Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Սուրբ Քաղաքի Կապոյտ Հմայքի 100-ամեայ Ուղին

Սուրբ Քաղաքի Կապոյտ Հմայքի 100-ամեայ Ուղին

by MassisPost

ՊԱՊԻՆ ՄՈՒՐԱԴԵԱՆ
«Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի փոխտնօրէն

17-րդ դարի սկզբին Իզնիկում հայերը զբաղուել են խեցեգործութեամբ, որից յետոյ 17-րդ դարից սկսած Կուտինայում տարածւում է խեցեգործութեան արուեստ:

Կոմիտաս Վարդապետի ծննդավայր Կուտինայի նշանաւոր յախճապակու արուեստին տիրապետող երեք հայեր՝ յայտնի կաւագործ Նշան Պալեանը, շնորհալի գծագրող Մկրտիչ Կարակաշեանը եւ հայկական խեցեգործութեան վաստակաւոր մասնագէտ Դաւիթ Յովհաննիսեանն իրենց ընտանիքներով անգլիացիների հրաւէրով մեկնում են Երուսաղէմ՝ իսլամական «Ժայռի գմբէթ» սրբավայրի շրջակայքի սալիկները նորոգելու համար:

1920 թ.-ին հայ ընտանիքները պատերազմի պատճառով այլեւս Կուտինա ետ վերադառնալ չէին կարող: Այսպիսով, Դաւիթ Յովհաննիսեանը Երուսաղէմում պիզնես է հիմնում եւ այս երեք ընտանիքները համատեղ աշխատում են:
1948 թ.-ին՝ Արաբա-իսրայէլական պատերազմի օրերին Դաւիթ Յովհաննիսեանը դադարեցնում է իր գործունէութիւնը եւ մեկնում Երուսաղէմ:

Pottery-1

Պալեան եւ Կարակաշեան ընտանիքը պատերազմի տարիներին դժուար օրեր են ապրում, անգամ պատերազմական շրջանում շարունակում են եւս աշխատել: Սակայն ամբողջն աւերւում ու ոչնչացւում է, ամէն ինչ կրկին սկսում են զրոյից:

Նշան Պալեանի թոռը՝ կրտսեր Նշան Պալեանն իր հարցազրոյցներից մէկում ասում է, որ Պալեան ընտանիքի անցած ճանապարհը դիմանալու դժուարին ուղի էր, ինչպէս հայ ժողովրդի պատմութիւնը:

Սակայն, այս ընտանիքի ժառանգները դժուարութիւններն անցեալում թողնելով արժանապատւութեամբ շարունակում են հայկական յախճապակու արուեստը:

Պալեանների ընտանիքը Երուսաղէմում խեցեգործութեամբ է զբաղւում 1920 թ.-ից: Նրանց մասնակցութեամբ հիմնած գործն Իսրայէլում ու Պաղեստինում այժմ գործող խեցեգործութեան ամենահին պիզնէսն է:

pottery-2

Ընկերութեան ներկայիս սեփականատիրոջ պապը՝ Նշան Պալեանն, արուեստը սովորել է Կուտինայում յայտնի յախճապակագործ Դաւիթ Յովհաննիսեանից: Նրա որդին Սեդրակ Պալեանը կատարելագործել է հմտութիւնները Մեծ Բրիտանիայում՝ սովորելով անգլիացի վարպետ Բերնարդ Լինչի մօտ, Սեդրակի կինը՝ Մարի Պալեանը կերպարուեստին ու յախճապակի զարդարելու արուեստին տիրապետել է դեռ Ֆրանսայում ապրելու տարիներին: Նշան Պալեան կրտսերը սովորել է Ամերիկայի Միացեալ Նահանգներում՝ Օհայոյի համալսարանում: Ընտանեկան պիզնեսը նա կառավարում է 1996 թ.-ից:

Պալեանների ընտանիքի աշխատանքները բազմիցս ցուցադրուել են աշխարհի տարբեր յայտնի թանգարաններում. այդ թւում Ուաշինկթընի Սմիթսոնեան թանգարանում, Լոնտոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թագաւորական թանգարանում, Թել Աւիւի Էրեց-Իսրայէլ պատմական եւ հնագիտական թանգարանում: Նրանց լաւագոյն աշխատանքներն այժմ պահպանւում են Ամերիկայի, Եւրոպայի եւ Մերձաւոր արեւելքի երկրների մասնաւոր հաւաքածուներում:

Մարի Պալեանն իսկական յեղափոխութիւն առաջացրեց յախճապակու արուեստում 1992 թ.-ին Սմիթսոնեան ինստիտուտը վեց ամիս շարունակ ցուցադրեց Մարի Պալեանի աշխատանքները՝ «Դրախտի տեսարանները» խորագրով ցուցահանդէսում ներկայացուած էին 20 մեծ վահանակներ, որոնք միասին ներկայացնում էին նկարչի հայէցակարգը վերջնական պարտէզի մասին: Շնորհիւ դրական արձագանքների պատկերասրահը երկարացրեց ցուցադրութիւնը: Մարի Պալեանի ստեղծագործութիւնները ներկայացուած են նամականիշի վրայ եւ դրան յաջորդած բազմաթիւ հրատարակութիւններում:

«Դրախտի տեսարաններ» ցուցադրութեան աշխատանքները տեղադրուած են Նիդերլանդների Վասենար համայնքի պարսկական պարտէզներում: 2012թ.-ին Մարի Պալեանը պարգեւատրուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Արշիլ Գորկի» շքանշանով:

Պալեանների արհեստին ու արուեստին հայաստանաբնակ հանրութիւնը մեծապէս հաղորդակից դարձաւ երկու տարի առաջ: 2019 թ.-ի Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքոյ եւ Պալեան նշանաւոր ընտանիքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի ցուցասրահում բացեց «Կուտինայից Երուսաղէմ. Յախճապակու վարպետութեան 100-ամեայ ճամբորդութիւն» խորագրով բացառիկ ցուցահանդէս:

pottery-5

Այն նուիրուած էր Երուսաղէմի Պալեան ընտանիքի աւանդական գործին՝ Երուսաղէմում հայկական յախճապակու հիմնելու 100-ամեակին: Ցուցահանդէսը դիտելով ամբողջական պատկերացում էինք կազմում Պալեանների անցած ճանապարհի եւ Երուսաղէմի հայկական յախճապակու աւանդութեան մասին, ինչպէս նաեւ նրանց ընտանեկան ժառանգութիւնը, որ այսօր հաւատարմօրէն պահում են Պալեանների սերունդները: այն հասցնելով մինչեւ Հայաստան:

Երուսաղէմում ու Յորդանանում գործունէութիւն ծաւալող Պալեան ընտանիքը յախճապակու արտադրութիւնն ընդլայնելու մեծ ծրագրեր ունի, որոնցից առանձնայատուկ ուշադրութեան են արժանացնում Հայաստանում յախճապակու արհեստն ու արուեստը տարածելը, սակայն համաճարակի ու պատերազմի պատճառով նախաձեռնութիւնը մի փոքր դանդաղեց:

Իսկ հայրենասէր եւ հայրենանուէր Պալեաններն ամէն պարագայում էլ մտահոգ ու սրտացաւ են հայրենիքի համար: 2020թ. Սեպտեմբերի 27-ին սանձազերծուած պատերազմի առաջին իսկ օրերից Սեդրակ Պալեանն ու իր երեք սփիւռքահայ ընկերներն առաջնագծում էին: Այժմ էլ Արցախում աջակցութեան ծրագեր իրականացնելուն զուգընթաց Հայաստանում գտնուող արցախցի մանուկներին է համախմբել եւ մէկդարեայ արուեստի գաղտնիքներին է ծանօթացնում: Տարիներ շարունակ Աշտարակ քաղաքում հաստատուած եւ Հայաստանում ֆրանսական համալսարանի ուսանող Սեդրակն ասում է, որ ամէն ինչ կեդրոնացած է մայրաքաղաք Երեւանում, պէտք է մարզերն էլ զարգանան եւ իրենք հենց Աշտարակից են սկսել:

Նշենք, որ 2020 թ. Յունուարին Իսրայէլի Պետութիւն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը եւ տիկին Նունէ Սարգսեանը Երուսաղէմում այցելել են Ռոքֆելլեր հնագիտական թանգարան եւ դիտել այստեղ բացուած: հայկական յախճապակուն նուիրուած ցուցադրութիւնը, որը կազմակերպել է յախճապակու ստեղծմամբ զբաղուող Պալեանների յայտնի ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ Սեդրակ Պալեանը: Այս հանդիպման ընթացքում էլ Նախագահ Սարգսեանը յայտնում է իր պատրաստակամութիւնն ու աջակցութիւնը Հայաստանում յախճապակու արհեստի ու արուեստի հիմնման ու զարգացման հարցում:

Իսկ Պալեան ընտանիքի չորրորդ սերնդի զաւակներ Սեդրակը, Գեղամն ու Նանորը յստակ գիտակցում են իրենց ուսերին դրուած պատուի արժէքն ու պարտաւորութիւնը: Նրանցից իւրաքանչիւրը ձգտում է զարգացնել ունեցած գիտելիքները, կարողութիւններնն ու հմտութիւնները, որպէսզի ձեռք ձեռքի բռնած, ուս ուսի տուած նոր լուծումներով ու նոր գաղափարներով շարունակեն հարստացնել ու զարգացնել իրենց պապերի մէկդարեայ մշակութային ժառանգութիւնը եւ փոխանցել յաջորդ սերունդներին:

Հարակից Նյութեր

Leave a Comment