Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Համար թէ Իրանը, թէ ԱՄՆ-ն Կարեւոր Նշանակութիւն Ունին. Արտաքին Գործոց Փոխնախարար

Հայաստանի Համար թէ Իրանը, թէ ԱՄՆ-ն Կարեւոր Նշանակութիւն Ունին. Արտաքին Գործոց Փոխնախարար

by MassisPost

Հայաստանի համար թէ Իրանը, թէ ԱՄՆ-ն կարեւոր նշանակութիւն ունին, երկու երկիրներու միջեւ վերջերս ծագած իրավիճակի նկատմամբ Հայաստանը չափազանց նրբանկատ է: «Արմենբրես»-ի հաղորդմամբ` այս մասին ըսած է ՀՀ արտաքին գործոց փոխնախարար Շաւարշ Քոչարեանը՝ ԱԺ տարածաշրջանային եւ եւրասիական ընդելուզման հարցերու մշտական յանձնաժողովի նիստին «Իրանի Իսլամական Հանրապետութեան շուրջ ստեղծուած իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները թեմայով քննարկման:

«Երբ Յունուարի 3-ին առաջացաւ այդ լարուածութիւնը, ԱԳՆ-ն աշխատում էր շուրջօրեայ ռեժիմով, դա վերաբերւում է թէ նախարարութեանը, թէ դեսպանատներին: Հասկանալի են մեր մտահոգութիւնները, քանի որ ցանկացած իրարանցում շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ նաեւ Հայաստանի վրայ: Բոլորս շատ լաւ հասկանում ենք, թէ ինչ է նշանակում Իրանը մեզ համար` որպէս հարեւան: Ըստ էութեան դէպի արտաքին աշխարհ ունենք երկու պատուհան` Վրաստանը եւ Իրանը: Այդ տեսակէտից մենք միշտ ուշի ուշով հետեւում ենք այն զարգացումներին, որ կան Իրանի շուրջ: Պատահական չէ, որ Հայաստանն ամենաշահագրգիռներից էր, որ միջուկային խնդրի շուրջ հասնեն համաձայնութեան: Եւ մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք այդ համաձայնութիւնը: Սակայն, ցաւօք, վերջին զարգացումները բերեցին նրան, որ արդէն դա էլ հարցականի տակ դրուեց: Մի կողմից ԱՄՆ-ն մեզ համար շատ լուրջ գործընկեր է, ԵԱՀԿ Մինսքի խմբի երեք համանախագահողներից մէկն է, կարեւորագոյն դերակատարութիւն ունի կայունութեան պահպանման հարցում»,-ըսած է Քոչարեանը:

Ան նկատած է` Մերձաւոր Արեւելքի մէջ ահաբեկիչներու դէմ պայքարին երկուքն ալ` թէ՛ Իրանը, թէ՛ ԱՄՆ-ն շատ կարեւոր դերակատարութիւն ունեցած են: Փոխնախարարը նշած է` Թրամփը յայտնի հրթիռակոծութենէն ետք իր ելոյթին մէջ նոյնիսկ ակնարկեց այն աւանդին, որ Իրանն ունեցած է «Տահէշ»ի դէմ պայքարին մէջ: «Այդ տեսակէտից բնական է, որ մենք չափազանց նրբանկատ ենք այդ հարցերի շուրջ, եւ պէտք է ասեմ, որ Իրանն էլ գնահատում է Հայաստանի այդպիսի շահագրգիռ մօտեցումը: Մեզ շատ անգամ շատ պարզ ասում են, որ  14 հարեւան երկիր ունեն, որոնք, բացի Հայաստանից, բոլորը մահմետական են, բայց բոլորից քիչ խնդիրներն ունեն հենց Հայաստանի հետ»,-ըսած է Քոչարեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment