Home ՀԱՅԱՍՏԱՆ 2020-ի Մարտի Համեմատ Եկամուտ Ապահովող Աշխատատեղերու Քանակը Աւելցած Է 2500-ով

2020-ի Մարտի Համեմատ Եկամուտ Ապահովող Աշխատատեղերու Քանակը Աւելցած Է 2500-ով

by MassisPost

Պետական եկամուտներու կոմիտէն (ՊԵԿ) ամփոփած է աշխատատեղերու վերաբերեալ 2021-ի Մարտի տուեալները։

Ըստ հաղորդագրութեան, մասնաւորապէս, 2021-ի Մարտի տուեալներով` եկամուտ (հարկման պազա) ապահովող աշխատատեղերու քանակը կազմած է շուրջ 622.5 հազար, ինչ որ 2020-ի Մարտի համեմատ աւելի է շուրջ 2.5 հազարով, 2019-ի Մարտի համեմատութեամբ` 38.5 հազարով, իսկ 2018-ի Մարտի համեմատութեամբ` 85.5 հազարով:

Միեւնոյն ժամանակ, ՊԵԿ-ի հաղորդմամբ, 2021-ի Մարտին` նախորդ տարիներու նոյն ամիսներու համեմատութեամբ, աճած են նաեւ եկամուտները (հարկման պազան), եկամտային հարկը, ինչպէս նաեւ մէկ աշխատատեղիին բաժին ինկող եկամուտը (հարկման պազան)․ մասնաւորապէս` այս տարուայ Մարտին եկամուտը կազմած է 131.5 միլիառ դրամ, ինչ որ 2020-ի Մարտի համեմատ աւելի է 7.8 միլիառ դրամով, 2019-ի Մարտի համեմատ` 24.1 միլիառ դրամով, իսկ 2018-ի Մարտի համեմատ` 38 միլիառ դրամով: Եկամտային հարկը 2021-ի Մարտին կազմած է 28.2 միլիառ դրամ, 2020-ի Մարտին` 27.9 միլիառ դրամ, 2019-ի Մարտին` 27 միլիառ դրամ, իսկ 2018-ի Մարտին` 23.3 միլիառ դրամ:

Մէկ աշխատատեղիին բաժին ինկող եկամուտը (հարկման պազան) 2021-ի Մարտին կազմած է 211 300 դրամ, ինչ որ 2020-ի Մարտ ամսուայ նոյն ցուցանիշէն աւելի է 11 800 դրամով, 2019-ի Մարտի համեմատութեամբ` 27 400 դրամով, 2018-ի Մարտի համեմատութեամբ` 37 200 դրամով, ըսուած է հաղորդագրութեամբ։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment