Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սփյուռքի Հասարակական Կարծիքի Ծավալուն Հետազոտություն

Սփյուռքի Հասարակական Կարծիքի Ծավալուն Հետազոտություն

by MassisPost

Ապրիլի 12-ին Չորս Երկրում Վերսկսվում Է Հայկական Սփյուռքի Հարցախույզը

ԼՈՆԴՈՆ – Հայկական սփյուռքի հարցախույզը այս գարնանը կիրականացվի Մեծ Բրիտանիայի (հատկապես Լոնդոն, Մանչեսթեր, Բիրմինգհեմ), Փարիզի և նրա շրջակայքի, Բելգիայի (հատկապես Բրյուսելի և Անտվերպենի) և Դոնի Ռոստովի (Ռուսաստան) հայկական համայնքներում:

Հայկական սփյուռքի հարցախույզը (ՀՍՀ) Գալուստ Կիւլպէնկեան hիմնարկութեան նախաձեռնությունն է, որը գործում է Լոնդոնի հայկական ինստիտուտի հովանու ներքո, մի խումբ գիտնականների և հետազոտողների առաջնորդությամբ:

Հետազոտությունը արժեքավոր պատկերացում է տալիս սփյուռքի հասարակական կարծիքի և բազմաթիվ հարցերի շուրջ մարդկանց մտքերի վերաբերյալ: Այն փաստահեն գիտելիք է տրամադրում հանրությանը և օգտակար տվյալներ՝ համայնքների առաջնորդներին, ակտիվիստներին և քաղաքականություն մշակողներին՝ ի թիվս այլոց, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ ու վերլուծել համայնքները՝ ծրագրերի ու նախագծերի մշակման համար։

Ինչպես բացատրում է Օքսֆորդի համալսարանի դասախոս եւ ՀՍՀ տնօրեն դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը․ «Հետազոտության ընթացքում հարցվողներից փորձում ենք իմանալ նրանց մտքերն ու տեսակետները ինքնության, ինչպես նաև պատկանելության հետ կապված այլ խնդիրների վերաբերյալ` որպես հայեր և որպես տարբեր երկրների քաղաքացիներ: Այլ թեմաների թվում են լեզուն և մշակույթը, եկեղեցին և կրոնը, համայնքային ներգրավվածությունը, Հայաստանի հետ հարաբերությունները, համավարակն ու Արցախյան պատերազմը»: Վերջին երկու թեմաներն այս տարի են ավելացվել հարցաթերթիկում։

«Համայնքների բոլոր անդամներին խրախուսում ենք մասնակցել հետազոտության այս շրջափուլի հարցմանը», – ասաց Չիլինգիրյանը: Բելգիայում, Բրիտանիայում, Փարիզում և Դոնի Ռոստովում բնակվող ցանկացած հայ, որի 16 տարեկանը լրացել է, կարող է ապրիլի 12-ից առցանց լրացնել հարցաթերթիկը՝ այցելելով www.armeniandiasporasurvey.com:  Նրանց համար, ովքեր ցանկանում են այն լրացնել առձեռն, հասանելի կլինեն տպագիր հարցաթերթիկներ:

ՀՍՀ-ը մեկնարկել է 2018-ին՝ նախնական հետազոտություն կատարելով  չորս համայնքում՝ Բոստոն, Կահիրե, Մարսել և Փասադենա: Հաջողության հասնելով՝ 2019 թվականին այն  հետազոտել է ևս չորս համայնք ՝ Արգենտինա, Լիբանան, Կանադա (Մոնրեալ) և Ռումինիա:

Ներկա հարցախույզում ներառված համայնքները պետք է ուսումնասիրվեին 2020 թ., սակայն դաշտային աշխատանքները հետաձգվեցին համաճարակի և Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով: Այս տարվա աշնանը նախատեսվում է հարցում անել Հյուսիսային Ամերիկայի համայնքներում։ Սրանով կեզրափակվի նախագծի եռամյա ցիկլը։

«Ուրախ ենք, որ բազում երկրների սփյուռքի մասին այս սիստեմատիկ հետազոտությունը հունի մեջ է այժմ», – ասում է Գալուստ Կիւլպէնկեան hիմնարկութեան Հայ համայնքների բաժնի տնօրեն դոկտոր Ռազմիկ Փանոսյանը: «Այս հետազոտական նախագիծը շատ շոշափելի արդյունքներ է տալիս քաղաքականությունների մշակման համար, հատկապես՝ ի տես այն հսկայական մարտահրավերների, որ ծառացել են Հայաստանի և հայերի առաջ», – ավելացնում է նա:

2018 և 2019 թվականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են առանձին-առանձին: 2019-ի ուսումնասիրությունը հասանելի է անգլրեն, հայերեն և իսպաներեն: Բոլոր զեկույցները կարելի է անվճար ներբեռնել ՀՍՀ կայքէջից՝  https://www.armeniandiasporasurvey.com:

Հարակից Նյութեր

Leave a Comment