Home ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿ-ը Կոչ Կ’ընէ Սիրադեղեանը Յուղարկաւորելու Կոմիտասի Անուան Պանթէոնին Մէջ

ՀԱԿ-ը Կոչ Կ’ընէ Սիրադեղեանը Յուղարկաւորելու Կոմիտասի Անուան Պանթէոնին Մէջ

by MassisPost

Առաջին նախագահ՝ Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորած Հայ ազգային քոնկրէսը կառավարութեան կոչ կ’ընէ Վանօ Սիրադեղեանը յուղարկաւորելու Կոմիտասի անուան պանթէոնին մէջ՝ հաշուի առնելով «ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայութիւնները՝ գրականութեան եւ պետական կառավարման բնագաւառներում»: Առայժմ, սակայն, յայտնի չէ նոյնիսկ, եթէ Սիրադեղեանի աճիւնը կը տեղափոխուի Հայաստան։

Անոր մերձաւոր՝ Խաչատուր Սուքիասեանի խօսքով` արտասահմանի մէջ Սիրադեղեանը այլ անունով ապրած է. «Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Վանօ Սիրադեղեանը եղել է հետախուզման մէջ, Վանօ Սիրադեղեանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եւ այսօր բարդութիւններ կան, որովհետեւ նրա մահից յետոյ նա այլ ձեւով է գրանցուած: Տեխնիկական, իրաւական խնդիր կայ»:

Սիրադեղեանի մահուան մասին ընտանիքի հաղորդագրութենէն երկու օր անց վարչապետը եւ նախագահը դեռ չեն ցաւակցած:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամաւոր՝ Խաչատուր Սուքիասեան կողմ է, որ գերեզման յատկացուի Կոմիտասի անուան պանթէոնին մէջ՝ հայ ականաւոր գործիչներու կողքին։ Սուքիասեան չի թաքցներ, որ կապի մէջ եղած է Սիրադեղեանի հետ, որուն իրաւապահները քսան տարիէն աւելի է կ’որոնեն. «Ինքը ոչ մէկից նեղացած չէր: Դա շատ մեծ արժէք է, երբ որ մարդը ոչ մէկից նեղացած չի, ուղղակի ճիշդ, սթափ գնահատում է քաղաքական բոլոր գործընթացները եւ միշտ ասում էր, որ վտանգները շատ են, մենք փոքր երկիր ենք»:

Դեռ 2018-ին՝ վարչապետ ընտրուելէն օրեր առաջ Նիկոլ Փաշինեան ըսած էր, որ իրաւական լուծումներ պէտք է գտնել Սիրադեղեանի վերադարձին համար:

«Վանօ Սիրադեղեանը երկու հարց էր առաջ քաշել. ինքը չէր ընդունում, որ պէտք է գայ, եւ իրեն ձերբակալեն, նոր քննութիւններ գնան: Երկրորդը, ես ինչքան հասկացայ Վանօ Սիրադեղեանի մտքերից այդ ժամանակ, ինքն ուզում էր` յեղափոխութիւնից յետոյ այս իշխանութիւնը եւս ամրապնդուեր, նոր գար, որովհետեւ նա շատ հեռատես, շատ խոր պատկերացումներով մարդ էր: Հեռւում լինելուց տասնեակ մարդկանցից աւելի խորն է վերլուծել Հայաստանում ցանկացած գործընթաց, եւ նա հասկացել էր, որ դեռ խմորումներ կը լինեն, դեռ խանգարողներ կը լինեն», – նշած է Խաչատուր Սուքիասեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment