Home ՀԱՅԱՍՏԱՆ ԲՀԿ-ն Ընտրութիւններուն Պիտի Մասնակցի Առանձինն

ԲՀԿ-ն Ընտրութիւններուն Պիտի Մասնակցի Առանձինն

by MassisPost

ԱԺ-ի ԲՀԿ խմբակցութեան պատգամաւոր՝ Միքայէլ Մելքումեան խորհրդարանէն ներս լրագրողներու հետ ճեպազրոյցի ընթացքին անդրադարձաւ այն հարցին, թէ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու պիտի չ՞առաջադրէ այս փուլին։ «Մենք գնում ենք արտահերթ ընտրութիւնների, որը լինելու է Յունիսի 20-ին։ Մենք արդէն յայտարարել ենք եւ նորից վերահաստատում ենք՝ ԲՀԿ-ն ընտրութիւններին գնալու է միայնակ։ Շատ կարեւոր է, որ այս նոր ընտրութիւններին դու ումով ես գնում եւ ինչով ես գնում։ Այսինքն՝ խօսքն այն մասին է, թէ ինչ քաղաքական խումբով ու ծրագրով ամենակարեւորը։ Այդ ումով եւ ինչով գնալու փաստը վերահաստատում է, որ մենք պէտք է գնանք յաղթելու: Եւ դա լինելու է, ես հաւատում եմ, որ մենք անպայման յաղթելու ենք», ըսաւ պատգամաւորը։

Միեւնոյն ժամանակ, ըստ Մելքումեանին, յաղթել չի նշանակեր, որ որեւէ ուժ 50+ տոկոս ձայներ  ստանայ։ Պիտի ըլլայ հաւասարակշռուած իշխանութիւն, բայց Գագիկ Ծառուկեանը, Մելքումեանի խօսքով, պիտի ըլլայ պետութեան ղեկավարը։ Ըստ Մելքումեանին՝ երկրին մէջ ստեղծուած են առարկայական նախադրեալներ, եւ պէտք է այնպիսի ուժի մը առաջնորդը դառնայ ղեկավար, որ երբեւիցէ իշխանութեան չէ եղած։ «Այսինքն՝ հիմա արդէն հասունացել է այն պահը, երբ մենք մեր առաջնորդով, ծրագրով ու խումբով պէտք է անպայման յաղթանակ տանենք»,- աւելցուց Մելքումեան։

«Մինչեւ հրաժարականը կար հարցադրում՝ բայց հաւատո՞ւմ էք, որ այդ ընտրութիւնը կը լինի։ Ես երբեք չեմ կասկածել, հիմա մենք գնում ենք նրան, որ Յունիսի 20-ին լինի այդ ընտրութիւնը։ Եւ դրանով ժողովրդին թոյլ տանք, պայման ստեղծենք, որպէսզի այդ 20-ի ընտրութեան միջոցով որոշում կայացնի՝ ով պէտք է լինի իշխանութիւն այս երկրում։ Երկրորդ, նոր Հայաստանը պէտք է լինի, թէ՞ մնում է հինը, որը պարտուած է։ Եւ երրորդ, որեւէ մէկի մօտ պէտք է կասկած չյարուցի այդ ընտրութիւնների ազատ եւ արդար լինելու փաստը»,- ըսաւ Մելքումեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment