Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեան Կոչ Ըրաւ Ընդդիմադիրներուն Մասնակցելու Ուղիղ Եթերի Բանավէճին

Փաշինեան Կոչ Ըրաւ Ընդդիմադիրներուն Մասնակցելու Ուղիղ Եթերի Բանավէճին

by MassisPost

«Այսօրը 10 տարի առաջուայ ապագան է», Արարատի մարզի բնակչութեան հետ հանդիպման ժամանակ յայտարարեց վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան։

«Այսօր, ժողովուրդ, ուզում են ամեն ինչ անել, որ ձեզ յուսահատեցնեն, մեզ կոտրեն։ Ասում են՝ տեսէք, երբ որ էն ժամանակ դուք ոչ ընտրում էիք, ոչ որոշում էիք, բայց Հայաստանի անվտանգութիւնը վտանգուած չէր, Ղարաբաղը, տարածքները կային, այսպիսի անվտանգային խնդիրներ չկային։ Ես ուզում եմ, որ դուք իրադրութիւնը սխալ չգնահատէք, որովհետեւ այսօրը 10 տարի առաջուայ ապագան է։ Էն, ինչ մենք էսօր քաղում ենք, այն է, ինչ ցանուել է 10-15 տարի առաջ։ Երբ մարդիկ ժամանակին Ղարաբաղը դուրս էին թողնում բանակցային գործընթացից, երբ Մեղրիի տարբերակ էին բերում դնում ԱԽ նիստին քննարկելու ու դրանից մի ամիս յետոյ Հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, երբ Հայաստանը գնում էր Եւրոպայում անվտանգութեան պայմանագիր էր ստորագրում, որի արդիւնքում ճանաչում էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծուել Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանում․․․»,- ըսաւ Փաշինեան։

Ան նշեց, որ նախորդ իշխանութիւններու օրօք ոչ ալ վիճարկուած է տարածքներու վերադարձի հարցը, եւ դեռ Մեղրին ալ կ’ուզէին տալ։

«Գնում էին ամենատարբեր գործարքների, ու էդ մարդիկ եկել են էսօր մեզ ուզում են դաւաճանութեան մէջ մեղադրել։ Ասում եմ՝ շատ լաւ, էդ որ գոռում էք՝ Նիկոլ, դաւաճան, հողատու, հիմա կանգնէք ժողովրդի առաջ, բացատրէք, ասէք՝ ինքը դաւաճան է, որովհետեւ արել է՝ էս, էս, էս։ Ասում են՝ 5000 մարդ տարաւ կոտորեց։ Էսօր Ատրպէյճանի նախագահը նայում է, ասում է՝ փաստօրէն, ես չեմ սպանել։ Փաստօրէն էս մարդիկ ասում են՝ Հայաստանը պատերազմական յանցագործութիւններ է գործել Ատրպէյճանի դէմ եւ ասում են՝ մեր երիտասարդներին տարաւ կոտորեց։ Հիմա Ատրպէյճանը նայում ասում է՝ սրանք ինչ լաւ ընկերներ են։ Փաստօրէն Ատրպէյճանի զօրքը հայ չի կոտորել, հայերին բոլորին կոտորել է Հայաստանի վարչապետը, դուք հասկանո՞ւմ էք սա ինչ է»,- յայտարարեց Նիկոլ Փաշինեան։

Ան կոչ ըրաւ ընդդիմադիրներուն մասնակցելու ուղիղ եթերի բանավէճին։ «Եւ կը տեսնենք ով է հողատու, ով է դաւաճան, ով է յանձնուող, ով է մարդասպան։ Ասում են՝ մենք բանավիճելու բան չունենք։ Բա ի՞նչ էք ափռ-ցփռ դուրս տալիս, որ բանավիճելու բան չունէք։ Էդ շատ հեշտ է աղջիկ լրագրողի դէմը կանգնել, խօսել։ Եթէ վստահութիւնդ չի հերիքում տղամարդկային, կարաս էդ բանավէճին էդ աղջկան էլ հետդ բերես, կամ էլ մի քանի աղջկայ էլ բերես»,- ըսաւ Փաշինեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment