Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վերածնունդը Պետական Քաղաքականութիւն է. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Ուղերձը

Վերածնունդը Պետական Քաղաքականութիւն է. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Ուղերձը

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղած է Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առթիւ, ուր կ’ըսուի․

«Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպէներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կեանքը զոհաբերած մեր եղբայրների ու քոյրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թուականի 44-օրեայ պատերազմի ողբերգութիւնից յետոյ որդեկորոյս բազմաթիւ ընտանիքներում զաւակներ են ծնուել. վերածնւում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնւում են, որովհետեւ 2021 թուականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբօր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնոյն անունը, ազգանունը, հայրանունը:

Խորախորհուրդ մի յայտնութիւն է սա, կեանքի յաղթանակ, առասպելաբանութեան մարմնաւորում. ծնուել է 2001 թուականին, զոհուել է 2020 թուականին, վերածնուել է 2021 թուականին:

Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետեւ նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլեւ մեր հայրենիքին ապրելու, յուսահատութիւնը յաղթահարելու, ապագային հաւատալու եւ յանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս:

Հենց այս ընթացքով քաջալերուած եւ բազմաթիւ ընտանիքների ցանկութիւնը հաշուի առնելով, կառավարութիւնը 2022 թուականի Յունուարից զոհուածների ընտանիքներում վերարտադրողական առողջութեան վերականգնման պետական ծրագիր է սկսում: Իսկ բոլոր այն դէպքերում, երբ վերարտադրողական առողջութիւնը հնարաւոր չի լինի լիարժէք վերականգնել, մեր նահատակ զաւակների ընտանիքները պետական ֆինանսաւորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարաւորութիւն կ’ունենան:

2022 թուականի Յունուարի 1-ից մեկնարկում է 3-րդ եւ իւրաքանչիւր յաջորդ նոր ծնուող երեխային պետական աջակցութեան ծրագիրը, երբ իւրաքանչիւր ընտանիքում, անկախ նրա սոցիալական վիճակից, նոր ծնուող 3-րդ եւ իւրաքանչիւր յաջորդ երեխայ մինչեւ վեց տարեկանը կը ստանայ ամսական 50 հազար դրամ պետական աջակցութիւն:

Այս ամէնն ասում եմ՝ ի ցոյց դնելու, որ Վերածնունդը պետական քաղաքականութիւն է, եւ 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի: Յոյս ունեմ, որ մեր բազմաթիւ ընտանիքներում հարազատ, ընկեր, բարեկամ, նոյնիսկ ծանօթ ու անծանօթ նահատակների անունները կրող զաւակներ կը ծնուեն 2022-ին:

Նման որոշումներն, ի հարկէ, կապւում են ոչ միայն ֆինանսական, որքան աւելի շատ սոցիալ-հոգեբանական գործօնների հետ: Նման որոշումները կայացւում են առաջին հերթին ապագային հաւատալով եւ ապագայի նկատմամբ հաւատի վերականգնումը, ամրապնդումն ու զարգացումը մեր մեծագոյն առաքելութիւնն է:

Մեր հայրենիքի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականութեան յաջողութիւնն է ապագայի նկատմամբ հաւատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախուած, հետեւողականօրէն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրութիւնը եւ մթնոլորտը Հայաստանի Հանրապետութեան շուրջ եւ մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգութեան ապահովումը մեր այսօրուայ մեծագոյն մարտահրաւէրն է եւ փորձը ցոյց է տալիս, որ անվտանգութեան ապահովման ամենայուսալի միջոցը խաղաղութիւնն է:

Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինուած ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենայ փրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաեւ կանանց աւելի ու աւելի շատ ներգրաւմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկէտային զինծառայութիւնն էականօրէն պիտի փոխուի, վերակերպուելով մարտական պատրաստականութեան պարտադիր հաւաք-վարժանքների, որոնք կեանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականութեամբ:

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նուաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելն է:

Սիրելի ժողովուրդ,

Հենց վերածննդին եւ խաղաղ ապագային են միտուած կառավարութեան բոլոր քայլերը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները, այո բազմաթիվ ռիսքեր են պարունակում, բայց եւ նաեւ բազմաթիւ հնարաւորութիւններ, եւ մեր քաղաքականութիւնը միտուած է ռիսքերը կառավարելուն ու չէզոքացնելուն, իսկ առկայ հնարաւորութիւնները՝ օգտագործելուն:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորումն Արցախի հայութեան իրաւունքների լիարժէք պաշտպանութեամբ՝ մեր ռազմավարական նպատակն է։

Մեր կառավարութիւնը թէ պատերազմից առաջ եւ թէ դրանից յետոյ մշտապէս եղած է Արցախի կողքին: Միայն 2021 թուականին կառավարութիւնն աւելի քան 128 միլիառ դրամի՝ 267 միլիոն տոլարի աջակցութիւն է ցուցաբերել Արցախին: 2022 թուականի պիւտճէով արդէն Արցախին նախատեսում ենք յատկացնել աւելի քան 144 միլիառ դրամ՝ 300 միլիոն տոլար եւ նաեւ պիտի մտածենք մեխանիզմների մասին, որ այս յատկացումներն ու նրանց օգտագործումը լինի առաւել արդիւնաւէտ:

Սիրելի ժողովուրդ.

2021 թուականը դժուար տարի էր, որը սկսուեց պատերազմի արհաւիրքների արդիւնքում յառաջացած սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամով: Երբեմն թւում էր, թէ յետպատերազմական յուզումները կը դառնան անկառավարելի, կը վերածուեն քաոսի եւ քաղաքացիական բախումների: Բայց ուզում եմ նկատել, որ 2021 թուականը նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի կենսունակութեան ապացոյց դարձաւ, որովհետեւ ի զարմանս շատերի, մենք կարողացանք փրոցեսները վերադարձնել լիարժէք քաղաքական հուն, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին արտայայտուելու, ազատ կամարտայայտմամբ որոշումներ կայացնելու հնարաւորութիւն ընձեռելով:

2021 թուականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները միջազգային մեծ ուշադրութեան արժանացան, որովհետեւ մինչեւ օրս էլ միջազգային հանրութիւնն ապշեցուցիչ է համարում, որ նման պայմաններում Հայաստանը կարողացաւ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնել:

Այսօր այո, միջազգային հանրութիւնը Հայաստանն ընկալում է որպէս ժողովրդավարութեան առաջատար ուժ եւ սա մի ձեռքբերում է, որը մենք չպէտք է կորցնենք: Մեր խնդիրն է՝ ժողովրդավարութիւնը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործօն մեր երկրի անվտանգութեան, բարեկեցութեան, զարգացման համար: Ժողովրդավարութիւնը պիտի դառնայ վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարութեանն ու ժողովրդավարական արժէքներին Հայաստանն իր նուիրուածութիւնը եւս մէկ անգամ ի ցոյց դրեց 2021 թուականի Հոկտեմբեր-Դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում:

Եւ այո, ժողովրդավարութիւնը, իրաւունքի գերակայությունը, մարդու իրաւունքների պաշտպանութիւնը պէտք է անձեռնմխելի լինեն մեր երկրում, մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու եւ արդիւնք ստեղծելու հնարաւորոթիւնները պէտք է աջակցութիւն ունենան եւ խթանուեն:

Այս առումով, մեզ համար սկզբունքային նշանակութիւն ունեն այն բարեփոխումները, որ  իրականացնում ենք կրթութեան եւ գիտութեան ոլորտում, որովհետեւ հնարաւորութիւնն այդպէս էլ կը մնայ հնարաւորութիւն, եթէ մենք մեր քաղաքացուն դրանից օգտուելու հմտութիւն չհաղորդենք: Իսկ սա հնարաւոր է անել միայն կրթութեան, գիտութեան եւ տեխնոլոգիաների զարգացմամբ: 2021 թուականին յաջողութեամբ մեկնարկել է ուսուցիչների կամաւոր աթեսթաւորման ծրագիրը, որի արդիւնքներով բազմաթիւ ուսուցիչների աշխատավարձեր արդէն իսկ բարձրացել են 30-ից 50 տոկոսով: Կամաւոր աթեսթաւորման գործընթացը շարունակուելու է 2022 թուականին եւ այդպիսով ոչ միայն ուսուցչի աշխատանքի գրաւչութիւնն ենք բարձրացնում, այլեւ երաշխիքներ ենք ստեղծում, որ դասասենեակ մտնեն միայն պատշաճ որակաւորում ունեցող ուսուցիչներ, որոնց գործունէութեան արդիւնքում մեր երեխաներն ու սերունդները կը լինեն առաւել մրցունակ:

Արդէն իսկ մեկնարկել է 300 դպրոց եւ 500 մանկապարտէզ կառուցելու, վերակառուցելու կամ  հիմնանորոգելու մեր ծրագիրը: 2022 թուականին գործընթացի մէջ գտնուող աւելի քան 100 դպրոց կ’ունենանք, առնուազն 100 մանկապարտէզ: Որոշակի վերափոխումների ենք ենթարկում համայնքներին տրուող սուպվենցիոն ծրագրերի բանաձեւերը՝ համայնքների համար մանկապարտէզներ կառուցելու հնարաւորութիւնն աւելի ընդլայնելու համար։

2022 թուականի պետական պիւտճէով աւելի քան 80 տոկոսով աւելացրել ենք գիտութեան ֆինանսաւորումը: Արդէն Յունուարի 1-ից գիտութեան ոլորտի աշխատողների աշխատավարձերը կ’աւելանան, ուշադրութիւն դարձրէք, 40-ից 165 տոկոսով՝ բայց սա ամէնը չէ, եւ գործընթացը շարունակուելու է մինչեւ 2026 թուականը: Սրանով մենք գիտնականի աշխատանքը գրաւիչ ենք դարձնում երիտասարդների համար, բայց նաեւ քաջալերում ենք գիտական հանրութեանն աւելի ակտիվ ու մեծ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում:

Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Ամանորի այս ուղերձը չեմ ուզում ծանրաբեռնել լրացուցիչ տուեալներով, ոչ էլ քաւ լիցի, վարդագոյն պատկեր եմ ուզում ստեղծել: Պարզ է, որ պատերազմի ցնցումը չենք յաղթահարել, ու տեւական ժամանակ չենք յաղթահարի: Այս իրավիճակն ահագնանում է COVID-19-ի շարունակուող համավարակով, որի բերած տնտեսական հետեւանքները հիմա արդէն իւրաքանչիւր ոք աւելի է զգում, քան 2020 թուականին: Աննախադէպ կլոպալ գնաճը, որը 2020-21 թուականներին COVID-ի պատճառով ի յայտ եկած սահմանափակումների հետեւանք է, իւրաքանչիւրի տուն է մտել եւ քաղաքացիների մեծամասնութիւնն այսօր աւելի վատ է ապրում, քան 2020 թուականի մեկնարկին:

Բայց պատերազմի ու COVID-ի հետեւանքներին մեր արձագանգը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը: Մտածումը, աշխատանքը, ջանքը: Հենց այսպիսին պիտի դարձնենք 2022 թուականը, Հայաստանի իրական եւ ռազմավարական վերելքի տարի: Պատերազմի հետեւանքով յայտնուել ենք զրոյական կէտում եւ թերեւս ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Ազատ, խաղաղ, վերածնուող եւ վերակառուցուող Հայաստանի ու Արցախի կենացը բարձրացրէք:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

 

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment