Home ՀԱՅԱՍՏԱՆ Սահմանադրական Բարեփոխումներու Նպատակով Պիտի Ձեւաւորուի Յատուկ Խումբ

Սահմանադրական Բարեփոխումներու Նպատակով Պիտի Ձեւաւորուի Յատուկ Խումբ

by MassisPost

Արդարադատութեան նախարար Ռուստամ Բադասեանը ֆէյսպուքյան իր էջին միջոցաւ տեղեկացուցած է սպասուող սահմանադրական բարեփոխումներու մասին։

«Նախօրէին, «Ֆէյսպուքեան ասուլիս»-ի ընթացքում անդրադարձայ նաեւ անցումային արդարադատութեան գործիքներին, եւ ի պատասխան այն հարցի, թէ «ընդդիմութիւնն ասում է, որ Կառավարութեան պատկերացրած վեթինկը չի լինելու» նշեցի.

«Մենք ոչ միայն յստակ գիտենք՝ ինչ ենք ցանկանում, այլեւ ունենք ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակափտածութեան ռազմավարութիւնը եւ գործողութիւնների ծրագիրն արդէն հանրային քննարկումների փուլում են: Այդ Ռազմավարութիւնը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառոյցների եւ քաղաքացիական հասարակութեան կողմից:

Անցումային արդարադատութեան որոշակի տարրերի մասին անդրադարձ կը լինի նաեւ Դատաիրաւական ռազմավարութեան փաստաթղթում, որն առաջիկայում կը հրապարակուի: Մենք պատրաստւում ենք ձեւաւորել նաեւ յատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմաւորել 2020 թուականի փետրուարին: Այսինքն, բոլոր աշխատանքները գտնւում են ընթացիկ փուլում: Ինչ վերաբերում է դատաւորների եւ այլ պաշտօնատար անձանց բարեվարքութեան ստուգման մեխանիզմներին, ապա արդէն պատրաստ է «Դատական օրէնսգիրք» սահմանադրական օրէնքի փոփոխութիւնների փաթեթը, որը ներքին քննարկումների եւ որոշակի շտկումներից յետոյ այս ամսուայ ընթացքում կը դրուի հանրային քննարկման»»,- գրած է նախարարը։

Հարակից Նյութեր

Leave a Comment