Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Բանակը Շարունակաբար Պնդած Է Զինադադար Ձեռք Բերելու Անհրաժեշտութեան Մասին. Փաշինեան

Բանակը Շարունակաբար Պնդած Է Զինադադար Ձեռք Բերելու Անհրաժեշտութեան Մասին. Փաշինեան

by MassisPost

Հայաստանի վարչապետի, Ատրպէյճանի ու Ռուսաստանի նախագահներու միջեւ յայտարարութիւնը ստորագրելու որոշումը կայացուած է, երբ բանակը շարունակաբար պնդած է զինադադար ձեռք բերելու անհրաժեշտութեան մասին, Նոյեմբեր 10-ի կէսօրուայ մօտ դիմատետրի ուղիղ հեռարձակմամբ յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեան։

«Այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից յետոյ, երբ որ, ըստ էութեան, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտութիւնը: Այսինքն պատկերացնո՞ւմ էք, չէ՞, երբ որ բանակն ասում է, որ պէտք է կանգնել, որովհետեւ մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երեւում, կամ էդ խնդիրները լուծելու միջոցը սպառուած է, կամ այդ խնդիրների չլուծման, կամ այդ խնդիրների գոյութեան արդիւնքում մենք ունենք որոշակի խնդիրներ», – նշած է վարչապետը:

Փաշինեան մանրամասնութիւններ ներկայացուց. «Օրինակ՝ Զինուած ուժերի զօրամասը, գունդը պէտք է մարտական նպատակով տեղափոխուի, բայց այդ գունդի դռները, տուեալ բնակավայրի բնակիչներ փակում են զօրամասի դռները, շրջափակում են դռները, մեքենաները եւ թոյլ չեն տալիս, որ զօրամասից մեքենաները դուրս գան, մենք ունեցել ենք այսպիսի տասնեակին մօտիկ դէպքեր: Սա բերել է շատ լուրջ եւ շատ ծանր հետեւանքների, որի հետեւանքները մենք տեսել ենք եւ իմացել ենք առաջնագծում: Յաջորդ խնդիրը մեր զօրահաւաքային համակարգի խնդիրն է, փորձը ցոյց տուեց, որ քաղաքացիական կեանքից եկած մարդիկ, ցաւօք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողութիւնների լիարժէք մասնակցելու, եւ նրանք արագ կորցնում են մարտունակութիւնը, եւ դա խնդիրներ է առաջացնում»:

Թէ ստորագրուելիք յայտարարութեան մասին ինչո՞ւ նախապէս չէ ըսուած՝ Փաշինեան բացատրեց բանակի մարտունակութիւնը ապահովելու ձգտումով։ «Առաջինը ես ինքս եմ ընդունել, որ այդ յայտարարութեան բովանդակութիւնը լաւը չէ մեզ համար եւ պատկերացրէք մի այսպիսի իրավիճակ, երբ այդ բովանդակութիւնը ներկայացուում է եւ արդիւնքում ինչ-ինչ պատճառներով չի ստորագրուում, դա շատ բացասական հետեւանք կ’ունենար մեր մարտունակութեան վրայ: Միւս պատճառն էլ կայ, որն էլի նոյն համաթեքսթի մէջ է, որ երբ որ հանրութեանը ներկայացնում ես այդ բովանդակութիւնը, պէտք է բացատրես նաեւ, թէ ինչու ես այդպիսի բան անում, երբ որ դա անում ես մարտական գործողութիւններին զուգընթաց, դրանով նաեւ հակառակորդի համար բացայայտում ես քո որոշակի թոյլ տեղերը», – ըսաւ Հայաստանի վարչապետը:

Թէ ինչու, օրինակ, Սեպտեմբեր 27-ին՝ պատերազմի առաջին օրը, նոյն պայմաններով հրադադար չէ կնքուած, Նիկոլ Փաշինեան ըսաւ, որ Սեպտեմբեր 27-ին ալ զինադադարի պայմանները նոյնն էին՝ յանձնել 7 շրջանները, սակայն նման քայլ չեն առած, որովհետեւ կը հաւատային, որ հայ ժողովուրդը եւ բանակը կը կարողանան այնպէս ընել, որ հայկական կողմերը հրադադար պարտադրեն։

Օրուայ ընթացքին Փաշինեան կրկին դիմատետրի տեսաուղերձով դիմեց հանրութեան։

«Պատերազմից առաջ, երբ որ կար նախանշաններ, որոշէի որ պետք է այս պատերազմը կանխել, եւ այդ ժամանակ էլ պէտք է էլի գայի ասէի՝ գիտէք ի՞նչ ժողովուրդ ջան, ուրեմն մենք սենց ընտրութիւն ունենք, կամ առնուազն 5 շրջանը յանձնում ենք առանց որեւէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու կամ պատերազմ ենք ունենում: Ինչո՞ւ չենք եկել ու ասել, նախ, որովհետեւ ես չէի ուզում, որ մենք էդպէս յանձնուենք, ես հաւատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրաւունքների համար, հիմա էլ եմ հաւատում: Երկրորդը՝ եթէ գայի ասէի՝ գիտէք ի՞նչ կամ հիմա մենք էս ենք անում, կամ էլ պատերազմ է լինում, ի՞նչ էր ասելու հայ հանրութիւնը, դուք պատկերացրէք էսօր, երբ որ մենք, ցաւօք, էդքան անյաջողութիւն ունեցանք պատերազմում, պատկերացրէք էսօր կամ էսօր էլ չէ՝ մի տասը օր առաջ մի անգամ ցաւոտ փոխզիջում արտայայտութիւն թոյլ տուեցի, դա ահաւոր վատ արձագանգ ունեցաւ, ի՞նչ էր ասելու հայ հանրութիւնը, հայ հանրութիւնն ասելու էր՝ ոչ, մենք կը գնանք, կը կռուենք եւ կը պաշտպանենք մեր ժողովրդի իրաւունքները: Ակնյայտ է, չէ՞, որ այսպէս էր լինելու, եւ արդիւնքում մենք ստանալու էինք պատերազմ», – նշեց Հայաստանի վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment