«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական ցուցակը գլխաւորող Նիկոլ Փաշինեան Վեդիի մէջ բնակիչներու հետ հանդիպման ժամանակ կոչ ըրաւ աշխուժօրէն մասնակցելու ընտրութիւններուն եւ քուէարկելու քաղաքացիի իշխանութեան օգտին:
«Շատ յաջողուած ու տպաւորիչ քարոզարշաւ ենք անցկացնում Արարատի մարզում: Այժմ Վեդիում ենք ու մենք տեսնում ենք, որ քաղաքացիական կամքը, քաղաքացիական ուժն այստեղ հզօր է: Համոզուած եմ, որ այդ ուժի հզօրութիւնը շատերը զգալու են 2021 թուականի Յունիսի 21-ին: Մենք այս ընտրութիւնների հետ կապուած չենք ասել, որ յաղթելու ենք, մենք ասել ենք, որ այս ընտրութիւններում քաղաքացին է յաղթելու, որովհետեւ մեր քաղաքական ուժի յաղթանակը՝ 63 տոկոս եւ աւել ձայն ստանալը նշանակում է ձեր յաղթանակը: Համար 3-ը իրականում ձեր քուէաթերթիկն է, այստեղ իւրաքանչիւրիդ անունն է: Այս քուէաթերթիկով չի որոշւում` մենք կը լինենք իշխանութեան, թէ ոչ: Այս ընտրութիւններով որոշւում է ՀՀ քաղաքացին կը լինի՞ իշխանութեան, թէ ոչ: Ես կարծում եմ, որ այդ հարցին անշրջելի պատասխան է տրուած: ՀՀ քաղաքացին կայ ու այսուհետ էլ պէտք է լինի Հայաստանի բարձրագոյն իշխանութիւն: Սա է պատճառը, որ մենք ձեզ ասում ենք՝ գնացէք ընտրական տեղամասեր եւ իւրաքանչիւրդ քուէարկէք ձեր օգտին: Համար 3-ին ձայն տալով՝ դուք քուէարկում էք ՀՀ քաղաքացու իշխանութեան օգտին»,- «Արմէնփրէս»-ի հաղորդմամբ, ըսաւ Նիկոլ Փաշինեան:
Ներկայացնելով գործարար միջավայրի բարելաւման ուղղուած աշխատանքները՝ Նիկոլ Փաշինեան նշեց, որ 2018 թուականի յեղափոխութենէն յետոյ, պետութիւնը միայն մէկ բան ուզած է գործարարներէն՝ հարկեր վճարել:
«Բաժնով մտնել, հարկեր դնել… Այդ տիպի յարաբերութիւնները վերացած են Հայաստանից: Ես չեմ բացառում մնացորդային երեւոյթներ, սակայն դրանց դէմ նոյնպէս պայքարում ենք ու կան նոյնիսկ ձերբակալուած պաշտօնեաներ»,- ըսաւ Նիկոլ Փաշինեան: Հաւաքուած քաղաքացիները պոռացին, որ ժամանակին պէտք էր նախկին պաշտօնեաները ձերբակալել: Ի պատասխան քաղաքացիներուն՝ Նիկոլ Փաշինեան նշեց. «Ճիշդ էք ասում: Ում մենք պէտք է դատէինք ու չենք դատել, դուք Յունիսի 20-ին իրաւունք ունէք դա անելու՝ ոչ մի քուէ չտալով: Դա կը լինի ժողովրդական ուղերձ մեր դատաիրաւական համակարգին, որ յանցագործները պէտք է նստեն բանտում: Յունիսի 20-ին գնացէք արէք ձեր դատը, դա կը լինի ոչ միայն քաղաքական գործողութիւն, այլեւ յստակ ուղերձ մեր դատաիրաւական համակարգին, որ ժողովրդին թալանած յանցագործները տեղ չունեն հանրային քաղաքական կեանքում: Յունիսի 20-ին ոչ մի ձայն կեղեքիչ վերնախաւին»: