Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Ամանորի Եւ Սուրբ Ծննդեան Տօներուն Առթիւ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Շնորհաւորական Ուղերձը Ամանորի Եւ Սուրբ Ծննդեան Տօներուն Առթիւ

by MassisPost

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում.

Նոյնիսկ դժուար է հաւատալ, որ ընդամէնը րոպէներ են մնացել 2020 թուականի աւարտին: Աւարտւում է մի տարի, որի դառնութիւնը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետեւանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրուաններով կը յիշուի  2020 թուականը մեր ժողովրդի պատմութեան մէջ:

Ամանորեայ  երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր նահատակների՝ պատերազմի ընթացքում, պատերազմի հետեւանքով զոհուած մեր եղբայրների եւ քոյրերի ընտանիքների հետ են: Նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, ամուսինների, եղբայրների եւ քոյրերի:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր անհետ կորած զինուորների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քոյրերի:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր գերեվարուած  հայրենակիցների ընտանիքների հետ են՝ նրանց երեխաների, մայրերի, հայրերի, կանանց, եղբայրների եւ քոյրերի:

Այս ընթացքում նրանցից շատերի հետ հանդիպելու, շփուելու առիթ եմ ունեցել ու պիտի ասեմ՝ սա այն դէպքն է, երբ վիշտը մարդկանց դարձնում է մօտիկ ու հարազատ: 2020 թուականի աւարտին մենք, ցաւօք, դեռեւս չենք հասցրել պարզել մեր բոլոր անհետ կորածների ճակատագիրը, չենք կարողացել վերադարձնել մեր բոլոր գերիներին, եւ ուզում եմ բոլորի ընտանիքներից ներողութիւն խնդրել այս իրավիճակի համար, առանց խօսելու պատճառների մասին, որովհետեւ ամանորեայ  ուղերձը գործնական մանրամասների քննարկման պատեհ հարթակ չէ:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մարտական հերթապահութեան մէջ գտնուող մեր զինուորների, սպաների, գեներալների՝ մեր բանակի, մեր սահմանապահների հետ են, ովքեր հերոսական ջանքեր են գործադրում ետպատերազմական իրավիճակը կայունացնելու եւ անվտանգութեան զգացողութիւնը վերականգնելու համար:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը ոստիկանութեան ու անվտանգութեան մարմինների աշխատողների հետ են, ովքեր օրնիբուն ապահովում են անվտանգութիւնն ու հասարակական կարգը Հայաստանի Հանրապետութիւնում:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր բժիշկների, բուժաշխատողների հետ են, ովքեր հերոսական պայքար էին մղում եւ շարունակում են մղել կորոնավիրուսի համավարակի դէմ, եւ պատերազմի ալիքը պայքարի երկրորդ ճակատ բացեց նրանց համար եւ նոյնքան հերոսական աշխատանքի շնորհիւ մեր բժիշկները մեր վիրաւորների հազարաւոր կեանքեր փրկեցին:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմի ընթացքում հաշմանդամութիւն ձեռք բերած մեր զինծառայողների, քաղաքացիական անձանց հետ են, եւ ուզում եմ յատկապէս նրանց ասել՝ կեանքը չի աւարտուել, եւ դուք դեռ ձեր անձնական աւանդը կը բերէք Հայաստանի հզօրացման գործին:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը պատերազմից վերադարձած մեր եղբայրների ու քոյրերի հետ են, ովքեր մտքով հաստատապէս դեռ մարտի դաշտում են, նորովի են վերապրում առաջնագծում իրենց անցկացրած ամէն րոպէն ու վայրկեանը:

Ամանորյայ այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը մեր այն հայրենակիցների հետ են, ովքեր պատերազմի բերումով զրկուել են օթեւանից, տնից: Կրկին նոյն պատճառով չեմ ուզում պատմել, թէ կառավարութիւնն ինչ միջոցներ է ձեռնարկել, ձեռնարկում եւ կը ձեռնարկի՝ նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ամէն անհրաժեշտը, ի հարկէ, կարուի:

Ամանորեայ  այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են: Մեր սիրասուն Արցախը ապրում է չափազանց դժուար օրեր: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ ուժերի ներկայութիւնն, ի հարկէ, անվտանգութեան էական երաշխիքներ է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների համար: Նաեւ՝ Արցախի կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթութիւն, եւ այս ուղղութեամբ քաղաքական, դիւանագիտական ջանքեր պիտի գործադրուեն  շարունակաբար:

Ամանորեայ   այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Սփիւռքի մեր հայրենակիցների հետ են: Ձեր սէրն ու ամենօրեայ  գորովանքը Արցախի ու Հայաստանի նկատմամբ զգալի է նոյնիսկ հազարաւոր կիլոմետրերից, եւ մեր ամբողջութիւնը որեւէ ձեւով չի կարող խաթարուել: Մենք բոլորս դա գիտենք:

Ամանորեայ  այս երեկոյին, սակայն, մեր սրտերն ու մտքերը առաւելապէս մեր երեխաների հետ են, որոնք այս տարի զրկուեցին ամանորեայ  հեքիաթից: Մեր ազգային մտածողութեան եւ մտածելակերպի մէջ երեխաներն ու նրանց ապագան ամենակարեւոր շարժառիթն են, եւ ես մտածում եմ, թէ, ի վերջոյ, ին՞չ պէտք է անենք մենք մեր երեխաների համար այս դժուարին իրավիճակում:

Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ ռազմական լայնածաւալ գործողութիւնները դադարել են, բայց պատերազմն ունի ետցնցումներ: Այդ ետցնցումներն ունեն երբեմն մարտական, երբեմն բարոյական, երբեմն հոգեբանական, երբեմն քաղաքական բնոյթ, եւ մեր մեծագոյն խնդիրն այդ ետցնցումներին դիմակայելն է, Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունութիւնն ապահովելը, այդ կայունութեան ապահովման համար որոշումներ կայացնելը:

Այսօրուայ  ընթացիկ խնդիրները կարգաւորելը եւ րոպէ առաջ ապագայի կառուցման գործին լիարժէք տրուելը  մեր մեծագոյն պարտքն է՝ մեր երեխաների, մեր հայրենիքի, մեր ժողովրդի առաջ: Ին՞չ ապագայ ենք մենք տեսնում մեր երկրի, մեր երեխաների, մեր ժողովրդի համար. սրանք հարցեր են, որոնք կարեւոր են ոչ միայն վաղուայ, այլեւ այսօրուայ  խնդիրները լուծելու համար:

Մենք պէտք է Հայաստանը կառուցենք նորովի, մենք պէտք է Արցախը կառուցենք նորովի, մենք պէտք է մեր լաւատեսութիւնը կառուցենք նորովի, եւ ուզում եմ, որ 2021 թուականը սկսենք հէնց այսպիսի տրամադրութեամբ: Արցախի շուրջ, Հայաստանի շուրջ միջավայրը փոխուել է: Մեր կռիւն ու պայքարը նրա համար էր, որ միջավայրի նման փոփոխութիւն տեղի չունենայ:

Բայց այսօր կան իրողութիւններ, եւ մենք պիտի առերեսուենք  այդ իրողութիւնների հետ, որովհետեւ իրավիճակը կառավարելու անհրաժեշտ նախապայման է սա: Քաոսի, խուճապի, վախի տրամաբանութիւնը պէտք է յաղթահարուի րոպէ առաջ, րոպէ առաջ պէտք է յաղթահարուեն  բոլոր այն գործօնները, որոնք նպաստում են այսպիսի իրողութիւնների ծաւալմանը: 2021 թուականի առաջին իսկ րոպէները պէտք է դառնան այն զրօական կէտը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը:

Ին՞չ է հարկաւոր սրա համար:

Նախեւառաջ՝ անվտանգութեան նոր միջավայրի կահաւորում, որի կարեւորագոյն բաղադրիչ է բանակի բարեփոխումների մեկնարկը եւ մեր անվտանգային հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների ամրապնդումը եւ այս համատեքստում անվտանգային նոր երաշխիքների ստեղծումը:

Յաջորդ կարեւորագոյն խնդիրը վստահելի դատական համակարգի հաստատումն է, որի բացակայութիւնը շարունակում է մեր երկրի առաջնային խնդիրներից մէկը մնալ եւ ուժգնացող մարտահրաւէր, այդ թւում՝ անվտանգութեան ոլորտում:

Կրթութեան ժամանակակից հայեցակարգերի ներդրումը եւ իւրաքանչիւր անհատի մրցունակութիւնը  համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնելը մեր յաջորդ մեծագոյն խնդիրն է, որը, ի վերջոյ, յանգեցնում է մեր հանրութեան մրցունակութեան էական մեծացմանը:

Եւ, ի վերջոյ, ժողովրդի իշխանութիւնը, այսինքն՝ ազատ կամարտայայտմամբ իշխանութիւն ձեւաւորելու  ժողովրդի լիազօրութիւնը պէտք է ամէն օրուայ  ու ժամուայ  հետ աւելի  ու աւելի  ամրանայ, ու սա պիտի լինի անառարկելի եւ անսակարկելի իրողութիւն՝ բոլոր ժամանակների համար:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում.

2021 թուականը մեզ համար պիտի դառնայ աշխատանքի տարի, ոչ թէ սովորական աշխատանքի, այլ ճգնելու տարի, որտեղ ստեղծելը, ստեղծագործելը, արդիւնք արարելը լինի մեզնից իւրաքանչիւրի անհատական, ապա նաեւ ազգային ու պետական խնդիրը: «Աշխատանք-կրթութիւն-աշխատանք» բանաձեւի վրայ է հիմնուելու մեր ազգային վերածնունդը, աշխատանքի, կրթութեան մէջ է վերստեղծուելու մեր լաւատեսութիւնը, աշխատանքի, կրթութեան ֆօնին է կառուցուելու մեր ազգային երջանկութիւնը:

Վշտի, անհանգստութեան այս դժուարին պահին, այո, մենք չպէտք է մոռանանք երջանկութեան մասին, մեր երեխաների, մեր սերունդների երջանկութեան մասին, որովհետեւ որեւէ ուրիշ նպատակ մեզ ապրելու այնքան ուժ չի տալիս, որքան մեր երեխաների երջանկութեան նպատակը: Եւ որպէսզի աւելի  ու աւելի  ուժեղ լինենք, մենք պիտի աւելի  ու աւելի  շատ երեխաներ ունենանք, բազմազաւակ ընտանիքը, որտեղ 4-5 երեխայ կայ, մեզանում պիտի դառնայ կանոն: Մայրութիւնը խթանելու նորանոր պետական ծրագրեր պիտի իրագործենք 2021 թուականից, որովհետեւ հէնց ծնունդն ու մայրութիւնն են մեր կենսունակութեան ու հզօրութեան անհերքելի սիմուոլը:

Եւ 2021 թուականի այս օրը Հայաստանում եւ Արցախում վառ կը լինեն բոլոր լոյսերը, Կը փայլեն ու կը պսպղան տօնածառները, որը կը լինի մեր յարգանքի մեծագոյն տուրքը մեր բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, որը կը լինի մեր մեծագոյն ծառայութիւնը մեր մանուկների պայծառ ապագան կառուցելու մեր յանձնառութեանը:

Բարով  ես գալիս 2021 թուական, եւ Սուրբ Ծննդեանը ընդառաջ՝ ուզում եմ քեզ դիմաւորել Նոր կտակարանի՝ Լեռան քարոզի հետեւեալ խօսքերով.

– Երան՜ի սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։

– Երան՜ի նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:

– Երան՜ի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:

– Երան՜ի խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն :

– Երան՜ի նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:

Բարով եկար 2021 թուական: Մեր նոր դարաշրջանի մեկնարկի տարի: Մեր ազգային, պետական վերածննդի տարի:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Հարակից Նյութեր

Leave a Comment