ԱԳՆ մամլոյ խօսնակ Աննա Նաղդալեանը պատասխանած է Պաքուի հակահայկական ջարդերու 30-րդ տարելիցի վերաբերեալ հարցին ։
Հարց. Այս տարի լրացաւ Պաքուի հակահայկական ջարդերու 30-րդ տարելիցը, որու ծիրէն ներս Հայաստանի մէջ կայացած միջոցառումները ջղային արձագանգներու արժանացան Ատրպէյճանի իշխանութիւններու, մասնաւորապէս՝ Արտաքին գործոց նախարարութեան եւ նախագահի օգնականի կողմէ: Ինչպէ՞ս կը գնահատէք այն:
Պատասխան. Նախ կ’ուզենայի ընդգծել, որ Պաքուի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցութեամբ Երեւանում անցկացուեցին յիշատակի մի շարք կարեւոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան եւ մինչ օրս շարունակւում են բազմաթիւ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Պաքուի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:
Ցաւօք, այս տարի եւս Ատրպէյճանի իշխանութիւնները շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Պաքւում 30 տարի առաջ իրականացուած հակահայկական ջարդերի կազմակերպիչների եւ այդ ջարդերն իրականացնողների գործողութիւնների արդարացումը: Աւելին, Ատրպէյճանի նախագահի օգնական Հիքմեթ Հաճիեւի կողմից անօգնական մարդկանց հանդէպ հաշուեյարդար տեսած ջարդարարները հերոսացուեցին` որպէս «շահիտներ», իսկ Ատրպէյճանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումակայիթեան եղեռնագործութեան իրականացման մէջ:
Ատրպէյճանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործութեան մէջ եւ ժխտելով խաղաղ պայմաններում անզէն մարդկանց հրապարակային եւ համակարգուած ոչնչացման իր պատասխանատուութիւնը:
Սա եւս մէկ անգամ աներկբայ ընդգծում է, որ որեւէ պարագայում հայ ժողովրդի որեւէ հատուածի անվտանգութեան պատասխանատուութիւնը չի կարող վստահուել ատրպէյճանական իշխանութիւններին: Ակնյայտ է, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ատրպէյճանի կազմում եւ Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանութեան համար անհրաժեշտ անվտանգութեան գծերի։