Home ՀԱՅԱՍՏԱՆ Ապաշրջափակման Հարցով Եռակողմ Աշխատանքային Խումբի Աշխատանքները Չեն Շարունակուիր

Ապաշրջափակման Հարցով Եռակողմ Աշխատանքային Խումբի Աշխատանքները Չեն Շարունակուիր

by MassisPost

Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ փոխադրային կապերը ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի փոխվարչապետներու նախագահութեամբ ստեղծուած աշխատանքային խումբի աշխատանքները չեն շարունակուիր՝ մասնաւորապէս սահմանային վերջին միջադէպերէն ի վեր: «Արմէնփրէս»-ի հարցին ի պատասխան այս մասին ըսաւ ՀՀ փոխվարչապետի պաշտօնակատար՝ Մհերի Գրիգորեան, որ հայկական կողմէն կը գլխաւորէ աշխատանքային խումբը:

«Այսօրուայ դրութեամբ աշխատանքները չեն շարունակւում: Բազմիցս յայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդիւնաւէտ կը լինեն մի դէպքում, եթէ ֆոնը եւ ընդհանուր իրավիճակը լինի առնուազն կայուն: Այս իրավիճակում եւ սահմանում այս իրադրութիւնների պարագայում ես չեմ կարծում, որ հնարաւոր է կառուցողական աշխատանք այդ հարթակում: Վերջին շրջանում կապերը ընդհատուել են այդ հարթակի մասով»,-ըսաւ Գրիգորեան:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ փոխադրային կապերը ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի փոխվարչապետներու նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնութիւն ձեռք բերուած էր Յունուար 11-ին՝ Մոսկուայի մէջ երեք երկիրներու ղեկավարներու հանդիպման արդիւնքներով:

«Վստահեցնում եմ, որ «միջանցքային տրամաբանութեան» հարցեր հայկական կողմը չի քննարկել եւ չի քննարկելու եւ հնարաւոր էլ չէ քննարկել նման հարց: Եթէ միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն փոխադրային ուղիներ, մի հարց է, սակայն, եթէ միջանցք ասելով ի նկատի ունեն ինքնիշխանութեան հետ կապուած որեւէ աստիճանի որեւէ ազդեցութիւն, վստահեցնում եմ, որ դա բացառւում է իմ քննարկումների ընթացքում»,-ըսաւ Գրիգորեան:

Ան վստահեցուց, որ կամ կ’ըլլայ ապաշրջափակում՝ հայկական ինքնիշխանութեան լիարժէք ենթակառուցուածքներու օգտագործմամբ կամ չ’ըլլար:
Անդրադառնալով վերջերս գերեվարուած 6 հայ զինծառայողի մասին փոխվարչապետի պաշտօնակատարը վստահեցուց, որ չկայ առիթ մը կամ հանդիպում մը, հնարաւորութիւն, ուր այդ հարցը չի քննարկուիր կամ պիտի չի քննարկուի: Ան յոյս յայտնեց, որ այդ հարցը շուտով լուծում կը ստանայ:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment