Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Պաշտօնական Թիւերը Կ’ապացուցեն, Որ Հակաճգնաժամային Միջոցառումները Արդիւնաւէտ Եղած Են. Վարչապետ

Պաշտօնական Թիւերը Կ’ապացուցեն, Որ Հակաճգնաժամային Միջոցառումները Արդիւնաւէտ Եղած Են. Վարչապետ

by MassisPost

Այս տարուայ Յուլիսին, Հայաստանի մէջ աշխատող քաղաքացիներու համախառն աշխատավարձի ֆոնտը կազմած է 127 միլիառ 391 միլիոն դրամ. այս այն գումարն է, որ վճարուած է գործաւորներուն եւ որու դիմաց եկամտային հարկ հաշուարկուած է: Այս մասին գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեան շարունակելով, որ նոյն ցուցանիշը Յունիսին կազմած է 120 միլիառ 846 միլիոն, իսկ 2019 թուականի Յուլիսին՝ 117 միլիառ 627 միլիոն դրամ:

«Ճշգրտուած տուեալներով՝ եթէ 2019 թուականի Յուլիսին համախառն աշխատավարձը բաշխուած է 606 հազար 465, իսկ 2020 թուականի Յունիսին 609 հազար 302 աշխատատեղերու միջեւ, ապա 2020 թուականի Յուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

Եթէ 2019 թուականի Յուլիսին մէկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թուականի Յունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թուականի Յուլիսին այդ թիւը կազմել է արդէն 207 հազար 795 դրամ», – գրած է պետութեան ղեկավարը:

Յիշեցնենելով, որ 2020-ի Ապրիլէն ի վեր կառավարութիւնը ընդունած է շարք մը հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերու պահպանումն է եւ աշխատավարձերու անկումը կանխելը, Փաշինեան ամփոփած է. – «Պաշտօնական այս թուերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդիւնաւէտ են եղել»:

Վարչապետը ընդգծած է, որ «վերը նշուած թուերը ձեւաւորուել են բացառապէս տնտեսվարողների ներկայացրած հաշուետուութիւնների հիման վրայ, եւ այս թուերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտաւորութիւնների հիմքում»:

Տարածքներ կորսնցնողը չի կրնար խօսիլ յաղթանակի մասին, Պապայեան կ’արձագանգէ Սարգսեանին

Հայաստանի երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսեանը, օրերս կայացած ասուլիսի ընթացքին յայտարարած է, թէ թերացումներ եղած են, բայց քառօրեայ պատերազմը յաղթանակ համարած է ։

«Տարածքներ կորցնողը չի կարող խօսել յաղթանակի մասին»,- Սերժ Սարգսեանին արձագանգած է Արցախի անվտանգութեան խորհուրդի քարտուղար՝ Սամուէլ Պապայեանը, որ «Ազատութիւն»-ի Հրայր Թամրազեանի «Կիրակնօրեայ վերլուծական»-ի հիւրն էր:

« Ընդհանրապէս ես եւ այն ժամանակ, եւ հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է ներթափանձման գործողութիւն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ յաղթել ենք, թէ ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խօսել յաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականութեան հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրօք կորցրել են, դա փաստ է, եւ տարածքներ ենք կորցրել: Դրանով եթէ կը համարէք, որ դա յաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձեւ են մտածում». ըսած է Պապայեան:

Այն հարցին, թէ Դուք ի՞նչ կարծիքի էք: Դո՞ւք ալ կը կարծէք, որ այդքան ալ կարեւոր չէ եղած այդ, ինչպէս ինք կ’ըսէ, 800 հեկտարը կամ այդ դիրքը` Լալա Թեփեն: Սամուէլ Պապայեան ըսած է,- «Նոյն Լալա Թեփեն ամբողջ Ճապրայիլի տարածքը հսկում է, միակ բարձունքն է, որտեղից ամբողջ տարածքը կարում ես պարզ տեսնել եւ խոցել բոլոր հնարաւոր եւ անհնարինը: Եթէ դա համարենք, որ ինքը որեւիցէ կարեւորութիւն չունի, ապա ի՞նչն ունի կարեւորութիւն. ուրեմն այդ մարդիկ կա՛մ բանակից շատ հեռու են, պատերազմը չեն հասկանում, կա՛մ էլ ուղղակի գիտակցում են, բայց իրենց պէտք է այդպէս ձեւակերպել: Սա՝ առաջինը: Երկրորդը` ինչ վերաբերում է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղի բարձունքին, մենակ էդ բարձունքը, այդ տարածքները ազատագրելուց, կը ներէք, հինգերորդ  ջոկատը, որն այդ ուղղութեամբ աշխատել է, մօտ 600-700 զոհ ունի տուած: Ի՞նչ է` մենք այդ զոհերը տուել ենք, որ այդ դիրքերը մեզ համար կարեւոր չե՞ն, թէ՞ ոնց: Ուղղակի այդ մարդիկ պատմութիւնը թող յետ գնան, վերյիշեն ու հասկանան, որ նման արտայայտութիւններ պէտք չի անել»:

Իմ փորձառութիւնը կ’ըսէ, որ 2016-ի ապրիլեան դէպքերէն յետոյ որեւէ փաստաթուղթ չէ ստորագրուած, որովհետեւ եթէ ստորագրուեր, պէտք է վերադառնային հին դիրքերը եւ հաստատէին հին պայմանագիրը, հարցազրոյցի ընթացքին նշեց Արցախի անվտանգութեան խորհուրդի քարտուղար Սամուէլ Պապայեանը՝ անդրադառնալով այն դիտարկման, որ ենթադրութիւններ կան, որ ստորագրուած է գաղտնի փաստաթուղթ, ուր ապրիլեան պատերազմի հետեւանքը ամրագրուած է:

«Քանի որ Ատրպէյճանը հենց էն գլխից, որը Ալիեւը զանգել է Մոսկուա, ասել, որ դիրքերը յետ չենք տալու, բայց պատրաստ ենք դադարեցնել, չշարունակել, դա արդէն խօսում է  այն մասին, որ իրենք չէին կարող փաստաթուղթ ստորագրել: Անգամ եթէ ստորագրէին, դա Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ էր լինելու եւ չէր գործելու, որեւէ ձեւի կապ չէր ունենալու Ղարաբաղի հետ: 1993-1994 թուականներին բոլոր փաստաթղթերը Ղարաբաղի մասնակցութեամբ են ստորագրուել, դա իրեն ոչինչ չի տալու: Այդտեղ ինքը (Սերժ Սարգսեանը-խմբ) ճիշդ է ասում, այդտեղ չեմ կարող հերքել»,-ըսած է Պապայեան:

Յիշեցման, որ ինքը ժամանակին կ’ըսէր, որ Սերժ Սարգսեանը Լեռնային Ղարաբաղի մէջ զիջումներ կը բանակցէր, Սամուէլ Պապայեան արձագանգեց. «Ինչ էլ ինքն ասի, այսօր մեր ձեռքի տակ կան փաստաթղթերը, որոնք իրենք բանակցել են: Շատ պարզ, յստակ ասուում է, որ 5 շրջանը յանձնում ենք, յետոյ երկու շրջանը, յետոյ  մի միջանցք, այդպէս էլ Ղարաբաղի կարգաւորումը չի երեւում: Եւ զօրքեր են մտցնում դա ապահովելու  համար: Հիմա ես եմ հարց ուղղում՝  դա զիջո՞ւմ է, թէ՞ զիջում չի, դա դաւաճնութի՞ւն է, թէ ոչ: Եթէ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնում յստակ գրուած է, որ այն տարածքները, որոնք մեր հսկողութեան տակ են, դրանք ամբողջովին մերն է: Հարց է ծագում՝ Արցախի ժողովրդից հարցրե՞լ են՝ գնալով այդ բանակցութիւններին: Որեւէ մէկն իրենց լիազօրե՞լ է, թէ ոչ: Ես ուղղակի կը խնդրէի՝ մարդիկ բերանները փակեն, չխօսեն այլեւս: Իսկ եթէ իրենց հետաքրքրում է հրապարակել այն գաղտնի փաստաթղթերը, որոնք այսօր ունենք՝ ինչ  բանակցութիւններ են վարել, պատրաստ ենք դա էլ հրապարակելու, բայց դա մեր ազգային շահերին վնաս է, դրա համար չենք խօսում դրա մասին: Իսկ եթէ որեւէ մէկն ուզում է մօտիկից ծանօթանալ, իմ ձեռքի տակ կան, կարող է անվտանգութեան խորհուրդ ներկայանալ, մենք  իրենց ծանօթացնենք, թէ իրենք ինչ են բանակցել, ինչ փաստաթղթի են եղել պատրաստ, որտեղ պէտք է ստորագրէին, եւ ինչու են Արցախի Սահմանադրութիւնը փոխել, երեք տարի երկարաձգել Արցախի նախագահի կեանքը»:

Հարակից Նյութեր

Leave a Comment