Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Հայոց Պատմութիւն» Առարկայի Չափորոշիչներում Չկայ Ոչ Մի Հակապետական Դրսեւորում. ՏՈԵՄ

«Հայոց Պատմութիւն» Առարկայի Չափորոշիչներում Չկայ Ոչ Մի Հակապետական Դրսեւորում. ՏՈԵՄ

by MassisPost

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միութիւնը յայտարարութիւն է տարածել՝ տեղեկացնելով, որ օրերս   «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միութեան անդամները հանդիպում ունեցան ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի դասախօս, Պ․Գ․Թ,դոցենտ, «Պատմութիւն» առարկայախմբի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչեանի հետ։

Կառուցողական եւ առողջ մթնոլորտում քննարկուեցին մի շարք հարցեր առնչուող «Հայոց Պատմութիւն» առարկայի չափորոշիչներին, առարկայի ապագային, դրանում տեղ գտնող նիւթերին եւ դրանցում պարունակուող ուղերձներին։

Լիլիթ Մկրտչեանի կողմից կատարուեցին մի շարք յստակեցումներ, որոնք գրեթէ ամբողջութեամբ ընդունելի են մեր միութեան կողմից։

Միանալով բազմաթիւ անձերի յստակեցումներին մենք եւս հաստատում ենք, որ չափորոշիչներում չկայ ոչ մի հակազգային, հակապետական դրսեւորում կամ դրա քարոզ, չափորոշիչներում առկայ մի շարք տեխնիկական խնդիրները ոչ մի աղերս չունեն «հակազգային» դրսեւորումների հետ։

Ամփոփ կերպով ծանօթանալով չափորոշիչներին մենք կարող ենք ասել աւելին՝ դրանք իրենց ոգով ազգային են եւ պետականամէտ, ուղղուած են աշակերտի մէջ զարգացնելու պատմական, վերլուծական եւ ինքնուրոյն մտածելու կարողութիւնը, դրանք ի տարբերութիւն այժմ գործող դպրոցական դասագրքերի միտում չունեն աշակերտին պարտադրելու հեղինակի կարծիքը (որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք մենք)։

Ցաւով պիտի նշենք, որ չափորոշիչների «հակազգային» բնոյթի մասին խօսողները զբաղւում են մանիպուլացիաներով եւ հակագիտական գործունէութեամբ ելնելով նեղ անձնական ու քաղաքական շահերից (այս մասին մենք եւս խօսել էինք դեռ անցեալ տարի), նրանց ջղաձգումները ղեկավարւում են յստակ կառոյցներից։

Նաեւ ցաւօք պիտի նշենք, որ ԳԱԱ պատմութեան ինստիտուտը իրեն դրսեւորում է հակագիտական ու քաղաքական ուղղուածութեամբ եւ սա մեր ազգային ամօթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատութիւնը պայքարում է գիտութեան դէմ թաքնուելով «հայրենասիրութեան» թիկունքում, յարձակում կատարում գործընկերոջ վրայ, թիրախավորում նրա անձը խախտելով եւ գիտական եւ ազգային-հասարակական բարեկրթութեան կարգերը. ՏՈԵՄ-ը դատապարտում է այդ պահուածքը։

ՏՈԵՄ -ը իր լիակատար աջակցութիւնն է յայտնում Լիլիթ Մկրտչեանին նախաձեռնուած բարեփոխումներում, նրա անձի դէմ յարձակումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան անտակտութիւն եւ անաչառ գիտութեան դէմ յարձակում ու աշխատանքների խոչնդոտում։

Պատմութիւն առարկայի չափորոշիչների փոփոխութիւնները բխում են հայ ազգային-պետական շահերից եւ ոլորտում տիրող բացասական մթնոլորտը Լիլիթ Մկրտչեանի անձնական հարցը չէ, այլ հայկական գիտութեան, դրա առողջութեան ու անաչառությեան, ուստի կոչ ենք անում բոլոր գիտութեան ներկայացուցիչներին, դրա հետ առնչուող ոլորտի ներկայացուցիչներին ձեռնպահ չմնալ, աջակից լինել, խօսել եւ չվախենալ։

-ՏՈԵՄ Վարչութիւն

Հարակից Նյութեր

Leave a Comment