Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Լոս Անճելեսում ՀՀ Գլխաւոր Հիւպատոսութիւնը Համագործակցութիւն Է Հաստատում Եութա Նահանգի Հետ

Լոս Անճելեսում ՀՀ Գլխաւոր Հիւպատոսութիւնը Համագործակցութիւն Է Հաստատում Եութա Նահանգի Հետ

by MassisPost

Լոս Անճելոսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանի առաջին պաշտօնական այցը Եութա նահանգ սկսուել էր Յուլիսի 12-ին Սոլթ Լեյք Սիթի մայրաքաղաքի Արբաթ սրահում հայ համայնքի հետ հանդիպումով: Գլխաւոր հիւպատոսը խօսել էր գործնական մեխանիզմների եւ ծրագրերի մասին՝ կոչուած մնայուն յարաբերութիւններ ձեւաւորել Եութայի երկու հազարանոց հայ համայնքի եւ Լոս Անճելոսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան հետշ, այդպիսով կամրջելով համայնքը Հայաստանի հետ: Դեսպան Բայբուրդեանը իր երախտագիտութիւնն էր յայտնել համայնքի ներկայացուցիչներին վերջին տարուայ 44-օրեայ պատերազմի ընթացքում Արցախին եւ Հայաստանին մարդասիրական աջակցութեան ցուցաբերելու ջանքերի համար: Նա Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան անունից շնորհակալագիր էր յանձնել Սոլթ Լեյք Սիթիի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Յովիկ Մկրտիչեանին, այցի հայկական հատուածի կազմակերպման եւ հայ համայնքի կտրուածքով ղեկավար գործունէութեան համար:

Յունիսի 13-ին գլխաւոր հիւպատոսն այցելել էր Եութա նահանգի Օգդեն քաղաքում գտնուող Ուեբերի պետական համալսարան: Դեսպան Բայբուրդեանը հանդիպումներ էր ունեցել Ուեբերի պետական համալսարանի նախագահ Բրեդ Մորթենսենի, պրովոստ եւ գիտական աշխատանքների գծով փոխնախագահ Ռավի Կրովիի, դեկան եւ միջազգային կապերի պատասխանատու Յիմին Ուոնգի, Առողջապահական մասնագիտութիւնների քոլեջի դեկան Յասմին Սիմոնեանի եւ Խաղաղութեան եւ զարգացման ամպիոնի նախաձեռնող խմբի հետ: Քննարկուել եւ համաձայնեցուել էին Հայաստանի բուհերի հետ գործընկերութեան հաստատման օրակարգային մի քանի կարեւոր կէտեր, մասնաւորապէս՝ Ուեբերի պետական համալսարանի ուսանողների համար Հայաստանում ուսումնառութեան ծրագրի մեկնարկի, Լոս Անճելոսում գործընկերութեան խթանման միջոցառում կազմակերպելու եւ այլնի վերաբերեալ: Դեկան Սիմոնեանի հետ եւ Դումկէի առողջապահական մասնագիտութիւնների քոլեճի ամպիոնի վարիչների հետ հանդիպմանը քննարկումը սեւեռուել էր Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ գործընկերութիւն հաստատելու խնդրի վրայ:
Ամերիկայի հայկական համագումարի Եութայի նախագահ Նարինէ Սարգսեանը ընթրիք էր կազմակերպել ի պատիւ դեսպան Բայբուրդեանի՝ հայ համայնքից բազմաթիւ հրաւիրեալների մասնակցութեամբ:

Յուլիսի 14-ին դեսպան Բայբուրդեանը հիւրընկալուել էր Եութա նահանգի փոխնահանգապետ Դիդրէ Հենդերսոնի կողմից: Զրուցակիցները քննարկել էին Հայաստանի եւ Եութայի միջեւ բազմաբնոյթ համագործակցութեան հաստատման հեռանկարները: Գլխաւոր հիւպատոսը խնդրել էր փոխնահանգապետի աջակցութիւնը տեղի հայկական համայնքի որոշ կարիքների լուծման հարցում:

Դեսպան Բայբուրդեանն այցելել էր Պրովօ քաղաքի Բրիգհամ Եանկ համալսարան եւ աշխատանքային ճաշ ունեցել Քենեդիի միջազգային հետազօտութիւնների կեդրոնի ղեկավարութեան, ինչպէս նաեւ քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների դասախօսների հետ: Նրանք խորքային քննարկում էին անցկացրել Հարաւային Կովկասում ձեւաւորուած իրավիճակի վերաբերեալ: Նա նաեւ այցելել էր Եութայի հովտի համալսարան եւ հիւրընկալուել միջազգային կապերի պատասխանատու Բալդոմերօ Լագոյի կողմից: Նրանք քննարկել էին վերջինիս նախաձեռնած միջազգային դիւանագիտական համաժողովին առնչուող հարցեր:

Յուլիսի 15-ին տեղի էր ունեցել «Եութա – Հայաստան առեւտրի եւ ներդրումների հնարաւորութիւններ» խորագրի ներքոյ գործարար կլոր սեղան: Այն կազմակերպել էր Յութայի Համաշխարհային առեւտրի կեդրոնը, Նահանգապետի տնտեսական զարգացման գրասենեակը եւ Սոլթ Լեյքի առեւտրաարդիւնաբերական պալատը: Դեսպան Բայբուրդեանը մինչ գործարար կլոր սեղանը հանդիպում էր ունեցել Եութայի Համաշխարհային առեւտրի կեդրոնի նախագահ եւ գործադիր տնօրէն Մայլզ Հանսենի հետ: Նրանք քննարկել էին ձեւաւորուող համագործակցութեան ուղիները եւ առաջիկայ քայլերի տրամաբանութիւնը՝ ուղղուած Հայաստանի եւ Եութայի միջեւ գործարար կապերի խթանմանը: Մասնակիցներին ողջունել էին Եութայի նահանգապետի տնտեսական հնարաւորութիւնների գրասենեակի գործադիր տնօրէն Ռայան Սթարքսը եւ Եութայի Համաշխարհային առեւտրի կեդրոնի միջազգային ներդրումների գծով փոխնախագահ Դեյվիտ Կարլբախը: Եութայի նահանգապետի տնտեսական հնարաւորութիւնների գրասենյակի միջազգային առեւտրի, դիվանագիտութեան եւ արարողակարգի հարցերով տնօրէն Ֆրանց Կոլբը ներկայացրել էր Եութայի նահանգը՝ գործարար կեանքի տեսանկիւնից: Դրանից յետոյ դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդէս էր եկել զեկոյցով եւ տեսաֆիլմ նեկայացրել՝ ընդգծելով Հայաստանում գործարարութեամբ զբաղուելու համեմատական առաւելութիունները եւ հայկական բարձր տեխնոլոգիաների ընկերութիւնների՝ Եութայի շուկայ մուտք գործելու ներուժը: Նա պատասխանել էր նաեւ մասնակիցների հարցերին: Միջոցառմանը ներկայ էր Եութայի նահանգային սենատոր Քըրք Կալիմորը:

Գլխաւոր հիւպատոսը այցելել էր նաեւ Սոլթ Լեյք Սիթիի Մարդասիրական կեդրոն եւ հիւրընկալուել իր պատուին կազմակերպուած պաշտօնական ընթրիքին՝ ԷլԴիԷս եկեղեցու առաջնորդների կողմից:

Հարակից Նյութեր

Leave a Comment