Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Լոս Անճելոսի Մէջ Հանդիպեցաւ ՍԴՀԿ-ի Ներկայացուցիչներուն Հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Լոս Անճելոսի Մէջ Հանդիպեցաւ ՍԴՀԿ-ի Ներկայացուցիչներուն Հետ

by MassisPost

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացեալ Նահանգներ։ Աշխատանքային այցը սկսուել է Լոս Անջելես քաղաքում նախատեսուած օրակարգից։

Սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպել է Ամերիկայի Արեւմտեան ափի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան կենտրոնական վարչութեան անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆյեանի գլխաւորութեամբ։

Ողջունելով ՍԴՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինեանը նշել է.«յարգելի պարոն Սարաֆեան, յարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ այսօր այստեղ հանդիպելու ու նաեւ մեր ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Ի հարկէ, այս այցը, որքան էլ փորձում ենք գործնականացնել, աւելի շատ էմոցիոնալ է ստացւում, քան թէ գործնական։ Դա, յամենայն դէպս, վատ չէ, որովհետեւ աւելի լաւ ֆօն է ստեղծում մեր երկրի, ժողովրդի հետ կապուած օրակարգի շատ հարցեր շատ աւելի լաւ մթնոլորտում քննարկելու համար։ Շատ ուրախ եմ, ողջունում եմ ձեզ, եւ յոյս ունեմ, որ յետագայում էլ մեր շփումները, քննարկումները կը լինեն նոյնպիսին»։

sdhp-pashinyan-2

ՍԴՀԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը ՍԴՀԿ կենտրոնական վարչութեան անունից ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ նշել, որ ՍԴՀԿ-ն ողջունում եւ աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ «յարգելի պարոն վարչապետ, ՍԴՀԿ-ն իր աջակցութիւնն է յայտնում Ձեզ եւ Հայաստանի կառավարութեանը՝ հայրենիքում իրականացուող ժողովրդավարական, տնտեսական, իրաւական փոփոխութիւնների գործընթացում։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ եւ վստահ ենք, որ Ձեր առաջնորդութեամբ կը կարողանանք յաջողութեամբ շարունակել մայր Հայաստանի առաջընթացը», – նշել է ՍԴՀԿ կենտրոնական վարչութեան ատենապետը։

Հանդիպմանը քննարկուել են Հայաստանում իրականացուող փոփոխութիւններին, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, մեր երկրում իրականացուող բարեփոխումներին Սփիւռքի ներգրաւմանը, Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման ուղղութեամբ ջանքերի համատեղմանը վերաբերող եւ այլ հարցեր։

sdhp-pashinyan-3

Հայաստանի վարչապետը, անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման միտումներին, նշել է, որ իւրաքանչիւր ամսուայ կտրուածքով տնտեսական աճի ցուցանիշները տարբեր ուղղութիւններով գնալով աւելի լաւատեսական են դառնում, առկայ է լաւ դինամիկա, միջազգային հանրութեան արձագանքը եւս նպաստում է այդ ընթացքին։ «այս փուլում կարեւորում եմ Սփիւռքի հետ հաղորդակցութեան ճիշտ մթնոլորտի կառուցումը, նկատի ունեմ այն, որ Սփիւռքում օտարածնութեան, կոտրուածութեան որեւէ զգացում չպէտք է լինի, Սփիւռքը լիարժէքօրէն պէտք է ներգրաւուած լինի Հայաստանի առաջընթացի գործընթացում։ Այդ իսկ նպատակով իմ արտերկիր այցերի ժամանակ հանդիպումներ եմ ունենում Սփիւռքի հայ համայնքների հնարաւորինս լայն շրջանակների հետ։ Կարծում եմ՝ մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է», – ասել է Նիկոլ Փաշինեանը։

Հարակից Նյութեր

Leave a Comment