Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Համազգային Դրամահաւաքը Կը Շարունակուի

Համազգային Դրամահաւաքը Կը Շարունակուի

by MassisPost

Ամերիկայի Գոհաբանութեան Օրը՝ Նոյեմբեր 26-ին տեղի ունենալիք թելեթոն-հեռուստամարաթոնին առթիւ, Հայաստան Հիմնադրամի Կեդրոնական գրասնեակը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդիւնքում հաւաքագրուել է աւելի քան 2.1 միլիոն եւրոյի խոստում–նուիրատուութիւն: Չնայած առողջապահական եւ տնտեսական ճգնաժամերին՝ հարիւր հազարաւոր նուիրատուներ կրկին համախմբուեցին՝ ի աջակցութիւն հայրենիքի եւ արցախահայութեան:

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը նոյնպէս այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայեան, հանդիպել հայ կամաւորներին եւ քաջալերել հայ համայնքին։ Հաւաքագրուած գումարը հիմնականում ուղղուելու է Արցախի բնակչութեան ամենահրատապ կարիքներին:

Նախատեսւում է իրականացնել 3 միջոցառում՝

Ա-Աջակցութիւն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին
Արցախ վերադարձող ընտանիքներին կը տրամադրուի իրենց կարիքներին համապատասխան աջակցութիւն: Գիւղատնտեսները կը ստանան սերմեր, դիզելային վառելիք գիւղ տեխնիկայի համար եւ այլ անհրաժեշտ օգնութիւն: «Հայաստան» հիմնադրամը կը ստանձնի նաեւ այդ ընտանիքների 1 տարուայ կոմունալ ծախսերի վճարումը:

-Աջակցութիւն Արցախից տեղահանուած բնակչութեանը
Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրութեամբ վերադառնալ Արցախ կը ստանան սննդի եւ հիգիենիկ պարագաների ամենամսեայ ամբողջական փաթեթներ:

-Վերակառուցում
Աջակցութիւն կը տրամադրուի նաեւ այն ընտանիքներին, որոնց տները աւերուել են պատերազմի արդիւնքում: «Հայաստան» հիմնադրամը մեծապէս կը նպաստի ենթակառուցուածքների վերականգնմանը:

Նշենք նաեւ, որ «մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահաւաքի շրջանակներում Սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդէն հաւաքագրուել էր աւելի քան 5 մլն եւրօ գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով ֆրանսիայից նուիրաբերուել է աւելի քան 425 հազար ԱՄՆ դոլար գումար:

Նմանատիպ դրամահաւաքներ վերջին օրերին տեղի են ունեցել Արեւմտեան Եւրոպայի եւ Հարաւային Ամերիկայի մի շարք երկրներում, իսկ նոյեմբերի 26–ին կայանալու է աւանդական դարձած Հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում:

Հաշուի առնելով ետպատերազմական իրավիճակը եւ յարգելով զոհերի յիշատակը՝ այս տարի Հեռուստամարաթոնը հանդէս կը գայ նոր ձեւաչափով: Այն կը տեւի ընդամէնը 4 ժամ եւ կը հեռարձակուի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին` Գոհաբանությեան օրը, ժամը 4ին (ամերիկեան ժամանակով): Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակով պայմանաւորուած՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակութիւններն ուղղուելու են Արցախից տեղահանուած եւ հայրենիքի համար զոհուած զինուորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապէս աջակցել այս ընտանիքներին, ապահովել բնակարաններով եւ 1 տարուայ համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպէս նաեւ կազմակերպել տեղահանուած երեխաների պատշաճ կրթութիւնը:

#ArtsakhStrong արշաւի առաջին ամսուայ ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն արդէն իսկ հաւաքագրել էր գրեթէ 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախից տեղահանուածներին օգնելու համար, որոնց մեծ մասը ստիպուած էր եղել դատարկ ձեռքերով լքել իրենց տները: Հիմնադրամը իւրաքանչիւր նուիրատուութիւն ուղղոււմ է ամենահրատապ մարդասիրական կարիքներին՝ ապահովելով ժամանակաւոր կացարաններ, սնունդ, բժշկական պարգաներ, փոխադրամիջոցներ, եւ այլն:

Հիմա, առաւել քան երբեւէ, պէտք է լինենք համախմբուած՝ օգնելու Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին վերակառուցել, բարգաւաճել եւ հզօրանա:

Հարակից Նյութեր

Leave a Comment