Home ՀԱՅԱՍՏԱՆ Իրավիճակը Իրականում Շատ Բարդ է. Ջերմուկի Քաղաքապետ

Իրավիճակը Իրականում Շատ Բարդ է. Ջերմուկի Քաղաքապետ

by MassisPost

Ջերմուկի 13 տարուան քաղաքապետ Վարդան Յովհաննիսեանը աննախադէպ բարդ կը համարէ Ամուլսարի շուրջ ստեղծուած իրավիճակը համայնքի համար։

«Իրավիճակը իրականում բարդ է, շատ բարդ է: Որեւիցէ  մի անգամ Ջերմուկում այսպիսի իրավիճակ չի եղել», – «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է Յովհաննիսեանը:

2016-էն ան կը ղեկավարէ արդէն խոշորացած համայնքը, որու մէջ կը մտնեն նաեւ Ամուլսարի հարեւանութեամբ գտնուող բնակավայրերը։

Համայնքապետը ըսած է, որ պարբերաբար բանակցութիւններու մէջ է Ամուլսար տանող ճանապարհը արդէն մէկ տարի փակ պահող ջերմուկցիներու եւ հանքարդիւնաբերողներու հետ։ Բայց հարցը արդէն իր ուժերէն վեր կը համարէ․ – «Ես երկու քարի արանքում եմ: Խնդիրը սկսել է շատ վատ զարգացումներ ունենալ: Սրանք երդուել են, որ  ճանապարհները չբացել: Հիմա վարչապետը ասել է, էլ չեն կարող չբացել: Խնդիր է առաջանում: Որպէս համայնքի ղեկավար, ես ուզում եմ այս գործընթացն այնպէս անցկացնել, որ հարթ լինի, ցնցումային չլինի: Արդէն Ջերմուկում մարդ չի մնում հիմա, ոստիկաններն են շատանում»:

Համայնքապետի տեղեկութիւններով, յառաջիկային կը սպասուի վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցը Ջերմուկ։ Կառավարութեան ղեկավարը պիտի հանդիպի Ամուլսարի մերձակայ բնակավայրերու բնակիչներուն, որոնք հանրաքուէ կը պահանջեն փակուղի մտած հարցի լուծման համար։

«Քո բնակիչն է, չգիտես ինչ անես», – ըսած է Վարդան Յովհաննիսեանը: – «Ինչ-որ պատկերացում ունես, որ կարող է լաւ լինի, բայց ինքը չի պատկերացնում: Մտածում ես՝ համոզես, կարող է վատ լինել: Մեծ պատասխանատուութիւն է, ես չեմ ուզում մտնել այդ պատասխանատուութեան տակ: Ամէն չնչին ցնցումից այստեղ օգուտ քաղողը չգիտեմ ով կը լինի, բայց Ջերմուկը կը տուժի»:

Համայնքապետը շեշտած է, որ Ջերմուկը սահմանակից չէ, բայց եւ հեռու չէ հանքավայրի նախագիծի տակ առնուած Ամուլսարէն։

Ան ըսած է, որ երաշխիքներ պէտք են, որ զբօսաշրջութիւնը զարգացնելու համար ներդրումներ ըրած մարդոց յոյսերը ապարդիւն չեն մնար․ – «Ճիշդ է, 400 միլիոնի ներդնում չի, բայց մարդն իր չափով ներդրում է արել՝ 5 միլիոն, 10 միլիոն: Մենք այստեղ Hyatt ունէինք, որ հիմա փոխուեց Grand Resort, 25-30 միլիոն տոլարի ներդրում է: Կարծում եմ, որ ինքը եթէ լրիւ ծաւալով տարին կլոր էլ աշխատի, երեւի մի 20 տարում նոր այդ փողը ետ կը բերի»:

Ջերմուկի եւ մերձակայ բնակավայրերու մէջ կտրականապէս դէմ են հանքի շահագործման։

Նշենք, որ «Լիտիան Արմենիա» ընկերութիւնը իր գործունէութեան առաջին տարիներէն մօտ երկու միլիոն տոլարի ընկերային ծրագիրներ իրականացուցած է Ամուլսարի մերձակայ բնակավայրերուն մէջ՝ ճանապարհներ նորոգած է, մանկապարտէզ ու դպրոց կառուցած։

Ջերմուկի համայնքապետ Վարդան Յովհաննիսեանը ըսած է, որ 2016 թուականէն սկսած հանքարդիւնաբերող ընկերութիւնը տարեկան մօտ 160 միլիոն դրամ կը  վճարէ համայնքին՝ հարկերու տեսքով։

Հարակից Նյութեր

Leave a Comment