Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ուքրանիայէն Հայաստան Մեկնիլ Փափաքող Հայերու Թիւը Մեծ Է

Ուքրանիայէն Հայաստան Մեկնիլ Փափաքող Հայերու Թիւը Մեծ Է

by MassisPost

Պատերազմի գօտիի վերածուած Ուքրանիայէն բազմաթիւ հայեր կը փափաքին մեկնիլ Հայաստան, ռազմական գործողութիւններու հինգերորդ օրը ըսած է Քիեւի հայկական համայնքին ղեկավարը:

Նորիկ Գէորգեանը վստահ չէ, թէ արդէն քանի ընտանիք դուրս եկած է Քիեւէն, քանի որ շատերը կը հեռանան երկրէն սեփական միջոցներով` առանց համայնքը տեղեկացնելու: Հեռանալու փափաք ունին ինչպէս Հայաստանի քաղաքացիները, այնպէս ալ Ուքրանիոյ քաղաքացի ազգութեամբ հայերը: Ուքրանիոյ մէջ ապրող ծագումով հայերու եւ Հայաստանի քաղաքացիներուն թիւը, ըստ Սփիւռքի յանձնակատարի գրասենեակին, կը հասնի 400 հազարի:

«Մարդիկ, ովքեր հնարաւորութիւն ունեն, դուրս են գալիս դէպի արեւմուտք, այստեղից անցնեն սահմանը դէպի Ռումինիա, Սլովաքիա, Լեհաստան: Այնտեղ Հայաստանի քաղաքացիներին ընդունում են առանց վիզայի․ Հայաստանի կառավարութիւնը կազմակերպել է դա: Ուքրանիայի քաղաքացիներին էլ, բոլորին էլ, բաց են թողնում շատ հեշտ, բացի տղամարդկանցից 18-ից 60 տարեկան: Մենք բոլորին խորհուրդ ենք տալիս մինչեւ ինչ-որ կայունութեան ստեղծուելը, մնալ տեղերում, որովհետեւ այսօր ճանապարհը շատ աւելի բարդ է, քան տեղում մնալը, սակայն մարդիկ, ովքեր իրենց համար որոշում են կայացնում, դուրս են գալիս, մենք այդ մարդկանց արդէն ուղեկցում ենք», ըսաւ Գէորգեան:

Գէորգեանի տուեալներով` Ռուսաստանի յարձակման դիմակայող Ուքրանիոյ մէջ հայերու շրջանակին մէջ, բարեբախտաբար, զոհեր չկան: Հայկական համայնքը Հայաստանի դեսպանատան հետ համատեղ կ’աջակցի այն ընտանիքներուն, որոնք կը փափաքին յաղթահարելով խոչընդոտները շարժիլ դէպի արեւմուտք` այնտեղէն ալ մեկնիլ այլ երկրներ, այդ շարքին` Հայաստան:

«Ճանապարհներին Վիննիցա, Խմելնիցքի, Թէրնոփոլ քաղաքներում ապաստան ենք տալիս մի գիշերով, որ առաւօտեան պարէտային ժամը վերջանալուց յետոյ շարժուեն դէպի սահման», ըսաւ Քիեւի հայկական համայնքին ղեկավարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment