Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Ամավերջի Հանդիսութիւն Սիեթլի Սուրբ Յարութիւն Վարժարանում

Ամավերջի Հանդիսութիւն Սիեթլի Սուրբ Յարութիւն Վարժարանում

by MassisPost

Յունիսի 20-ին աւարտուեց եւս մէկ ուսումնական տարի. ամավերջի այդ օրը Սիեթլի Սուրբ Յարութիւն  Դպրոցում աւանդական տօնախմբութիւն էր:

Հրաժեշտի հանդէսը սկսուեց նախակրթարանի աշակերտների երգերով ու արտասանությամբ։ Ներկաները վայելեցին նախակրթարանի ուսուցչուհիներ Նաիրա Յարութիւնեանի եւ Արմինէ Պետրոսեանի պատրաստած գեղեցիկ եւ ուսուցողական յայտագիրը, որը իրենց գործին անսահմանօրէն նուիրուած ուսուցչուհիների աշխատանքի արգասիքն էր:

Բուռն ծափահարութիւնների արժանացան նաեւ փոքրիկները, որոնք ներկայացրին իրենց ուսուցչուհու՝ Սիլվայ Ղազարեանի պատրաստած փոքրիկ հանդէսը:

Տնօրէնուհի Ալինա Սահակեանը, նախ, շնորհակալութիւն յայտնեց ուսուցչուհի Ս. Ղազարեանին, որը ոչ միայն կրթում ու դաստիարակում է երեխաներին, այլեւ նրանց է փոխանցում ազգային եւ համամարդկային արժէքները, որը ինքը կրում է իր մէջ: Ա. Սահակեանը աշակերտներին յանձնեց գովասանագրեր՝ Այբբենարանի դասընթացը յաջողութեամբ աւարտելու կապակցութեամբ:

Ապա բեմ բարձրացան միջին խմբի աշակերտները, որոնք ներկայացրին Յովհաննէս Թումանեանի «մի կաթիլ մեղր» ստեղծագործութեան բեմադրութիւնը, ինչպէս նաեւ դպրոցին եւ ընտանիքին վերաբերող զուարճալի մանրապատումներ:

Միջին խմբի ուսուցչուհու՝ Էլինէ Ղալամքարյեանի կատարած մեծածաւալ աշխատանքը բարձր գնահատուեց եբւ տնօրէնուհու, եբւ ներկաների կողմից:

Ամավերջի հանդէսների շարքն աւարտուեց Աւագ խմբի աշակերտների ներկայացրած բացառիկ յայտագրով, որը կոչւում էր «հնարամիտների ակումբ»: Երեխաները միմեանց հարցեր էին տալիս եւ ըստ պատասխանների որոշւում էր, թէ ով է ամենիվ հնարամիտը: Հետաքրքիր գաղափարը կեանքի էին կոչել ուսուցչուհիներ Գրետա Գաբրիէլեանը եւ Հռիփսիմէ Մելքումեանը, որոնք  մանկավարժական բծախնդիր աշխատանքի շնորհիւ կարողացել էին հասնել լաւագոյն արդիւնքի:

Հանդիսութեան աւարտին Սուրբ Յարութիւն Եկեղեցու հովիւ Տէր Վազգէն քահանայ Բոյաջյեանի ձեռամբ եւ սարկաւագների ու դպրաց դասի անդամների մասնակցութեամբ կատարուեց վարժարանի տնօրէնությեան, ուսուցչաց կազմի, աշակերտութեան եւ ծնողների օրհնութեան կարգ։ Արժ․ Տէր հայրը իր եւ Ծխական Խորհրդի կողմից անուն առ անուն շնորհաւորեց աշակերտներին, շնորհակալութիւն յայտնեց վարժարանի ուսուցչաց կազմին՝ ընդգծելով, որ առանց նուիրումի, առանց սիրոյ հնարաւոր չէ կատարել մանկավարժական աշխատանք: Տէր հայրը նշեց, որ պէտք է բարձր գնահատել Սուրբ Յարութիւն վարժարանի ուսուցիչների կատարած աշխատանքը, ապա անուն առ անուն իր շնորհակալութեան եւ օրհնութեան խօսքերը յայտնեց տնօրէնուհուն՝ Ալինա Սահակեանին, փոխտնօրէնուհուն՝ Սիլվայ Ղազարեանին եւ ուսուցչական կազմին՝ Էլինէ Ղալամքարյեանին, Գրետա Գաբրիէլյեանին, Հռիփսիմէ Մելքումյեանին, Նաիրա Յարութիւնեանին, Արմինէ Պետրոսեանին, Ժաննա  Իսախանյեանին, Լուսինէ Մարտիրոսեանին, որոնց անուրանալի ծառայութեան շնորհիւ օտար ափերում ապրող մեր երեխաները սովորում են ոսկեղէնիկ հայոց լեզուն, ստանում՝ հայեցի դաստիարակութիւն։  Դիմելով ծնողներին՝ Տէր հայրը քաջալերեց նրանց, որ շարունակեն իրենց զաւակների քայլերն ուղղել դէպի հայ վարժարան եւ եկեղեցի, որտեղ կերտվում է նրանց ինքնութիւնն ու նկարագիրը։ Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նուիրատուներին, վարժարանի կեանքով ապրող բոլոր ազգայիններին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որ մեր երեխաները ստանան հայկական կրթութիւն:  Նա յիշեցրեց, որ հէնց այս մարդկանց շնորհիւ է, որ սեպտեմբերին վարժարանը  կրկին բացելու է իր դռները՝ շարունակելով իր կրթական առաքելութիւնը: Շնորհակալութիւն Տիկնանց Յանձնախմբին հիւրասիրութիւնը կազմակերպելու համար։

Տէր Վազգէնը շնորհաւորեց նաեւ հայրերի տօնը, ապա բոլորին հրաւիրեց սիրոյ սեղանի շուրջ վայելել հիւրասիրութիւնը:

Հարակից Նյութեր

Leave a Comment