Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանեան Ընդդիմութեան Ու Իշխանութեան Առանցքային Դէմքեր Լրտեսական Pegasus Ծրագրով Յարձակում Ենթարկուած են

Հայաստանեան Ընդդիմութեան Ու Իշխանութեան Առանցքային Դէմքեր Լրտեսական Pegasus Ծրագրով Յարձակում Ենթարկուած են

by MassisPost

Նոյեմբեր 24-ին ԱԱԾ նախկին տնօրէն,  ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար՝ Արթուր Վանէցեան իր դիմատետրեան էջով գրած է, որ «Apple» ընկերութենէն նամակ ստացած է, որով հեռախօսը անվտանգ պահելու խորհուրդներ կու տայ, եւ Վանէցեան վստահ է, որ զինք կը գաղտնալսեն, եւ ան ունի փաստացի տուեալներ այն մասին, որ յարձակում եղած է Pegasus ծրագրով։

Այսօրուայ կառավարութեան նիստէն յետոյ լրագրողները Բարձր Տեխնոլոգիական Արդիւնաբերութեան (ԲՏԱ) նախարար Վահագն Խաչատրեանին հարցուցին թէ արդեօք Հայաստանը նման ծրագիր ձեռք բերա՞ծ է, Վահագն Խաչատրեան ըսաւ, որ ինքը նման տեղեկութիւն չունի։

Հարցին, թէ հնարաւո՞ր է ՀՀ իշխանութիւնը նման ծրագիր ձեռք բերեր ընդդիմադիրները գաղտնալսելու համար, նախարարը ըսաւ, որ կը բացառուի, քանի որ անոր կարիքը չկայ։

Այնուհետեւ նախարարը ըսաւ, որ ինքը նոյնպէս այդպիսի հաղորդագրութիւն ստացած է եւ կը կարծէ, որ շատերն ալ ստացած են։

«Դա նշանակում է, որ դա Հայաստանի իշխանութիւնների հետ առնչութիւն չունի, դա միջազգային յայտնի ընկերութիւն է, եւ միայն մեզ մօտ չի, որ խնդիր է առաջացրել, շատ երկրների, շատ երկրների ղեկավարների համար այդպիսի խնդիրներ են առաջացրել։ «Apple»-ի նման ընկերութիւնը, որն աւելի ուշադիր է իր սպառողների, հեռախօսներից օգտուողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է գրում։ Մենք էլ արել ենք իրենց այն ցուցումները, որը որ կար։ Այսինքն՝ գաղտնաբառերը փոխել ենք, նորից նոր սիստեմի ենք անցել։ Մնացած մեկնաբանութիւնները ով որ անում է եւ ենթադրութիւններ է անում, թէ դա ում կողմից է արուել, խնդրում եմ՝ իրեն դիմէք։ Որովհետեւ այն, ինչ որ կատարուել է  յստակ իմ հետ՝ որպէս քաղաքացի, եւ իմ շրջապատի մարդկանց հետ, դրանք մենք գնահատել ենք որպէս յարձակում կամ ցանկութիւն ՀՀ-ի՝ տուեալ դէպքում առանձին քաղաքացիների, միգուցէ նաեւ պետական կառոյցների անվտանգութեանն ուղղուած քայլեր»,- ըսաւ Վահագն Խաչատրեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment