Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Էտմոն Մարուքեան Բանավէճի Կը Հրաւիրէ Նիկոլ Փաշինեան

Էտմոն Մարուքեան Բանավէճի Կը Հրաւիրէ Նիկոլ Փաշինեան

by MassisPost

Որդին գերիներու դիմաց Ատրպէյճանին յանձնելու Նիկոլ Փաշինեանի առաջարկը անմտութիւն կը համարէ առաջիկայ արտահերթին մասնակցող «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար՝ Էտմոն Մարուքեան։

Մարուքեանի խօսքով՝ նախ երրորդ նախագահ Սերժ Սարգսեան իրաւունք չունէր որեւէ մէկու ընտանիքի անդամներու հարցերը շահարկել, Փաշինեանն ալ իրաւունք չունէր շարունակել այդ անիմաստ բանավէճը։

« Ռազմագերիներու հարցով պէտք է մեր արտաքին քաղաքական ճակատն ամրացնել, բանակցելով մեր ռազմագերիներին վերադարձնել։ Գիտէք ի՞նչն է ինձ հիասթափեցնում, որ նաեւ փորձում են անգամ էս վիճակում, էս հարցի վրայ շահաբաժիններ շահել՝ երկու կողմերն էլ», – ըսաւ Մարուքեան։

«Լուսաւոր Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխաւորող Էտմոն Մարուքեան երէկ՝ Յունիս 9-ին, իր ծննդավայր Վանաձորի մէջ կուսակցութեան համակիրներուն հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, թէ նախընտրական քարոզարշաւը կ’անցնի ամենացած բանավէճի մակարդակով։ Ան ներկայ ու նախկին իշխանութիւնները մեղադրեց իրարու նկատմամբ վարկաբեկող տեղեկութիւններ հրապարակելու, թշնամանք ու ատելութիւն տարածելու մէջ։

«Մեր սրտում ատելութիւն չկայ որեւէ մէկի նկատմամբ», – ըսած է Մարուքեան ու աւելցուցած, թէ իրենք ի վիճակի են համախմբել բոլորը․ – «Եթէ ժողովուրդը մեզ տալիս է այդ մանտաթը, լիազօրում է մեզ, որ մենք դա անենք, մենք դա անում ենք, եթէ չէ, Յունիսի 21-ին սպասէք երկրում աւելի խորը ճգնաժամեր, սպասէք աւելի խորը ցնցումներ, որովհետեւ էս մարդիկ չեն հանգստանալու, էս մարդիկ մեծ միջոցների են տիրապետում. իշխանութիւնն իր հերթին, նախկին իշխանութիւններն իրենց հերթին, եւ նրանք ոչ մի բան չեն խնայում մէկը միւսի դէմ կիրառելիս։ Թշնամին եկել մտել ա Հայաստանի տարածք, մենք փոխանակ թշնամու դէմ կռիւ տանք, մեր իրար դէմ ենք կռւում։ Բայց ես մի բան գիտեմ, որ թշնամին՝ Ալիեւը, մեր թշնամիներն ուզում են, որ Հայաստանում ներքաղաքական կայունութիւն չլինի, ուզում են, որ Հայաստանում իրար կոկորդ կրծեն, որպէսզի մեր թուլութիւնից իրենք օգտուեն»։

Երէկ Էտմոն Մարուքեան հրապարակային բանավէճի հրաւիրած է Նիկոլ Փաշինեանը։ Աւելի վաղ Փաշինեան նման առաջարկ ըրած էր Հայաստանի նախկին նախագահներուն ու մերժում ստացած։

«Ինչո՞ւ է նրա համար՝ գործող իշխանութեան համար, յարմար հակառակորդ նախկին իշխանութիւնը, որովհետեւ շատ հեշտ է նախկին իշխանութեանն ասել՝ «դու թալանչի ես» եւ էդ բանավէճը կ’աւարտուի։ Ես պատկերացնում եմ, թէ դա ինչ ձեւի բանավէճ կարող է լինել, եւ ոչ ոք չի ցանկանում բանավիճել, պարզ է, որովհետեւ նա ուզում է խօսել անցեալից։ Ես, մենք խօսում ենք ներկայից, մենք ուզում ենք խօսել ապագայից, ներկայից, ապագայից խօսելու համար, ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինեան, արի՛ բանավիճենք», – ըսաւ Մարուքեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment