Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սերժ Սարգսեանը Ապրիլեան Պատերազմի Մասին. «Մենք Նախօրօք Չենք Իմացած, Որ Ատրպէյճանի Կողմը Կը Պատրաստուի Լայնածաւալ Գործողութեան»

Սերժ Սարգսեանը Ապրիլեան Պատերազմի Մասին. «Մենք Նախօրօք Չենք Իմացած, Որ Ատրպէյճանի Կողմը Կը Պատրաստուի Լայնածաւալ Գործողութեան»

by MassisPost

«Մենք նախօրօք չենք իմացել, որ Ատրպէյճանի կողմից պատրաստուում է լայնածաւալ գործողութիւն»,- այսօր՝ Օգոստոս 19-ին հրաւիրուած ասուլիսի ընթացքին ըսաւ Սերժ Սարգսեանը՝ անդրադառնալով այն հարցին, թէ հետախուզութիւնը ապրիլեան պատերազմէն առաջ զեկուցա՞ծ է սպասուող յարձակման մասին։

«Ձեր հարցերի մի մասն էլ վերաբերում է նրան, թէ ինչո՞ւ չենք իմացել։ Սա էլ է մասնագիտական հարց, եւ պէտք է ասեմ, որ ցաւօք սրտի, աշխարհի նոյնիսկ լաւագոյն հետախուզութիւնները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատուութիւն։ Կարծում եմ, որ դուք չէք կասկածում, որ աշխարհի լաւագոյն հետախուզութիւններից մէկը ԱՄՆ հետախուզական ծառայութիւնն է, որը նախնական տեղեկութիւններ չունէր սեպտեմբերի 11-ի այդ ողբերգութեան իրականացման մասին։ Այո, այդ հարցում մեր հետախուզութիւնը թերացել է։ Մենք ունեցել ենք նախնական տեղեկութիւն արդէն ապրիլի մէկին օրուայ երկրորդ կէսին, որ Ատրպէյճանցիների կողմից պատրաստուում է  յարձակման գործողութիւն։ Եւ ենթադրուող հատուածներում համապատասխան աշխատանք կատարուել է»,- ըսաւ Սարգսեան։

Սերժ Սարգսեան լրագրողներու հարցին ի պատասխան, անդրադարձաւ այն հարցին, թէ ինչո՞ւ ապրիլեան պատերազմի ժամանակ չօգտագործուեցաւ «Իսքանտերը»։

«Որովհետեւ քառօրեայ պատերազմն առաջին հերթին լայնածաւալ պատերազմ չէր, դա քառօրեայ լայնածաւալ գործողութիւններ էին։ Եւ եթէ մենք այդ ժամանակ օգտագործէինք Իսքանտերը, ուղղակի դա կը լինէր կրակոց թնդանօթներից ճնճղուկների վրայ։ Դրա տեղը չէր, Իսքանտերը շատ հզօր զէնք է, դրա առաջին առաքելութիւնը կայանում է հակառակորդին զսպելու մէջ։ Ոչ միայն Իսքանտերը, այլ նաեւ մեր մնացած հեռահար միջոցները ճիշդ ժամանակին լինում էին իրենց կրակակէտերում եւ պատրաստ էին կատարել ցանկացած հրաման»,- ըսաւ ան։
Ասուլիսի ընթացքին Սերժ Սարգսեան անդրադարձաւ իր աւելի վաղ ըրած յայտարարութեան, թէ ապրիլեան պատերազմի ժամանակ հայ զինուորները կռուած են 80-ականներու զէնքերով։

«Որպէսզի ամբողջովին հասկանալի լինի իմ յայտարարութեան նպատակը, յիշեցնեմ, որ այդ յայտարարութիւնը հնչել է քառօրեայից անմիջապէս յետոյ՝ Գերմանիայում։ Իսկ 2016 թուականին Գերմանիան նախագահում էր Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան Կազմակերպութիւնում (ԵԱՀԿ)։ Իրօք, այդ յայտարարութիւնը շատ մեծ շահարկումների տեղիք տուեց առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր լաւ չեն պատկերացնում, թէ ինչ է նշանակում 80-ականների զէնք։ Իմ ասածը, եթէ թարգմանենք դիւանագիտական լեզուով, հետեւեալն էր՝ յարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք էք փակում Ատրպէյճանի կողմից մինչեւ ատամները զինուելու հանգամանքի վրայ, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը։ Բայց ուզում եմ աւելացնել՝ դուք ունէք բոլոր հնարաւորութիւնները պարզելու, թէ կա՞յ այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զէնք։ Եթէ կը գտնէք այդպիսի մի բանակ ամենաժամանակակից բանակների թուում, ապա ես կը յայտարարեմ, որ այդ գործերից ոչինչ չեմ հասկանում։ Նոյնիսկ այսօր ոչ միայն մեր Զինուած ուժերի զինանոցում են 80-ականների զէնքերը, այլ նաեւ ամենահարուստ եւ ամենամեծ ապահովութիւն ունեցող զինուած ուժերում»,- ըսաւ Սարգսեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment