Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ 2018-2020 Թուականներուն Հայաստանի Ձեռք Բերած Նոր Սպառազինութեան Ծաւալը Առհասարակ Ամենամեծը Եղած է

2018-2020 Թուականներուն Հայաստանի Ձեռք Բերած Նոր Սպառազինութեան Ծաւալը Առհասարակ Ամենամեծը Եղած է

by MassisPost

2018-2020 թուականներու ընթացքին Հայաստանի ձեռք բերած նոր սպառազինութեան ծաւալը ամենամեծը եղած է առհասարակ, այս մասին դիմատետրի իր էջին վրայ գրած է Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչ՝ Արծրուն Յովհաննիսեան։

«Մենք մշտապէս զինուել ենք ըստ մեր հնարաւորութեան, բոլոր ժամանակներում արուել է առաւելագոյնը զինուելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զէնքեր: Ապրիլեանից յետոյ դրանց ծաւալները մեծացուել են, իսկ 2018-2020թթ. նոր զէնքերի ծաւալն ամենամեծն է եղել առհասարակ»,- ժամեր առաջ գրած է Յովհաննիսեանը՝ աւելցնելով. «Նախ ինձ հակադարձողներից որեւէ մէկը որեւէ կերպ աւելի լաւ չի տիրապետում իմ նշած նորագոյն զէնքերի իրական ծաւալներին, որոնք ձեռք են բերուել 2018-2020թթ ընթացքում: 2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերուել մի քանի հարիւր միաւոր նոր ինքնաշարժ, վերջին երկու տարում կրկնակի անգամ աւելի շատ: 2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերուել նոր սերնդի կապի միջոցներ եւ ռատիոկայաններ, այդ թուում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի անգամ աւելի: 2012-2018թթ. նոր մեծ զէնքերից ձեռք են բերուել սահմանափակ քանակութեամբ նոր սերնդի հակաթանկային միջոցներ, օրինակ «Քորնեթ»: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի անգամ աւելի շատ են ձեռք բերուել այդ միջոցներից»:

Յովհաննիսեան նաեւ տեղեկացուցած է, որ 2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերուել «Սմերչ» կայանքներ։

«Թուերը չնշեմ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացուել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկուել: 2012-2018թթ. Հայաստան են բերուել նոր սերնդի պալիսթիք հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերուել կործանիչներ: Այստեղ գաղտնիութեան պատճառով մանրամասները չեմ նշում, բայց եթէ որեւէ մէկը փորձի այս թեման շահարկել, վստահեցնում եմ, որ հաստատ չի տիրապետում իրավիճակին: 2012-2018թթ. Հայաստան են բերուել փոքր քանակութեամբ նոր սերնդի, փոքր հեռահարութեան ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկուել է, աւելացուել են մեծ խմբաքանակի հին միջոցներ, եւ ձեռք է բերուել աշխարհի լաւագոյն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը: 2012-2018թթ. Հայաստան են բերուել փոքր քանակութեամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունէին եւ չէին աշխատում: Դրանք խելքի են բերուել միայն այս տարի, եւ աւելի լաւ միջոցների քանակութիւնը աւելացուել է մի քանի անգամ: 2012-2018թթ. Հայաստանում ստեղծուել եւ ներկրուել են որոշակի քանակութեան ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկուել է: Վերջին երկու տարում կնքուել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք են բերուել ՏՈՍ համակարգեր եւ այլն, որոնք բարձրաձայնելու ենթակայ չեն», – եզրափակել է ՊՆ ներկայացուցիչը։

Հանրային հեռուստաընկերութեան երէկ՝ Նոյեմբեր 5-ի տուած հարցազրոյցի ժամանակ Արծրուն Յովհաննիսեան քանի մը ուշագրաւ յայտարարութիւններ ըրաւ. – «Տասնեակ տարիներ Ատրպէյճանը ինչ պիւտճէ է դրել Զինուած ուժերի վրայ, մենք ինչ պիւտճէ ենք դրել։ Ընդ որում, եթէ դուք էսպէս տանում էք  ուղղակի վերջին տարիներին, վերջին երկու տարին, երեք տարին, եկէք հասկանանք, որ աւելի շատ նորարարական, արդիւնաբերական, ժամանակակից զէնք, քան վերջին երկու տարում է մտել բանակ, վերջին տասը տարում չի մտել։ Միայն 2018-19-20 թուականների ընթացքում։ Բոլորը գիտեն դրա մասին»։

2008-2018 թուականներուն Հայաստանի ղեկավարն էր Հանրապետական կուսակցութեան առաջնորդ՝ Սերժ Սարգսեան, եւ Արծրուն Յովհաննիսեանի յայտարարութենէն յետոյ, թէ վերջին երկու տարիներուն աւելի շատ ժամանակակից սպառազինութիւն ստացած է հայկական բանակը, քան նախորդ տասը տարիներուն, Հայաստանի երրորդ նախագահի գրասենեակը հանդէս եկաւ յայտարարութեամբ. – «Արծրուն Յովհաննիսեանը կա՛մ չի տիրապետում թուերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթիւրում է իրականութիւնը: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մէջ է, եւ յայտարարուած է ռազմական դրութիւն, իսկ հակառակորդը գտնուում է Շուշիի մատոյցներում, այս մասին խօսելն անպարկեշտութիւն է, կարելի է ասել` մեղաւորների փնտռտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրութեան աւարտից յետոյ այս թեմային եւ նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանօրէն եւ փաստարկուած կ’անդրադառնանք»:

Հանրային հեռուստաընկերութեան Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցչի երեկուայ հարցազրոյցէն նաեւ, ըստ էութեան, յայտնի դարձաւ, որ Ռուսաստանը հետախուզական տուեալներ կը տրամադրէ Հայաստանին։

Հարցազրոյցը վարող լրագրողի դիտարկման, թէ մեղադրանք կը հնչէ, իբր Ռուսաստանի Դաշնութիւնը վերջին երկու եւ մէկ տարուայ ընթացքին Հայաստանին հետախուզական տուեալներ չէ տուած, Արծրուն Յովհաննիսեան արձագանգեց․ – «Այդ ո՞վ է տիրապետում Գլխաւոր շտաբների փոխգործակցութեան միջազգային մակարդակին։ Այդ ո՞վ է երկու Գլխաւոր հետախուզական վարչութիւնների աշխատանքի մանրամասները տիրապետում։ Ես ուզում եմ իրեն իմանամ։ Ո՞վ է ասել, որ այդպիսի բան կայ։ Մեծագոյն կեղծիք է, մէկ։ Երկրորդն էլ՝ ես հիմա չեմ ասելու երբ են տուել, ինչ են տուել, ոնց են տուել, ոնց են տալիս»։

Հարակից Նյութեր

Leave a Comment