«Այս պահի դրութեամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ բանակցութիւններ չեն ընթանում»: Այդ մասին «Արմէնփրէս»-ի հետ զրոյցի ընթացքին յայտնեց ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար՝ Վահան Յունանեանը՝ անդրադառնալով հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման շուրջ ընթացող քննարկումներուն:
«Ինչպէս արձանագրուած է կառավարութեան ծրագրում՝ Հայաստանը մշտապէս պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը: Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թւում մեր դաշնակից Ռուսաստանը, յայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին: Եւ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը: Եթէ ու երբ գործընթացը առաջ գնայ՝ մենք, բնականաբար, հանրութեանը զարգացումների մասին կը տեղեկացնենք: Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրութեամբ Թուրքիայի հետ որեւէ բանակցային գործընթաց չի ընթանում», յայտնեց ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութեան մամլոյ խօսնակ՝ Վահան Յունանեան: