ՀՀ նախագահ՝ Արմէն Սարգսեան, երկրին մէջ ստեղծուած ներքին քաղաքական իրավիճակի քննարկման եւ ճգնաժամը յաղթահարելուն ուղղուած փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցութիւններու ղեկավարներուն եւ Հայրենիքի փրկութեան շարժման ղեկավարներուն Մարտ 13-ին, ժամը 12:00-ին հրաւիրած է հանդիպման նախագահական նստավայր:
Ինչպէս «Արմէնփրէս»-ին տեղեկացուցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն, ՀՀ նախագահի յայտարարութեան մէջ ըսուած է.
«Երկրում շարունակւում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարուած, ինչը կարող է անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետութեան եւ պետականութեան համար:
Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաեւ հրատապ եւ համակարգային փոփոխութիւններ, այդ թւում՝ սահմանադրական եւ օրէնսդրական:
Թէ՛ իշխանութիւնը, թէ՛ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտայայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը եւ միմեանց ընդառաջ գնալու ցանկութիւնը: Աւելին, յաճախակի են դարձել անհանդուրժողականութեան կոչերը:
Ստեղծուած պայմաններում իմ միակ նպատակը եղել եւ մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը եւ կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:
Պետութեան եւ ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլեւս անյետաձգելի եւ հրամայական պահանջ է:
Առաջնորդուելով համապետական ու համազգային շահերով՝ առկայ իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը յաղթահարելուն ուղղուած փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետութեան վարչապետին, խորհրդարանական խմբակցութիւնների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկութեան շարժման ղեկավարներին ս/թ Մարտի 13-ին ժ. 12:00-ին հրաւիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:
Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնութիւնների կարգաւորման միակ ուղին բանակցութիւններն ու երկխօսութիւնն են, իսկ Հայաստանի եւ Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս եւ իւրաքանչիւրիս ջանքերի ու հնարաւորութիւնների համախմբումը:
***
Յ.Գ. Հանրապետութեան նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչեւ ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրաւիրեալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցութեան վերաբերեալ»: