Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Կոմիտաս Վարդապետ 150 Ամեակի Առիթով Համերգ Եւ Դասախօսութիւն Սիաթըլի Ս․ Յարութիւն Եկեղեցում

Կոմիտաս Վարդապետ 150 Ամեակի Առիթով Համերգ Եւ Դասախօսութիւն Սիաթըլի Ս․ Յարութիւն Եկեղեցում

by MassisPost

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու` մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Պարոյր Սեւակ

Հոկտեմբերի 26-ին Սիաթըլի Սուրբ Յարութիւն եկեղեցու Ծխական խորհրդի եւ հովիւ Տէր Վազգէն քհնյ. Պոյաճեանի անմիջական նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երաժշտագէտ, բանահաւաք, խմբավար, հոգեւորական Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նուիրուած գեղեցիկ միջոցառում: Սուրբ Յարութիւն եկեղեցում, յիրաւի, տօն էր, որտեղ հաւաքուած հայութիւնը իր խոնարհումի եւ յարգանքի տուրքը մատուցեց «Ամենայն Հայոց երգի Վեհափառ» Կոմիտաս վարդապետին:

Յոբելեանական միջոցառման բացումը կատարեց Վանայ Դաւթեանը, որը հանդէս եկաւ Պարոյր Սեւակի «անլռելի զանգակատուն» պօէմից գեղեցիկ ընթերցանութեամբ: Դաշնակահարուհի Ալիսա Սարգսեանը, հէնց առաջին ակորդներից, յուզեց ներկաներին`նուագելով «գարուն ա» ստեղծագործութիւնը, ապա ջութակահարուհի Գայիանէ Գրիգորեանի հետ հնչեցրին Յովհաննէս Թումանեանի բառերով գրուած եւ Կոմիտաս վարդապետի հեղինակած «կաքաւիկ» ստեղծագործութիւնը:

seattle-4

Երգչուհի Ելենայ Ասլանեանը իր անկրկնելի հմայիչ ձայնով ներկայացրեց «լորիկ», «ալագյազ», «շախկր-շուխկր» ստեղծագործութիւնները:

Երգիչ Ռուբէն Խաչատրեանը ներկայացրեց հայ գութաներգերից ամենայուզիչն ու սիրվածը` «հորովել»ը, ապա երգչուհի Ելենայ Ասլանեանի հետ կատարեցին կոմիտասեան յայտնի «հաբրբան» զուգերգը:

Ելոյթ ունեցաւ նաեւ երգչուհի Կարինէ Ստեփանեանցը, որը կիթառահար Արամ Մկրտչեանի նուագակցութեամբ ներկայացրեց «ճանապարհ» ստեղծագործութիւնը:

Երեկոն շարունակեց «նանոր» երգչախումբը (գէղ. ղեկավար` Վարսեր Սարգսեան), որը ներկաներին փոխանցեց Կոմիտաս Վարդապետի սիրային ամենագեղեցիկ` «սոնա եար» եւ «շողեր ջան» երգերը: Երգչախումբը վարպետօրէն ներկայացրեց նաեւ «էսօր ուրբաթ է պաս է», «ջուր կուգայ վերին սարէն», «զար զընգը, թող զնգայ» եւ «ով Զարմանալի» երգերը։

Ջութակահար Արտյոմ Ծատուրեանը կատարեց հայ ժողովրդի պանդխտութեան ողբերգութիւնն արտացոլող ամենագեղեցիկ երգերից մէկը` «կռունկը» :

seattle-11

Ներկաները մեծագոյն սիրով ունկնդրեցին նաեւ Արմինէ Նաղդյեանի դաշնամուրային կատարումները` «ես աղջիկ եմ», «էրվում եմ», «տուն արի» եւ այլն:

Միջոցառման երկրորդ հատուածում Կոմիտասի կեանքին եւ գործունէութեանը վերաբերող հետաքրքիր բանախօսութեամբ հանդէս եկաւ Սուրբ Յարութիւն եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Վազգէն քհնյ. Պոյաճեանը: Տէր Հայրը ներկայացրեց Կոմիտաս վարդապետի անցած դժուարին ուղին` Էջմիածնի Գեւորգեան ճեմարանից մինչեւ Փարիզի հիւանդանոցներում անցկացրած ողբերգական տարիները: Նա հանգամանօրէն խօսեց վարդապետի թողած ստեղծագործական հարուստ եւ բազմաշերտ ժառանգութեան մասին: Տէր Վազգէնն ընդգծեց, որ Կոմիտասն իր տիտանական աշխատանքով եւ բացառիկ տաղանդի շնորհիւ մեզ մօտեցրել է հայկական երաժշտութեան մաքրամաքուր ակունքներին, գտել խազերի վերծանման բանալին, դարձել հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Տէր հօր վկայակոչմամբ՝ Կոմիտաս վարդապետն իր ապրած կեանքի եւ ստեղծագործութիւնների միջոցով բոլորիս ներկայանում է իբրեւ տիպար մարգարէ, որով ապրում, կրթւում եւ առաջնորդւում է մի ամբողջ ազգ։
Քանդակագործ-գեղանկարիչ Գեղամ Աբրահամեանի հեղինակած Կոմիտասի դիմանկարը գոհունակութեամբ եւ հաճելի անակնկալով զետեղվեց Եկեղեցու խորանին, որտեղից Կոմիտաս վարդապետ իր առինքնող ու խոնարհ հայեացքի ներքոյ հետեւում եւ հովանաւորում էր ամբողջ երեկոն՝ իր տիրական ներկայութեամբ։

seattle-7

Տէր հայրը իր խօսքի վերջաւորութեան երախտիքի խօսք ուղղեց բոլոր կազմակերպիչներին եւ արուեստագէտներին, որոնց բարձրորակ կազմակերպութեան եւ կատարման շնորհիւ Սիաթըլի համայնքը իր խոնարհումն ու յարգանքը մատուցեց ՄԵԾ ՀԱՅԻ՝ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ծննդեան տարեդարձի 150-ամյակի առիթով։
Սիաթըլի Սուրբ Յարութիւն եկեղեցում, յիրաւի, թեւածում էր կոմիտասեան ոգին եւ շունչը. Կոմիտաս վարդապետը «իր ներկայութեամբ» համախմբել էր հայրենիքից կտրուած հայութեան բեկորներին, որոնց համար Կոմիտաս վարդապետի անաղարտ երգն ու երաժշտութիւնը սնուցող ակունք է, որը օգնում է օտար ափերում հայեցի ապրել եւ ապրեցնել մեր սերունդներին:

Յիշարժան երեկոն աւարտուեց Վանայ Դաւթեանի Պարոյր Սեւակի «անլռելի Զանգակատուն» պօէմի գեղեցիկ եւ վարպետօրէն արտասանութեամբ եւ «նանոր» Երգչախմբի Կոմիտասեան «Հայր Մեր»-ի աղօթալից երգեցողութեամբ։

Հարակից Նյութեր

Leave a Comment