Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Մէջ Մայիսին Աշխատատեղերու Աննախադէպ Մեծ Թիւ Արձանագրուած Է

Հայաստանի Մէջ Մայիսին Աշխատատեղերու Աննախադէպ Մեծ Թիւ Արձանագրուած Է

by MassisPost

Հայաստանի մէջ աշխատատեղերու թուաքանակի աննախադէպ ցուցանիշ արձանագրուած է, այսօր՝ Յունիս 24-ին յայտարարուեցաւ կառավարութեան նիստի ժամանակ:

Պետական եկամուտներու կոմիտէի (ՊԵԿ) նախագահ՝ Էդուարդ Յովհաննիսեան վարչապետի պաշտօնակատար՝ Նիկոլ Փաշինեանի խնդրանքով ներկայացուց տուեալները. – «2021 թուականի Մայիս ամսուայ վերաբերեալ յայտարարագրուած 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս ցուցանիշն աննախադէպ է եւ կրկնել է 2020 թուականի Սեպտեմբեր ամսուայ ընթացքում արձանագրուած ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշը»:

Վարչապետի պաշտօնակատարը, իր հերթին, ըսաւ. – «Համեմատութիւնը 2020 թուականի Սեպտեմբերի հետ հետեւեալն է. Սեպտեմբերին եղել է 631 հազար 966, իսկ Մայիսին՝ 634 հազար 951, բայց մասնագէտներն ասում են, որ Սեպտեմբերը սովորաբար աշխատատեղերի ամենաբարձր ամիսն է: Ենթադրում ենք, որ մենք այս ցուցանիշը կը գերազանցենք նաեւ Սեպտեմբերին, այսինքն՝ Սեպտեմբերին աւելի բարձր ցուցանիշ կ’ունենանք»:

«Փաստօրէն 2021 թուականի Մայիսին մենք ունենք 86 հազար 962-ով կամ 15 տոկոսով աւելի աշխատատեղ, քան 2018 թուականի Մայիսին: 2021 թուականին աշխատավարձերի ֆոնդը, 2018-ի Մայիսի համեմատ, աճել է 38 միլիառ դրամով կամ 39 տոկոսով, եւ մէկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35714 դրամով կամ 20,2 տոկոսով», – նշեց Փաշինեան:

«Ի հարկէ, մենք այստեղ շարունակաբար միշտ այն հարցի առաջ ենք կանգնում, թէ որքանով են թուերն ապահովում ստուերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիւ եւ որքանով՝ նոր աշխատատեղերի շնորհիւ: Բայց, այնուամենայնիւ, մեր վերլուծութիւնների, քննարկումների արդիւնքում մենք եկանք այն եզրակացութեան, որ հիմա շինարարութեան ոլորտում որոշակի աճ կայ, եւ աշխատատեղերի աճն զգացւում է այդ ոլորտում: Նաեւ զբօսաշրջութեան դանդաղ, բայց հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Յաջորդ ամենախոշոր հատուածը հանրային սննդի ոլորտն է, որտեղ աշխատատեղերի աճ ունենք», – ըսաւ կառավարութեան ղեկավարը:

Հարակից Նյութեր

Leave a Comment