ հարցերուն համար:

Պաշտօնեան ընդգծեց, որ խումբը արդէն իսկ սկսած է աշխատանքները. «Ինչ վերաբերում է նոր աթոմային էներկապլոքին, մենք ոչ միայն հակուած ենք, մենք երկկողմանի ստեղծել ենք աշխատանքային խումբ, աշխատանքային խումբն աշխատում է, արդէն առաջին համատեղ նիստն ունեցել ենք: Այս պահին տեխնիկա-տնտեսական հիմնաւորման վրայ ենք աշխատում, եւ այո՛, մենք կառուցելու ենք նոր էներկապլոք»:

Հայաստանի վարչապետի օրերս Ռուսաստան կատարած պաշտօնական այցի ժամանակ Փաշինեանն ու Փութինը համատեղ յայտարարութիւն ընդունեցին: Անոր մէջ պատրաստակամութիւն յայտնած էին ընդլայնելու համագործակցութիւնը աթոմային ուժանիւթի բնագաւառին մէջ, նաեւ նոր պլոքներու կառուցման մշակման շուրջ:

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները կը քննարկեն հայկական նոր աթոմակայանի հարցը: Նախորդ տարուայ Ապրիլին եւս` Փութինի հետ հանդիպումէն առաջ, Փաշինեան յայտնած էր, որ մտադիր է քննարկելու Հայաստանի մէջ նոր աթոմակայանի կառուցման հնարաւորութիւնը, թէեւ փակ հանդիպման յաջորդած յայտարարութեան մէջ թեմային անդրադարձ չեղաւ:

Տարածքային կառավարման փոխնախարարը ընդգծեց, որ Հայաստանի բոլոր կառավարութիւնները որոշումներ ունեցած են աթոմային երկիր մնալու մասին, մինչդեռ Մեծամօրի աթոմակայանը հնարաւոր պիտի չըլլայ շահագործել 2036-էն յետոյ:

«Նոր էներկապլոքի կառուցումը տարբեր գնահատականներով 8-10 տարի է տեւում այն պահից սկսած, որ արդէն նախագծային փուլ է մտնում, ինչը նշանակում է, որ եթէ օրինակ` 1-2 տարի յետոյ մենք մտնենք այդ փուլ, մենք 2033-2034 թուականին կարող ենք ունենալ նոր էներկապլոքը», նշեց ան:

Հայ-ռուսական աշխատանքային խումբը նոր աթոմակայանի տեխնիկա-տնտեսական հիմնաւորումները պատրաստելէ յետոյ նախեւառաջ պէտք է յստակացնէ, թէ Հայաստանին ինչ հզօրութեան, հետեւաբար` ինչ արժողութեամբ նոր աթոմակայան հարկաւոր է, ու ինչպէս պիտի լուծուի ֆինանսաւորման հարցը:

«Այս պահի դրութեամբ արդէն Ռուսաստանն առաջարկներ ունի փոքր էներկապլոքների, բայց ես համոզուած չեմ, որ մենք կը գնանք հէնց փոքր էներկապլոքների կառուցման ճանապարհով: Հազար մեկաուաթնոց է դասական պլոքը, եւ յետոյ դասական պլոքը մէկ արժէք ունի, ոչ-դասական պլոքները` մէկ այլ արժէք` մէկ քիլօուաթի դրուածքային առումով: Դրանք շատ-շատ տարբեր են: Պատկերացրէք` մենք, ենթադրենք, կառուցում ենք 600 մեկաուաթնոց ոչ-դասական պլոք, որն արժենում է աւելի թանկ, քան հազար մեկաուաթնոցը»,  նկատեց Յակոբ Վարդանեանը:

Նոր աթոմակայանը կրնայ աժել 5-13 միլիառ տոլար:

Հարակից Նյութեր

Leave a Comment