Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Նիկոլ Փաշինեան Կոչ Ըրաւ Ձեւաւորելու Կամաւորական Ջոկատներ

Նիկոլ Փաշինեան Կոչ Ըրաւ Ձեւաւորելու Կամաւորական Ջոկատներ

by MassisPost

Ըստ էութեան, մենք պէտք է գիտակցինք, որ Ղարաբաղի հարցը գոնէ այս փուլին եւ այս փուլէն սկսած դեռ երկար ժամանակ դիւանագիտական լուծում չունի, դիմատետրի իր էջի ուղիղ եթերով ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:

Անոր խօսքով, բոլոր այն յոյսերը, առաջարկները, մտածումները, թէ պէտք է դիւանագիտական լուծում գտնել, առաւել եւս այս իրավիճակին մէջ պէտք է համարենք աւարտած. «Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամութիւն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ որ բան նուազեցնել յանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առաւելագոյն նշաձողից ինչ որ բան պէտք է իջեցնի: Բայց  կիրարկումը ցոյց է տուել, եւ դա իրականութիւն է, որ այն, ինչ այս տրամաբանութեան մէջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ատրպէյճանի համար: Այսինքն իրենց ողջ դիւանագիտական մարտավարութիւնն ու ռազմավարութիւնը եղել է դա»:

Մեր ընելիքը պայքարիլն է մինչեւ վերջ եւ անմնացորդ, անսասան՝ մեր ժողովուրդի իրաւունքներուն համար։ «Անկախ նրանից, թէ ինչ տեղի կ’ունենայ, պէտք է պայքարել մեր ժողովրդի իրաւունքների համար։ Այսօր Ատրպէյճանի դիրքորոշման համաթեքսթում պայքարել մեր ժողովրդի իրաւունքների համար՝ նշանակում է առաջին հերթին զէնք վերցնել եւ նուիրուել հայրենիքի իրաւունքի պաշտպանութեան գործին։ Եւ այս ընթացքը արդիւնաւէտ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջոյ կը կարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիւանագիտական լուծման։ Ըստ էութեան, Ատրպէյճանն այսօր ասում է, որ որեւէ այլ բանի, բացի Ղարաբաղի անձնատրութիւնից, համաձայն չէ։ Իսկ դուք հասկանում էք, թէ դա ինչ է նշանակում»,- ըսաւ վարչապետը։

Փաշինեան ըսաւ, որ այստեղ խօսքը Ղարաբաղի մասին չէ, Ղարաբաղի մասին խօսելով՝ կը խօսինք մեր ժողովուրդի իրաւունքներու մասին, առանց Արցախի չկայ Հայաստան։

«Պէտք է զէնք վերցնել ու կռուել այնքան ժամանակ, մինչեւ հնարաւոր կը լինի դիւանագիտական եղանակով հասնել ընդունելի որեւէ տարբերակի։ Ընդ որում, ես խօսում եմ հարցի վերջնական լուծման մասին։ Եւ ես այս համաթեքսթում կարծում եմ, որ այս ընթացքը պէտք է կազմակերպի ու իրականացնի մեր ժողովրդի քաղաքական ղեկավարութիւնը։ Եւ ես այսօր այս կոչը նաեւ ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գիւղապետերին, պետական եւ ՏԻՄ մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն ղեկավարութիւնը, ձեւաւորեն կամաւորական ջոկատներ, որոնք կ’իրականացնեն ժողովրդի իրաւունքի պաշտպանութեան գործը։ Եւ այդ ջոկատները պէտք է դրուեն Գլխաւոր շտապի պետի տրամադրութեան տակ, եւ նրանք պէտք է կանգնեն ամուր այն տեղերում եւ իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առաջ կը դրուի հրամանատարութեան կողմից»,- ըսաւ ան։

Նիկոլ Փաշինեան աւելցուց, որ այս խօսակցութիւնը կը համարէ շրջադարձային պահ։ «Շրջադարձային եմ համարում, որովհետեւ մենք ցեղասպանութիւն տեսած ու ապրած ժողովուրդ ենք։ Եւ ցեղասպանութիւնն իրականում տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է մի այնպիսի տրամադրութիւն, որ ինչ որ տեղ կան ինչ որ մարդիկ, ովքեր կը կանգնեն մեր ժողովրդի իրաւունքների եւ անվտանգութեան պաշտպանութեան դիրքերում։ Բայց այդ մարդը երեւի ես չեմ։ Այսօր կան արդեօք այդպիսի մարդիկ, այո, կան։ Մենք արդէն առասպելներ ունենք ռազմի դաշտում, որոնք ի վիճակի են ձեւաւորել եւ անում են ամէն ինչ հայ ժողովրդի յաղթանակը կերտելու համար։ Պէտք է նրանց կողքը կանգնել, որովհետեւ հերոսական մեր սպաներից, շարքայիններից, կամաւորներից շատերը զոհուել են յանուն հայրենիքի։ Եւ պէտք է նրանց կողքը կանգնել։ Ո՞վ պէտք է կանգնի, մենք բոլորս, դու ես հենց այն մարդը, որ այսօր պէտք է վեր կենայ, զէնք վերցնի, գնա ու մեր հերոսների կողքին կանգնի ու կռի մեր յաղթանակը»,- նշեց վարչապետը։

Ան աւելցուց, որ իրավիճակը մեզի այլ ընտրութիւն, բացի յաղթանակէ, չի թողներ։ Չկայ միջանկեալ տարբերակ, կայ յաղթանակ ու կայ պարտութիւն։ Եւ յաղթանակը կը պահանջէ մեզմէ իւրաքանչիւրին ջանքը։

Ան նաեւ քաղաքական կուսակցութիւններուն, քաղաքացիական նախաձեռնութիւններուն, հասարակական կազմակերպութիւններուն կոչ ըրաւ ձեւաւորելու ինքնապաշտպանական ջոկատներ։

Հարակից Նյութեր

Leave a Comment