Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Արեվմտյան Թեմի Կրթության Օջախները` Շաբաթօրյա Դպրոցները

Արեվմտյան Թեմի Կրթության Օջախները` Շաբաթօրյա Դպրոցները

by MassisPost

Արևմտյան թեմն  ունի տասնութ շաբաթօրյա դպրոց՝ Լոս Անճելոսում և Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում, որտեղ հայ երիտասարդ սերունդը  սովորում է մեր լեզուն, կրոնը, պատմությունը, մշակույթը, երգն ու պարը,  մեր ազգային արժեքները և  հայրենասիրության առաքինությունը՝ հարատև պահելու Հայ ինքնությանը կրակը: Այս ազգապահպան աշխատանքը նախաձեռնել է շաբաթօրյա դպրոցների Գիտակրթական Խորհուրդը և  ուսուցչական կազմը՝  առաջնորդությամբ և հովանավորությամբ Արևմտյան Թեմի  Բարեխնամ Առաջնորդ  Գերաշնորհ Տ․ Հովնան Արք․Տերտերյանի։

Թեմական շաբաթօրյա դպրոցները  առաջնորդվում են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, կրոնի և մշակույթի համապարփակ ուսումնական ծրագրով, որը հիմնված է  Քալիֆորնիա նահանգի կողմից սահմանված լեզուների դասավանդության հիմնական չափանիշների վրա: Ծրագրի աղբյուրներն են տեղական և հայրենական տպագրության հայերենի ու հայ գրականության դասագրքերը, հայոց պատմության, հայ մշակույթի, հայրենագիտության և արդիական հարցերի շուրջ առկա նյութերը, գիտարվեստի միջոցներ, հայկական կայքէջեր  և զանազան լսա-տեսողական միջոցներ: Ծրագիրը ընդգրկում է նաև  աշակերտի լեզվի իմացության  մակարդակը, տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները  և սովորելու կարողությունները:

Շաբաթօրյա դպրոցների հիմնական նպատակն է մեր մանուկնրին տալ ամբողջական Հայեցի կրթություն, որպեսզի նրանք կարողանան՝

—հաղորդակցվել մայրենի լեզվով

—հասկանալ և գնահատել մեր պատմական և մշակութային արժեքները

—ունենալ հպարտ ազգային ինքնագիտակցություն

—լինել հպարտ իրենց լեզվով, հավատով, մշակույթով և Հայրենիքով

—ունենալ  պատասխանատվության գիտակցություն Հայ համայնքի, Եկեղեցու, ապրած երկրի և  Հայրենիքի հանդեպ

—Ունենալ հանդուրժողականություն և հարգանք այլ ժողովուրդնրի և մշակույթների նկատմամբ։

Մանկավարժական նոր մոտեցումներին  ծանոթացնելու նպատակով,  յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին  Առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ դպրոցների Գիտակրթական Խորհուրդը կազմակերպում է շաբաթօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ամենամյա աշխատանիստեր: Վերջին՝  տասնմեկերրդ աշխատանիստը տեղի ունեցավ այս տարի օգոստոս տասնչորսին մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Լեզվի Պետական Կոմիտեի տնօրեն, Բանասիրական Գիտությունների Դոկտ. պրոֆեսոր Դավիթ Գյուրջինյանի և Սփյուռք Գիտական Կենտրոնի տնօրեն, Բանասիրական Գիտությունների Դոկտ․, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի։

Շնորհակալություն բոլոր դպրոցների տնoրիններին և  ուսուցչական կազմին իրենց կատարած հայակերտման մեծ աշխատանքի համար, բեմերից  համայնքին ներկայացված գրական-երաժշտական հանդեսների համար, ուր ներկա է մեր Հայրենիքը, Արցախի զինվորը, մեր աղոթքը, մեր բանաստեղծը, մեր երգն ու պարը: Շնորհակալություն մեր ծնողներին, որոնք սատարում են Հայ Դպրոցը՝ դարձնելով այն մի կտոր հող և շունչ մեր Հայրենիքից:

 

Մանկ․ Գիտ․Դոկտ. Էլլի Է. Անդրեասյան,

Շաբ. Դպրոցների Գիտակրթականկան Խորհուրդի Ատենապետուհի

 

Հարակից Նյութեր

Leave a Comment