Home ՀԱՅԱՍՏԱՆ Իմ Հրաժարականի Հարցը Չի Քննարկուիր․ ԿԳՄՍ Նախարար Արայիկ Յարութիւնեան

Իմ Հրաժարականի Հարցը Չի Քննարկուիր․ ԿԳՄՍ Նախարար Արայիկ Յարութիւնեան

by MassisPost

Իմ հրաժարականի հարցը չի քննարկուիր։ ԱԺ-ի մէջ լրագրողներու հետ հանդիպման ժամանակ «Ա1+»-ի հարցին այսպէս պատասխանեց Կրթութեան, Գիտութեան, Մշակոթի եւ Սփորթի նախարար՝ Արայիկ Յարութիւնեան։ Նախարարը նշեց, որ ըմբռնումով կը մօտենայ իր հրաժարականը պահանջողներու գործողութիւններուն, թէեւ վստահ է, որ բարեփոխումները նման արձագանգ պիտի ստանային.

«Երբ 2018 թուականին քննարկում էր գնում այն մասին, թէ ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցաւոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետեւ ակնյայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թուում՝ մշակոյթի եւ սփորթի ոլորտում եւ այն համակարգերում, որոնք գործում են՝ մեծ դժգոհութիւնների տեղիք են տալիս եւ այդտեղ պէտք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թուով շահառուների խմբի, եւ բնականաբար, լինելու են դժգոհութիւններ»:

Նախարարը յորդորեց, որ հաւաքը կատարող խումբին հարցնեն դժգոհութիւններու պատճառներու մասին, իր խօսքով, այն խումբը, որ հիմա կը դժգոհի՝ «կը դժգոհի շատ յստակ պատճառներով»:

Նախարարը պնդեց, որ բողոքող խումբը հանրակրթական չափորոշիչի եւ ծրագրային չափորոշիչներէն գաղափար չունի կամ ակնյայտօրէն կը կեղծէ .

«Եթէ ակնյայտ պնդում են, որ «Նախնական զինուորական պատրաստութիւն» առարկան դուրս է գալիս՝ նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակութիւն առարկայ է մտնում ծրագրերի մէջ՝ նրանք ստում են, երբ ասում են, որ բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակութեան բաղադրիչ է մտած՝ նրանք ստում են, երբ ասում են՝ հայկական լեռնաշխարհի փոխարէն գրուած է Անատոլիա՝ ստում են։ Ստում են այն մարդիկ, որոնք ներգրաւուած են այս փողոցային պայքարին։ Յստակ՝ նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցուել, որովհետեւ նրանց գործունէութիւնը ոլորտում եղել է արատաւոր, եւ բնականաբար պէտք է այս աղմուկը բարձրացնեն: Երբ ասում են, որ Խորենացին, Նարեկացին, Սայաթ-Նովան հանում են ծրագրից՝ ստում են»:

Ինչ վերաբերում է դասարաններէն ներս երեխաներու դիմակ կրելու պահանջին, նախարարը ըսաւ, որ լսած է ծնողներու մտահոգութիւնները եւ այդ հարցը կը քննարկեն։ Նախարարը նաեւ նշեց որ, հանրութեան հետ հաղորդակցելէ չի խուսափիր երբ կայ հաղորդակցութեան օրակարգ.

«Ես շաբաթ-կիրակի փոխադրամիջոցով եմ երթեւեկում, երեկոները զբօսնում եմ մայրաքաղաքում»,- հաւաստիացուց Արայիկ Յարութիւնեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment