Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Որու Որ Չենք Կարողացած Դատել, Դուք Կարող Էք Ձեր Քուէարկութեամբ Դատել. Փաշինեան

Որու Որ Չենք Կարողացած Դատել, Դուք Կարող Էք Ձեր Քուէարկութեամբ Դատել. Փաշինեան

by MassisPost

«Մեր երկրի անվտանգութեան համակարգը հիմնուած է հայ-ռուսական ռազմավարական եւ ռազմաքաղաքական դաշինքի վրայ», այսօր՝ Ապրիլ 19-ին, Վայոց ձորի մարզէն յայտարարեց Հայաստանի վարչապետը: Ան նշեց, որ շատերու մօտ կրնայ հարց ծագիլ, թէ ինչու այդ համակարգը արցախեան պատերազմի ընթացքին չաշխատեցաւ, ինքն ալ պատասխանեց այդ հարցին, թէ այդ անվտանգային համակարգը կը տարածուի Հայաստանի Հանրապետութեան այն սահմաններուն վրայ, զոր ՀՀ-ն ինքը 2010-ի օրէնքով սահմանած է:

«Այսօր ասում են` էտ ո՞նց է, որ Շուռնուխ գիւղից արեւելք ատրպէյճանցիներ են կանգնած: Ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետեւ 2010 թուականին Հայաստանում ընդունուել է Վարչատարածքային բաժանման մասին օրէնքը, որտեղ գրուած է եղել՝ Շուռնուխից արեւելք Ատրպէյճանի Հանրապետութիւնն է: Այսինքն` Շուռնուխի համայնքային հողերից այն կողմ Ատրպէյճանի Հանրապետութիւնն է:

Ասում են՝ այդ ո՞նց է, որ Սոթքից այն կողմ ատրպէյճանցիներն են եկել, կանգնել: Նաեւ այն պատճառով, որ 2010 թուականի Վարչատարածքային բաժանման մասին օրէնքով Հայաստանի Հանրապետութիւնը գրել է, որ Հայաստանի սահմանն աւարտւում է Սոթքում, եւ դրանից յետոյ Ատրպէյճանի Հանրատետութիւնն է»,- նշեց Նիկոլ Փաշինեան:

Վերջինս անդրադարձաւ նաեւ դատական համակարգին` նշելով, որ խնդիրներ կան: Փաշինեան յիշեցուց` յեղափոխութենէն յետոյ ընտրած էին «ոչ վրէժխնդրութեան» սկզբունքը: «Այսօր ՀՀ-ում երրորդ հանրապետութեան պատմութեան մէջ ամենաքիչ կալանաւորուած եւ դատապարտուած անձինք են, այսինքն` Հայաստանի բանտերում երբեք աւելի քիչ մարդ չի եղել, որքան այսօր»: Սա, ըստ վարչապետին կը նշանակէ, որ այո, ոչ բոլոր մեղաւորները այսօր բանտարկուած են, այսօր անմեղները բանտ չեն:

«Այսօր մարդիկ շատ արդար հարց են բարձրացնում, ասում են` այ էս ինչին չկարողացաք դատել, առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրութիւններ, ում որ մենք չենք կարողացել դատել, դուք ինքներդ կարող էք ձեր քուէարկութեամբ դատել: Դա էլ է դատ: Ում ձեր կարծիքով մենք պիտի դատէինք ու չէինք կարողացել դատել, ուշանում է դա, Յունիսի 20-ին ձեզանից իւրաքանչիւրը կարող է դատել: Մեզ էլ կարող էք դատել, միւսներին էլ կարող էք դատել: Ես համոզուած եմ, որ հայ ժողովուրդն արդար կը դատի», – յայտարարեց վարչապետը:

Յիշեցնենք, որ արտահերթ ընտրութիւններուն մասին յայտարարած է ինքը` Փաշինեան խորհրդարանական խմբակցութիւններու հետ հանդիպումներէն յետոյ:

Հարակից Նյութեր

Leave a Comment