Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ԱԳ Նախարար Զոհրապ Մնացականեանի Հարցազրոյցը «Ալ Ճազիրա» Լրատուականին

ԱԳ Նախարար Զոհրապ Մնացականեանի Հարցազրոյցը «Ալ Ճազիրա» Լրատուականին

by MassisPost

Հարց. Քաղաքացիական բնակչութիւնը յայտնուեցաւ այս մարտերու կեդրոնը: Ի՞նչ ջանքեր կը գործադրուին այդ ամէնուն վերջ դնելու համար:

Զ. Մնացականեան. Յուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղաւ շատ վտանգաւոր զարգացում, երբ Ատրպէյճանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արուեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հիւսիսարեւելեան հատուածում՝ դրանով իսկ աւելացնելով լարուածութեան վտանգը, որ մենք այժմ ունենք: Ներկայումս առաջնահերթութիւն են լարուածութեան նուազեցման փորձերը: Սա այն է, ինչի ուղղութեամբ մենք աշխատում ենք, սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների հետ, որի կազմում են Ֆրանսան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն: Սա է ներկայիս առաջնահերթութիւնը:

Մենք ունենք լարուածութեան նուազեցման կարիք. Հայաստանն ունի պաշտպանուելու կարողութիւն, Հայաստանը հանդիասանում է Արցախի անվտանգութեան երաշխաւորը, պատերազմը տարբերակ չէ: Խաղաղ կարգաւորման գործընթացն այլընտրանք չունի: Մենք շարունակում ենք յանձնառու լինել վերջինիս եւ կ’աշխատենք իրադրութեան լիցքաթափման եւ այնպիսի միջավայրի ձեւաւորման ուղղութեամբ, որն օգնում է խաղաղութեանը եւ նպաստում է բանակցային գործընթացին:

Հարց. Ի՞նչ մանրամասնութիւններ կարող էք հաղորդել այն ջանքերի վերաբերեալ, որոնք ուղղուած են լարուածութեան թուլացման: Ի՞նչ գործընթաց կը կատարուի, եւ որքա՞ն արագ այդ տեղի կ’ունենայ, հաշուի առնելով այն, որ մարտերու շարունակականութենէն մարդիկ կը զոհուին:

Զ. Մնացականեան. Պէտք է ասեմ, որ բաւականին յուսադրող է այն, որ վերջին, կարելի է ասել, 12-14 ժամերի ընթացքում, մենք ունենք յարաբերական անդորր: Մենք մշտական կապի մէջ ենք ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների հետ: Մենք փորձում ենք գտնել այն ձեւերը, որը հնարաւորութիւն կ’ընձեռի պահպանելու այս յարաբերական անդորրը եւ վերահաստատելու հրադադարի ռեժիմը, որը, ինչպէս նշեցիք, հաստատուել է 1994-ին եւ այդ ժամանակուանից ի վեր լիարժէք ուժի մէջ է. փաստաթուղթ, որը ստորագրուել է Հայաստանի, Արցախի եւ Ատրպէյճանի կողմից: Եւ այժմ հրադադարի ռեժիմի լիարժէք վերականգնումը մեր առաջնահերթութիւնն է:

Հարց. Լուրեր կային, որ Հայաստանը խնդրած է ՀԱՊԿ-ին՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան, զոր կը ղեկավարէ Ռուսաստանը, հադիպիլ այդ հարցի շուրջ եւ գործողութիւններ ձեռնարկել, բայց որու արձագանգը, կարծես թէ, ինչ որ տեղ աղոտ էր: Ո՞րն է Հայաստանի վերաբերմունքը այդ պատասխանին:

Զ.Մնացականեան. Ես չեմ համաձայնի այդ գնահատականի հետ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն է, եւ մեր գործընկերների հետ մենք ակնյայտօրէն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերեալ եւ բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպէս այս դէպքում, անհրաժեշտ ենք համարում հաւաքական գործողութեան ներկայացման համար: Ակնյայտօրէն, որպէս Կազմակերպութիւն՝ իր կանոնադրութեամբ, մենք մեր ձեռքում ունենք ողջ գործիքակազմը, սակայն մենք գնահատում ենք իրավիճակը, գնահատում ենք իրավիճակով պայմանաւորուած գործողութիւնները: Մենք կապի մէջ ենք եւ հետեւողական երկխօսութեան մէջ ենք գտնուում մեր ՀԱՊԿ գործընկերների հետ:

Հարց. 2019-ին եղած են բանակցութիւններ այս հարցին որոշակի լուծում տալու նպատակով: Յայտնի է, որ Հայաստանի վարչապետը այդ ժամանակ ըսած է, որ «Արցախը Հայաստան է», եւ կը ցանկանար փոխել բանակցութիւններու ձեւաչափը, ինչ որ, ենթադրաբար, էականօրէն խարխլած է բանակցային գործընթացը: Պատասխանատուութեան ի՞նչ մասնաբաժին կը կրէ Հայաստանը այս բանակցութիւններու շարունակականութեան ապահովման ձախողութեան համար:

Զ.Մնացականեան. Ես կրկին չեմ համաձայնի նման գնահատականի հետ, քանի որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը շատ յստակ խօսել է այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, Հայաստանը պատասխանատուութիւն է կրում Արցախի մեր հայրենակցիների անվտանգութեան, ֆիզիքական գոյաբանական անվտանգութեան համար:

Մենք շարունակում ենք հաւատարիմ մնալ խաղաղ գործընթացին, եւ ակնյայտ է, որ Հայաստանն ունի իր զարգացման օրակարգը, Հայաստանն ունի իր ժողովրդի բարեկեցութիւնը պաշտպանելու օրակարգ: Արցախը, նրա բնակչութիւնը գտնուում են անբարենպաստ պայմաններում. ամէն կերպ փորձ է արուում նրանց մեկուսացնել արտաքին աշխարհից, ինչն անընդունելի է, եւ Հայաստանն ակնյայտօրէն ամէն կերպ աջակցում է, որպէսզի Արցախի ժողովուրդը կարողանայ ապրել անվտանգութեան, խաղաղութեան եւ զարգացման պայմաններում: Դա հենց այդ համաթեքսթում է:

Այնուամենայնիւ, ընդգծեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շատ հետեւողական է եղել իր յայտարարութիւններում առ այն, որ խաղաղութիւնը հնարաւոր կը լինի, երբ մենք հասնենք այնպիսի փոխզիջումային լուծման, որն ընդունելի կը լինի բոլոր ժողովուրդների` Հայաստանի, Արցախի եւ Ատրպէյճանի ժողովուրդների համար: Եւ մենք Ատրպէյճանի ղեկավարութիւնից դեռ ակնկալում ենք փոխադարձելիութիւն այնպիսի մօտեցման, որը հիմնուած կլինի փոխզիջման վրայ, քանի որ ներկայումս մենք ականատեսն ենք լինում առաւելապաշտական մօտեցման, որը հաշուի չի առնում Հայաստանի եւ Արցախի հիմնարար առաջնահերթութիւնները:

Այսպիսով, մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կը լինի բոլորի համար, եւ մենք աշխատում ենք այդ ուղղութեամբ:

Հարակից Նյութեր

Leave a Comment