Home ՀԱՅԱՍՏԱՆ Վեց Ամսուան Ընթացքին Ստեղծուած Է Կամ Ստուերէն Դուրս Եկած Է 6565 Աշխատատեղ

Վեց Ամսուան Ընթացքին Ստեղծուած Է Կամ Ստուերէն Դուրս Եկած Է 6565 Աշխատատեղ

by MassisPost

Հայաստանի Հանրապետութեան մէջ 6 ամսուան ընթացքին ի յայտ եկած է, այսինքն` ստեղծուած է կամ ստուերէն դուրս եկած է 6 հազար 565 աշխատատեղ, «Ֆէյսպուք»-ի իր էջին գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«2018 թուականի Մայիսի համեմատ 2019 թուականի Նոյեմբերի 29-ի դրութեամբ Հայաստանում ի յայտ է եկել (ստեղծուել կամ ստուերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: 2019 թուականի Հոկտեմբերի 29-ի դրութեամբ այդ թիւը 74 հազար 969 աշխատատեղ էր: Այսինքն՝ մէկ ամսուայ ընթացքում Հայաստանում ի յայտ է եկել (ստեղծուել է կամ ստուերից դուրս է եկել) 6 հազար 565 աշխատատեղ»,- գրած է Փաշինեանը:

Վարչապետը ընդգծած է, որ հետաքրքիր է Հոկտեմբերի` 74 հազար 969-ի եւ Նոյեմբերի` 81 հազար 534-ի բաշխուածութիւնը ըստ եկամտային հարկի սանդղակի, այսինքն՝ ըստ աշխատավարձի:

«Հոկտեմբերի` 74 հազար 969-ի աշխատատեղերի բաշխուածութիւնը հետեւեալն էր. 30,4 տոկոսը կամ 22 հազար 810 աշխատատեղ գտնուել է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատուածում, 68,9 տոկոսը կամ 51 հազար 723 աշխատատեղ՝ 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատուածում, 0,5 տոկոսը կամ 423 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատուածում: Նոյեմբերի` 81 հազար 534 նոր աշխատատեղերի բաշխուածութիւնը հետեւեալն է. 28,5 տոկոսը կամ 23 հազար 250 աշխատատեղ գտնւում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատուածում, 70,8 տոկոսը կամ 57 հազար 736 աշխատատեղ գտնւում է 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատուածում, 0,6 տոկոսը կամ 548 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատուածում: Ինչպէս տեսնում էք, նոր ի յայտ եկած աշխատատեղերի բաշխուածութեան մէջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսութեան խորքային եւ դրական  փոփոխութեան մասին: Կասկած չունեմ, որ այս հատուածի աշխատատեղերի մի զգալի հատուածը վերաբերւում է IT ոլորտին»,- նշած է վարչապետը:

Նիկոլ Փաշինեանը աւելցուցած է, որ նոր ի յայտ եկող աշխատատեղերը ունին որոշակի սեզոնային գործօն:

«Օրինակ՝ Սեպտեմբերին Օգոստոսի համեմատ դրանք մօտ 3 հազարով անկում էին ապրել: Բայց սա չի ազդում ընդհանուր տինամիքայի վրայ, որը մենք հաշուարկում ենք 2018 թուականի Մայիսից, այսինքն՝ յեղափոխութեան յաղթանակից: Հայաստանում, ինչպէս տեսնում էք, ահռելի թուով նոր աշխատատեղեր են ի յայտ եկել, եւ այս գործընթացը շարունակուելու է»,- գրած է Փաշինեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment