Home ՀԱՅԱՍՏԱՆ Կ’առաջարկեմ` Ձեր Տիրոջ Որդիները Գան Եւ Ուղիղ Եթերով Պատմեն, Թէ Ինչպէ՞ս Կրցան Տակաւին Երիտասարդ Տարիքին Դառնալ Տոլարային Միլիոնատէրներ. Էտմոն Մարուքեանը՝ «5-րդ Ալիք»ին

Կ’առաջարկեմ` Ձեր Տիրոջ Որդիները Գան Եւ Ուղիղ Եթերով Պատմեն, Թէ Ինչպէ՞ս Կրցան Տակաւին Երիտասարդ Տարիքին Դառնալ Տոլարային Միլիոնատէրներ. Էտմոն Մարուքեանը՝ «5-րդ Ալիք»ին

by MassisPost

Յատուկ յանձնարարութիւններով դեսպան Էտմոն Մարուքեանը իր ֆէյսպուքեան էջով գրած է․

«Հայաստանի դիւանագիտական ճակատին իմ միանալը մէկ ԵԽԽՎ-ում ինձ ճանաչող մեր թշնամի երկրի պատուիրակներին է անհանգստացրել, մէկ էլ Ռոպերթ Քոչարեանին ու իր արբանեակներին:

Առաւօտեան նկատեցի, որ բազմաթիւ նամակներ եմ ստացել. օգտատէրերը գրում են, ասում են Ռոպերթ Քոչարեանին պատկանող «5-րդ ալիք»ը մի տեսահոլովակ է պատրաստել, որտեղ իմ ելոյթներից հատուածներ են, դրուագներ իմ ու Նիկոլ Փաշինեանի, իմ ու Ալէն Սիմոնեանի, իմ ու Սասուն Միքայէլեանի խորհրդարանական վէճերից, իմ խօսքերի բնագրից կտրուած հատուածներ, իբրեւ թէ մի ահաւոր տեսանիւթ, որը սէիտովեան հրճուանքով տարածում են: Իրենց տեսահոլովակներով, նիւթերով ու կեղծ օգտատէրերով անգամ իմ տուն են մտել:

Նախ, յիշեցնեմ, որ մենք թաքցնելու ոչինչ չունենք, մեր գործունէութիւնը եղել է մշտապէս բաց ու թափանցիկ, բոլորի աչքի առաջ, մարդիկ այդ ամէնը տեսել են` առանց բնագրից կտրելու եւ ուղիղ եթերում:

Ըստ այդմ` ցանկանում եմ «5-րդ ալիք»ին հարցնել, կարո՞ղ էք այս թեմաներով էլ տեսահոլովակներ պատրաստել.

* Ինչպէ՞ս կազմակերպուեց Հոկտեմբերի 27-ը եւ խորհրդարանում գնդակահարուեցին ժողովրդի կողմից ընտրուած` երկրի առաջնորդները,

* Ինչպե՞ս եւ ո՞ւմ հրահանգով Քոչարեանի անվտանգութեան աշխատակիցների մասնակցութեամբ սպաննուեց քաղաքացի Պօղոս Պօղոսեանը,

* Ինչպէ՞ս սպաննուեց գլխաւոր դատախազն իր աշխատասենեակում,

* Ինչպէ՞ս մինչեւ 2008 սպաննուեցին իշխանութեանը հակադրուող յայտնի քաղաքական գործիչներ,

* Ինչպէ՞ս Մարտի 1-ին սպաննուեցին խաղաղ ցուցարարները Երեւանում:

Աւելի բարի թեմաներով տեսահոլովակներ էլ կարող էք պատրաստել: Օրինակ` Արեւմուտքում ընդունուած է յաջողակ անձանց կողմից իրենց յաջողութեան պատմութիւններով եթերում կիսուելը: Առաջարկում եմ ձեր տիրոջ որդիները գան եւ ուղիղ եթերում պատմեն, թէ ինչպէ՞ս կարողացան տակաւին երիտասարդ տարիքում դառնալ տոլարային միլիոնատէրեր: Մեր երեխաներն էլ կը դիտեն եւ այդ յաջողութեան պատմութիւնը կը սերտեն:

Թեմաները շատ են, փուլ առ փուլ կ’առաջարկեմ նոր տեսահոլովակների թեմաներ, եթէ ի հարկէ այս թեմաներով կը պատրաստէք:

Վերջում մի բարի տեսահոլովակ էլ առաջարկեմ. ինչպէ՞ս կարող է հոգատար պապիկը անել այնպէս, որ թոռները ծնուեն Միացեալ Նահանգներում` ԱՄՆ անձնագիր ստանալու համար, յետոյ ինքը մասնակցի Ցեղասպանութեան տարելիցի ջահերով երթին` «ընդդէմ թուրքի, յանուն հայի եւ Արցախի»:

Այնպէս որ կը սպասենք ձեր նիւթերին այս հետաքրքիր ու բարի թեմաներով, իսկ ես անցնեմ իմ գործերին»:

Հարակից Նյութեր

Leave a Comment