Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Անվտանգութեան Խորհուրդի Քարտուղար․ Արտախորհրդարանական Ուժեր Պառակտում կը Մտցնեն Հասարակութեան Մէջ

Անվտանգութեան Խորհուրդի Քարտուղար․ Արտախորհրդարանական Ուժեր Պառակտում կը Մտցնեն Հասարակութեան Մէջ

by MassisPost

«Արտախորհրդարանական ուժերը չարաշահում են ժողովրդավարութեան ընձեռած հնարաւորութիւնները, պառակտում են մտցնում հասարակութիւնում եւ խնդիրներ են ստեղծում», – Կառավարութեան նիստէն ետք լրագրողներուն ըսած է Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

Գրիգորեանը օրերս հանդէս եկած է հրապարակմամբ՝ Civilnet պարբերականին գրելով․ – «Աշխարհի մի շարք երկրներում ժողովրդավարութիւնն անկում է ապրել, քանի որ ժողովրդավարական ուժերը բաւարար ջանք չեն գործադրել ժողովրդավարութիւնը պաշտպանելու համար: Հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարութեան տուած հնարաւորութիւններն օգտագործել են հակաժողովրդավարական արժէքներ տարածելու, հանրային համերաշխութիւնը խաթարելու, իսկ այնուհետեւ մենատիրական կամ ամբողջատիրական համակարգ ստեղծելու համար։ Պատմութեանը յայտնի են ժողովրդավարութեան մի շարք անկումներ։ Դրա ցայտուն օրինակ է Վայմարեան հանրապետութեան անկումը եւ Հիթլերի իշխանութեան գալը»։

«Սա նոր իրավիճակ է, եւ մենք պէտք է ընդհանրապէս աւելի շատ խօսենք մեր ժողովրդավարութեան ե՛ւ զարգացման, ե՛ւ կայացման, ե՛ւ պահպանութեան մասին: Ես ոչ թէ խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերը իշխանութեան կը գան: Ես խնդիր եմ տեսնում, որ իրենք չարաշահում են եւ չարաշահելով ժողովրդավարութեան ընձեռած հնարաւորութիւնը ազատ մամուլի եւ այլ մասով՝ հասարակութիւնում պառակտում են մտցնում եւ խնդիրներ են ստեղծում: Եւ այս առումով մենք քննարկում ենք ծաւալում՝ հասկանալու համար, թէ ինչպէս կարող ենք այդ խնդիրներին լուծում տանք: Յօդուածում խօսել եմ նաեւ, որ այս խնդիրի լուծումը նման է, այսպէս ասած, ածելիի սայրով քայլելուն, եւ շատ նուրբ է այդ սահմանը: Պէտք է կարողանանք շատ նուրբ այդ սահմանը պահենք, այդ սահմանով գնալով ե՛ւ ժողովրդավարական սկզբունքները պաշտպանենք, ե՛ւ անվտանգութիւնը երկրում», – նշած է Գրիգորեանը:

«Ազատութեան» հարցին, թէ որ ուժերու մասին է խօսքը, ան արձագանգած է․ – «Ես այս պահին չեմ կարող դրանց մասին խօսել: Բնականաբար, դրանք հիմնականում արտախորհրդարանական են: Եւ այսպէս ասեմ․ այդ ուժերը հիմնականում ֆէյք հաշիւների եւ ոչ-հրապարակային հանդէս գալու միջոցով են գործում: Այսինքն, կեղծ լուրերը, որոնք տարածում են, դրանց մեծ մասը տարածւում են կեղծ հաշիւներից, եւ կեղծ հաշիւներում աւելի մեծ ազատութիւն ունենալով, աւելի բացասական երեւոյթների տեղիք են տալիս: Դժուար է յաճախ իմանալ, թէ այդ ֆէյք հաշիւների յետեւում ովքեր են կանգնած, որովհետեւ տուեալների մասով սահմանափակումներ կան, յաճախ Ֆէյսպուքը տուեալներ չի տրամադրում: Բայց այդ մասով [որ այդ կեղծ հաշիւների յետեւում կանգնած են նաեւ նախկին իշխանութիւնների ներկայացուցիչները] որոշակի հիմնաւոր կասկածներ են առաջանում»:

«Պատմութիւնը ցոյց է տալիս, որ ժողովրդավարութիւնը պաշտպանութեան կարիք ունի, ու իշխանութիւնն ունի ե՛ւ լիազօրութիւններ, ե՛ւ պարտաւորութիւններ ժողովրդավարական արժէքները եւ հիմնարկները պաշտպանելու համար», – ըսած է Արմէն Գրիգորեանը։

«Ազատութեան» յաջորդ հարցին, թէ ինչ պիտի ձեռնարկեն իշխանութիւնները, ան պատասխանած է․ – «Քայլերը բազմաշերտ են: Չկայ մէկ յստակ քայլ, որով կարելի է ասել, որ այ, էս քայլը կատարելով մենք բոլոր հարցերը լուծելու ենք»:

Հարակից Նյութեր

Leave a Comment