Home ՀԱՅԱՍՏԱՆ 2018-ի Համեմատ Այս Տարի Անշարժ Գոյքի Գործարքները Աճած են 17,1 Տոկոսով

2018-ի Համեմատ Այս Տարի Անշարժ Գոյքի Գործարքները Աճած են 17,1 Տոկոսով

by MassisPost

2019 թուականի Յուլիսին 2018 թուականի Յուլիսի համեմատ Հայաստանի մէջ անշարժ գոյքի գործարքները աճած են 17,1 տոկոսով, իսկ այս տարուան Յունիսի համեմատ՝ 10,3 տոկոսով: Այդ մասին ֆէյսպուքեան իր էջին մէջ գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Ամենաուրախալին այն է, որ 2019 թուականի Յուլիսին 2018 թուականի Յուլիսի նկատմամբ արտադրական նշանակութեան անշարժ գոյքի գործարքներն աճել են 11,7 տոկոսով, 2019 թուականի Յուլիսին՝ Յունիսի համեմատութեամբ՝ 3,1 տոկոսով: Շատ աւելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցուել է մարզերի եւ ոչ թէ մայրաքաղաք Երեւանի հաշուին: Ի դէպ, նախկինում, երբ անշարժ գոյքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ աշխոյժ են եղել այն օգտատէրերը, որոնք նշում են, թէ մարդիկ տները վաճառում են եւ հեռանում: Յարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գոյքի գները եւ գործարքները ոչ թէ աճում են, այլ նուազում, որովհետեւ վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ, եւ մարդիկ նոյնիսկ մեծ ցանկութիւն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը: Մօտաւորապէս նման իրավիճակ գոյութիւն ունէր մինչեւ 2018 թուականի յեղափոխութիւնը: Հիմա՝ հակառակ գործընթացն է. գնողները շատ են, վաճառողները քիչ», – գրած է վարչապետը։

Փաշինեանը նաեւ ընդգծած է, որ 2019 Յունիսին 2018-ի Յունիսի նկատմամբ կալուածագրաւի վարկերու ծաւալը աճած է 174 տոկոսով, իսկ 2019-ի առաջին կիսամեակին 2018-ի առաջին կիսամեակի նկատմամբ՝ 120 տոկոսով:

«Սա առնուազն վերջին տասնամեակի համար ռեքորտային ցուցանիշ է: Աւելի քան ռեքորտային», – եզրափակած է վարչապետը:

Հարակից Նյութեր

Leave a Comment