Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ոչ Մի Օտարերկրեայ Դիւանագիտական Ներկայացուցիչ Չի Այցելել ԼՂ՝ Տեսնելու, Թէ Ինչ Է Կատարւում. Փաշինեան

Ոչ Մի Օտարերկրեայ Դիւանագիտական Ներկայացուցիչ Չի Այցելել ԼՂ՝ Տեսնելու, Թէ Ինչ Է Կատարւում. Փաշինեան

by MassisPost

Հայաստանը միշտ ալ պատրաստ  եղած է փոխզիջումներու, բայց փոխզիջում կը նշանակէ զիջում երկու կողմէն, յայտարարած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան զուիցերիական RTS հեռատեսիլի ընկերութեան տրուած հարցազրոյցի ընթացքին:

«խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որեւէ զիջման պատրաստ չի եղել, եւ սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանութեամբ եւ այս հունով: Եւ կարծում եմ՝ հիմա առաւել եւս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաեւ այն պատճառով, որ Թուրքիան է մեծապէս կառավարում պրոցեսները, այդ թւում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թէ ուղղակի Ղարաբաղի հարցի կարգաւորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականութիւնը շարունակելու խնդիր, իսկ Հարաւային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դէպի հիւսիս, դէպի արեւելք եւ դէպի հարաւ-արեւելք ծաւալուելու, էքսպանսիոնիստական քաղաքականութիւն վարելու համար: Այնպէս որ, ես կարծում եմ՝ այստեղ շատ կարեւոր է արձանագրել, որ իրավիճակը, ըստ էութեան, արդէն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան տրամաբանութիւնից եւ ընթանում է շատ աւելի լայն տրամաբանութեամբ: Եւ Թուրքիայի այն քաղաքականութիւնը, որ հիմա վարում է Հարաւային Կովկասում, պէտք է դիտարկել այն քաղաքականութեան համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Յունաստանի եւ Կիպրոսի հետ յարաբերութիւններում», – ըսած է Հայաստանի վարչապետը:

«Հայերը, բացի Լեռնային Ղարաբաղէն, կը վերահսկեն նաեւ եօթ շրջան: Այս նման է որպէս ապահովութեան գօտիի: Պատրաս՞տ էք յանձնել այդ 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգաւորում ստանալու համար», հարցուցած է լրագրողը: Նիկոլ Փաշինեան պատասխանած է. – «Ես Հայաստանի Հանրապետութեան վարչապետն եմ, ոչ թէ Լեռնային Ղարաբաղի, եւ շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարութեան որոշումների պոտենցիալը քննարկուի հէնց Լեռնային Ղարաբաղի ընտրուած ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է ընդհանրապէս տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման, եւ 2011թ. կազանյեան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարուել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսուած եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրաւունքը:

«Մենք պէտք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի եւ Սիրիայից տեղափոխուած ահաբեկչական խմբաւորումների աջակցութեամբ վերահսկողութեան տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը եւ այն ազատել հայկական բնակչութիւնից: Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եւ հայկական կողմը կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011 թուականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարուել է այդ լուծումից, որովհետեւ նա հետեւողականօրէն գնացել է ռազմական լուծման, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը պէտք է հայաթափուի»:

;
Լրագրողի այն հարցին, թէ ին՞չ  կ՚ակնկալէք Զուիցերիայէն եւ հիասթափուա՞ծ էք արդեօք արեւմտեան որոշ երկիրներէն, Փաշինեան  պատասխանած է. «Խնդիրն այն է, որ հիմա Լեռնային Ղարաբաղը գտնւում է հումանիտար աղէտի շեմին եւ հումանիտար աղէտի վիճակում: Ես Ձեզ միայն մի իրավիճակ ներկայացնեմ, որ այս վերջերս, երբ կանխարգելիչ եւ զսպող հարուած էր հասցուել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի կողմից ադրբեջանական Գյանջայ քաղաքին, Ադրբեջանի իշխանութիւնները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան, որպէսզի ցոյց տան, թէ ինչ է տեղի ունենում: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչեւ այժմ ոչ մի օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի միւս քաղաքներ՝ տեսնելու համար այն հսկայական աւերուածութիւնները, որոնք շարունակական, երկշաբաթեայ եւ աւելի՝ մինչեւ օրս 19-օրեայ հրետակոծութիւնների եւ հրթիռակոծութիւնների արդիւնքում պատճառուել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցուածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները եւ շէնքերն աւերւում են: Ընդամէնը մի քանի օտարերկրացի, սահմանափակ թուով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամէնն արձանագրել են:

«Իսկ ոչ մի օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցիչ չի այցելել՝ տեղում տեսնելու, թէ ինչ է կատարւում: Ինչ վերաբերում է՝ ինչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից, վերջերս շուեյցարական Ժնեւ  քաղաքի քաղաքային խորհուրդը շատ խորհրդանշական մի բանաձեւ ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում յանուն փրկութեան գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա յայտնի միջազգային տերմին է, որը կոչւում է անջատում յանուն փրկութեան, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախութիւն են ստանում այն բանի հաշուառմամբ, որ նրանք որեւէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ յաւակնութիւններ ունեցող երկրի իշխանութեան ներքոյ չեն կարող գոյատեւել: Եւ ես ակնկալում եմ Շուեյցարիայից եւ Շուեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը յստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ եւ ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտի, նաեւ սեփական զօրքերից է տեղափոխել Ադրբեջան, եւ Ադրբեջանը Թուրքիայի եւ ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողութիւններ Լեռնային Ղարաբաղի դէմ: Այս ռազմական գործողութիւնների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայութիւնը գտնւում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրութիւնը պէտք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախութեան ճանաչում յանուն փրկութեան սկզբունքը, որովհետեւ հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայութիւնը կ’ենթարկուի ցեղասպանութեան: Եւ սրա մէջ ոչ մի չափազանցութիւն չկայ: Ադրբեջանի վերահսկողութիւնը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակուելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմութեան ընթացքում, բնակչութեան 80 եւ աւելի տոկոսը եղել են հայեր, եւ հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրութիւնից իմ ակնկալիքը յստակ է՝ կիրառել անջատում յանուն փրկութեան սկզբունքը:

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment